Սուրեն Արշակունի
Սուրեն Արշակունի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1901[1] |
Ծննդավայր | Մանգլիս[1] |
Մահացել է | մարտի 3, 1939 (37 տարեկան) |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Դալստրոյ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Սուրեն Անդրեասի Արշակունի (հունիսի 27, 1901[1], Մանգլիս[1] - մարտի 3, 1939), հայ խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1917)։
Ծնվել է Վրաստանի Մանգլիս գյուղաքաղաքում, քահանայի ընտանիքում։ Կիսատ է թողել է Թիֆլիսի գիմնազիայում ուսումը և մտել Ներսիսյան դպրոց։
Մասնակցել է աշակերտական ընդհատակյա մարքսիստական խմբակներին։ Ներգրավվելով այդ աշխատանքներին՝ մի քանի այլ աշակերտների հետ, Թիֆլիսում հիմնում է երիտասարդական «Սպարտակ» միությունը, որը հետագայում ձևավորվում է որպես կոմերիտական կազմակերպություն։
Միաժամանակ նա ակտիվորեն մասնակցում է Կովկասյան ընդհանուր աշակերտական միության հայկական բաժանմունքի ստեղծմանը և նրա տպագիր օրգան «Նոր-սերունդ»-ին։ Մինչև Անդրկովկասում խորհրդային կարգեր հաստատվելը Սուրեն Արշակունին Կովկասյան երկրային կոմիտեի հանձնարարությամբ ընդհատակյա կազմակերպական-քարոզչական աշխատանքներ է տանում Թիֆլիսում, Բաթումում, Մանգլիսում, Ալեքսանդրապոլում։
1918 թվականի սկզբներին տեղափովում է Ալեքսանդրապոլ և ծառայության մտնում զորամասերից մեկում։ Ապա, 1918 թվականի վերջերին նա կրկին մեկնում է Վրաստանի տարբեր գավառներ՝ ընդհատակյա աշխատանքի։ 1919 թվականին, իբրև հմուտ ֆավադիր, նշանակվում է ՌԿ(բ)Կ Երկրային կոմիտեին կից տպագրական գործի կազմակերպիչ։
1920 թվականին Թիֆլիսում մենշևիկների իշխանության դեմ տեղի ունեցած մայիսմեկյան ցույցի մի խումբ ակտիվ կազմակերպիչների հետ ևս բանտ է նետվում։ Ազատվելով բանտից, Արշակունին, որպես կոմունիստական երիտասարդական միության կազմակերպիչ, մեկնում է Հայաստան, սակայն ճանապարհին կրկին ձերբակալվում է և բանտարկվում Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։
1920 թվականի նոյեմբերին ազատվում է բանտից։ 1921 թվականի կեսերին Արշակունին պատասխանատու աշխատանքի է անցնում պետական անվտանգության օրգաններում՝ նշանակվելով Ալեքսանդրապոլի արտակարգ հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 1925 թվականին տեղափոխվում է Երևան և աշխատանքի անցնում Հայաստանի արտակարգ հանձնաժողովում։ Հետագա տարիներին Արշակունին՝ դարձյալ պետական անվտանգության մարմիններում, աշխատում է Հեռավոր Արևելքում և Մոսկվայում[2]։
1936-1937 թվականներին աշխատել է արտասահմանում։ 1939 թվականին 38 տարեկանում, բռնադատվել է, զոհվել։ Հետագայում, 1956 թվականին արդարացվել է[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 18-19։
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 30-31։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գուրգեն Ոսկանյան, Հուշեր Ս. Արշակունու մասին։ Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 20-21։
- Մ. Ղազարյան, Դժվարին ուղիներում, Ե., 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 106)։ |