Վիլհելմ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլհելմ Ավագյան
Ծնվել է1920

Վիլհելմ Շամիրի Ավագյան (ծնվ.՝ 1920, Նորաշեն, Հայկական ԽՍՀ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականին։ 1939 թվականին ավարտել է Բերդի միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ Ութ օր ուսանողական նստարանին նստելուց հետո, 1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ 1939 թվականից մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը ծառայել է Արևմտյան Բելառուսում, Բալոստոկ քաղաքի մոտ գտնվող Վոսիլկովո բնակավայրում տեղավորված 243-րդ գնդում որպես հրետանավոր[1]։ Պատերազմի սկսվելու երկրորդ օրը Վիլեյսկայա մարզի (Արևմտյան Բելառուս) Գոլշանի ավանից ետ նահանջելուց հետո, 1941 թվականի աշնանից մինչև պատերազմի վերջը եղել է Արևմտյան, իսկ հետո 3-րդ բելառուսական ռազմաճակատի շտաբների պաշտպանության 6-րդ առանձին գումարտակի կազմում եղած հրետանային հաշվարկում։ 1941 թվականի սեպտեմբերից մինչև 1942 թվականի ապրիլը Վիլհելմ Ավագյանը մասնակցել է Մոսկվայի պաշտպանության համար ծավալված մարտերին, որից հետո մարտկոցի կազմում անցել է իր նախկին պարտականությունների կատարմանը[1]։

1944-1945 թվականներին 3-րդ բելառուսական զորքերի կազմում Վիլհելմ Ավագյանը մասնակցել է Բելառուսի, Լիտվայի, Արևմտյան Պրուսիայի ազատագրման համար մղված մարտերին։ 1944 թվականին անցել է ԽՄԿԿ շարքերը որպես թեկնածու, իսկ 1946 թվականին՝ անդամ։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Մոսկվայի պաշտպանության համար, 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակաի համար, Քյոնիգսբերգի ազատագրության համար, Մարտական ծառայության համար և մի շարք հոբելյանական մեդալներով[1]։

1946 թվականի մայիսին զորացրվել է։ 1946-1950 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը և անցել մանկավարժական աշխատանքի Մարտունու շրջանում[1]։

1953 թվականին կրկին զորակոչվել է բանակ և ծառայել մինչև 1955 թվականի որպես սակրավորների վաշտի քաղղեկ, լեյտենանտի զինվորական կոչումով։ Հետագայում զորացրվել և աշխատանքի է անցել Հրազդանի շրջանի դպրոցներում։ 1958 թվականից աշխատում է Նորաշենի Փաշո Ավագյանի անգան միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ 1962 թվականից մինչև 1968 թվականը սովորել և ավարտել է Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]