Սպազմոֆիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպազմոֆիլիա (սպազմ և Φιλέω — սեր, հակում), մանկական տետանիա, վաղ մանկական տարիքի երեխաների հիվանդություն, որը պայմանավորված է օրգանիզմում կալցիումի փոխանակության խանգարմամբ և բնորոշվում է նյարդային համակարգի գրգռողականության բարձրացմամբ ու ջղաձգություններ առաջացնելու հակումով։ Պատճառը վիտամին D-ի անբավարարությունն է և հարվահանագեղձերի գործունեության խանգարումը։ Հիվանդանում են մինչև 2 տարեկան երեխաները։ Տարբերում են սպազմոֆիլիաի ակնհայտ և գաղտնի ձևեր։ Ակնհայտ ձևի դեպքում կարող են առաջանալ կոկորդի կարկամում (խորը շնչառման, լացի և հազի ժամանակ), վերջույթների մկանների (հատկապես դաստակի և ոտի), կրծքավանդակի շնչառական մկանների և բրոնխների հարթ մկանների (ուղեկցվում է շնչահեղձությամբ), սրտամկանի կծկումներ (որը կարող է մահվան հանգեցնել), ընդհանուր ջղաձգություններ, որոնք ուղեկցվում են վերջույթների ձգվածությամբ, գիտակցության կորուստով և այլն։ Նոպաները հաճախ կրկնվում են։ Գաղտնի ձևի դեպքում ջղաձգություններն ինքնաբերաբար չեն առաջանում, մկանների գալվանական և մեխանիկական գրգռողականությունը հայտնաբերվում է հետազոտության հատուկ մեթոդներով։ ժամանակին բուժելիս ելքը բարենպաստ է։ Բուժումը հակաջղաձգումային դեղամիջոցներ, ռախիտի բուժում, մեծ դեղաչափերով կալցիումի ներմուծում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 49