Սուրբ Նշան եկեղեցի (Ախալցխա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրբ Նշան կամ Սուրբ Վարդանանց, եկեղեցի Վրաստանի հայաբնակ Ախալցխա քաղաքում (վրաց.՝ ახალციხე, թարգմանաբար՝ նոր ամրոց, հին անունները՝ «ლომსია» - "Լոմսիա" և "Խիսկա") Փոցխով գետի ափին (Կուր գետի վտակ)։ Ախալցխայում հայերը բնակվել են միջնադարից սկսած։ Հայությունը ակտիվ սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային գործունեություն է ծավալել 19-րդ դարի կեսերից մինչև 1917 թվականը, որը պայմանավորված էր 1829-1830 թթ․ կարնեցիների ներգաղթով։ Ախալցխան դառնում է Անդրկովկասի հայ մշակութային և արհեստավորական զարգացած կենտրոններից մեկը։ Մինչև 1917 թվականը քաղաքն ուներ ինը հայկական եկեղեցի, որից կանգուն են երեքը, գործում է միայն Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ախալցխա քաղաքի հարավային Մարդա թաղամասում, որտեղ 1829-1830 թթ․ ներգաղթի հետևանքով հաստատվել էր 300 հայ ընտանիք։ Եկեղեցին կառուցվել է ժայռոտ բլրի վրա, որն իշխող դիրք ունի քաղաքի նկատմամբ։ Հիշատակություն կա, որ եկեղեցին անվանել են կարինցիները ի հիշատակ Կարինում գտնվող Ս․ Նշան սրբավայրի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու վերաբերյալ առաջին հիշատակությունը վերաբերում է 16-րդ դարին[1]։ Տեսակետ կա, որ այն կառուցվել է նախինում եղած եկեղեցու ավերակների վրա։ Սակայն մեկ այլ տեսակետի՝ այն կառուցվել է 1828-1829 թթ․ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում զոհվածների գերեզմանատան տարածքում[2]։ Թեև քաղաքում արդեն կար Սուրբ Փրկիչ կամ Ամենափրկիչ եկեղեցին, սակայն այն գտնվում էր Մարդայից բավականին հեռու։ Եկեղեցին կառուցելու թույլտվությունը հայերը ստացել են 1861 թվականին։ Արդեն 1862 թվականի մարտի 5-ին սկսվել է շինարարությունը, որը տևել է երկու տարի։ 1864 թվականի փետրվարի 27-ին Բարեկենդանի հինգշաբթի օրը կատարվեց օծման արարողությունը[3]։ Ֆինանսական միջոցները հատկացրել է քաղաքի բնակիչ, մահտեսի Վարդան Վարդանյանցը։ Կառուցման վերաբերյալ եկեղեցու արևելյան պատին մեծահարուստ-բարերարը թողել է 9 տողանի արձանագրություն, որտեղ եկեղեցին հիշատակվում է Սուրբ Վարդանանց։ Հարավային մուտքի վերնամասում մարմարյա քարի վրա ևս պահպանվել է վեց տողանի գեղագիր արձանագրություն, որտեղ ևս եկեղեցին հիշատակվում է Սուրբ Վարդանանց։ Եկեղեցու եկամուտը տրամադրվելու էր ուսումնարանի աղքատ աշակերտներին։ Եկեղեցին գործել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը, որից հետ այն փակվել է, իսկ 20-րդ դարի 70-ական թվականներին վրացական իշպանությունների կողմից այն դարձել է ազգագրական թանգարանի։ 1989 թվականին հայության կողմից այստեղ կազմակերպել է 1915 թվականի հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն, որը վերածվեց հայ-վրացական կրոնական կոնֆլիկտի։ Երկար բանավեճերի արդյունքում այն մնաց երկու ժողովուրդների համար որպես սրբավայր[4]։ Առ այսօր չի վերադարձվել Վիրահայոց թեմին։

Ճարատարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս․ Նշանը կառուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նմանությամբ։ Այն սրբատաշ քարով, արտաքուստ ուղղանկյուն հատակագծով եռանավ կառույց է, վեղարը՝ սրածայր։ Վեցանիստ թմբուկը ներքուստ պահում է երկու զույգ սյուների թաղակապ կամարները։ Արևմուտքից կից է զանգակատունը։ Ունի երեք մուտք՝ հարավից, արևմուտքից և հյուսիսից։

Քահանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականի հաստատվել են եկեղեցու հոգևորականները՝ Հովհաննես ավագ քահանա Առվանյանցը, Աբրահամ քահանա Ղազազյանցը, Երեմիա քահանա Տեր-Անտոնյանցը։ Հետագայում հիշատակվում է Հովհաննես ավագ քահանա Տեր-Մարգարյանցը։ 1879 թվականին բարերար Վարդան Վարդանյանցի առաջարկությամբ Ամենայն հայոց Գևորգ Դ կաթողիկոսը եկեղեցու քահանա է ձեռնադրում Տիգրան սարկավագ Սիսակյանցին։1896 թվականին հայերը խնդրանքով դիմում են Ախալցխայի հոգևոր կառավարությանը քահանա ձեռնադրել Մինաս Ազնավուրյանցին։ 1904 թվականին եկեղեցու քահանաներ հիշատակվում են Մինաս Ազնավուրյանցը և Գևորգ Սիսակյանցը։ 1924 թվականին եկեղեցին ուներ 350 ծուխ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարապետյան, Սամվել (2008). Ախալցխա. Երևան: Հայկական ճարտարապետության ուսումնասիրություն ՀԿ. էջ 129.
  2. Արմեն, Ասատրյան (2018, Ա, 136-147). «Ախալցխայի հայոց սուրբ Վարդանանց եկեղեցին». Էջմիածին.
  3. Արմեն, Ասատրյան (2018, Ա, 140). «Ախալցխայի հայոց Սուրբ Վարդանանց եկեղեցին». Էջմիածին.
  4. Սուսաննա, Ադամյան (2017, 1, 7-17). «Ախալցխայի նորահայտ արձանագրությունները». Տարեգիրք, պատմություն և հասարակագիտություն.