Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի (Ծիրա գյուղ)
Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Սամցխե-Ջավախեթի մարզ, Ախալցխայի շրջան և Ծիրա |
Սբ. Գևորգ (Սբ. Հրեշտակապետաց) եկեղեց հայկական եկեղեցի, որը գտնվել է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանի Ծիրա գյուղում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Գևորգ կամ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու շինարարությունը սկսվել է 1860 թվականին։ 1860 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերից մեկում նշված է. «նորոգ շինեալ» Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի[1]։ Եկեղեցին 1863 թվականին հիշատակվում է որպես փայտաշեն կառույց[2]։
1906[3] և[4] թվականներին՝ երեցփոխի ընտրության կապակցությամբ արխիվային վավերագրերում նշվում է եկեղեցու անվանափոխության մասին։
2007 թվականի փետրվարի 14-ին գյուղի հասարակության միջոցներով տեղի է ունեցել վերանորոգված եկեղեցու բացումը։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին երկթեք ծածկի տակ առնված սրբատաշ քարով, կրաշաղախով կառուցված ուղղանկյուն հատակագծով շինություն է։ Եկեղեցու արևելյան ճակատում խորանը դուրս է շինության հիմնական ծավալներից և շեշտված է կիսաբոլորակ ելուստով։ Կառույցի միակ մուտքը բացված է հարավային ճակատից, այն լուսավորվում է 9 լուսամուտների միջոցով (2-ական` հյուսիսային, արևմտյան և հարավային, 3-ը` արևելյան ճակատներից)։ Արևմտյան ճակատային գագաթին եղել է փոքրիկ զանգակատուն, որը չի պահպանվել։ Եկեղեցու արտաքին չափերն են` 13,21 x 8,90 մ։
1876 թվականին թվականին քահանան եղել է Մկրտիչ Տեր-Սարգսյանցը[5]։
Իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականին նորընտիր երեցփոխի տնօրինությանը հանձնվել է եկեղեցու ունեցվածքի 47 անուն իրեր՝ գրքեր, անոթներ, սպասք, խաչեր։ Այդ իրերի շարքում եղել 1786 թվականին Ս. Պետերբուրգում հրատարակված պատկերազարդ Ավետարանը[6]։
Հիմնանորոգում և վերաօծում[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներից սկսվել է եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 2007 թվականի գարնանից Սուրբ Գևորգ (Սբ Հրեշտակապետաց) եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները իրականացվել են Ղազախստանում բնակվող գործարար Ալեքսանդր Մաթևոսյանի նյութական օժանդակությամբ։
2010 թվականի ապրիլի 8-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սուրբ Գևորգ (Սբ Հրեշտակապետաց) եկեղեցու վերաօծման արարողությունը, որից հետո եկեղեցում մատուցվել պատարագը[7]։