Տանձենի Վորոնովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանձենի Վորոնովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Տանձենի
Տեսակ Տանձենի Վորոնովի
Լատիներեն անվանում
Pyrus voronovii
Հատուկ պահպանություն

Տանձենի Վորոնովի (լատին․՝ Pyrus voronovii), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի 8-9 մ բարձրությամբ և 15-30 սմ բնի տրամագծով տերևաթափ, փշոտ, փոքր ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Սաղարթը կլորավուն է, խիտ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրավուն է, ճաքճքված։ Ճյուղերը փշոտ են, մոխրադարչնավուն։ Միամյա ընձյուղները մուգ ծիրանագույն են, փայլուն, ծածկված հատ ու կենտ ոսպնյակներով։ Բողբոջները կարճ են, կոնաձև։ Տերևները շեղանկյունաձև են, միջին մասում առավել լայնությամբ, երկու կողմից էլ սեպաձև սեղմված, երբեմն բլթակավոր կամ էլիպսաձև, 7-7,5 սմ երկարությամբ և 4-4,5 սմ լայնությամբ, անհավասար սղոցաեզր կամ համարյա ամբողջաեզր, կաշվեկերպ, մերկ, վերևի կողմից փայլուն, ներքևից՝ անփայլ։ Վահանները սակավածաղիկ են։ Պտուղները մանր են, կլորավուն, 2,5 սմ երկարությամբ, կանաչ, երբեմն սրածայր, շիկավուն աղվամազով ծածկված։ Որպես հազվագյուտ ծառատեսակ, որը տարածման աննշան արեալ ունի, ենթակա է պահպանության ու տարածման[1]։

Տիպիկ հայկական էնդեմ է, որը հանդիպում է միայն ՀՀ-ի Մեղրիի շրջանի Տաշտուն գյուղի մոտ, անտառի եզրին (միջին լեռնային գոտի)[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8-9 (15) մ բարձրությամբ, գնդաձև սաղարթով փշոտ ծառ է։ 7-7,5 սմ երկարությամբ, 4-4,5 սմ բարձրությամբ կաշենման, մերկ, մանր աղեղնաեզր, երբեմն համարյա ամբողջաեզր, երկու ծայրերում միանման նեղացած տերևները վերևից կտրուկ դուրս ցցված են և սուր անկյան տակ հեռացող ջղերով։ 2,5 սմ երկարությամբ, 3 սմ լայնությամբ պտուղները տափակացած գնդաձև են, կանաչ, կարմրաթուշ, իսկ կոթերը ունեն 2 սմ երկարություն[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Զանգեզուրի (Գեղի գետի կիրճ, Աջաբաջ և Վաչագան գյուղեր) և Մեղրու (Արևիկ, Լիճք, Ջինդարա, Մուլք) ֆլորիստիկական շրջաններում[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1400-2000 մ բարձրությունների վրա, լայնատերև անտառների եզրերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-սեպտեմբերին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (342)։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձենի Վորոնովի» հոդվածին։