Սնիչները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սնիչները
անգլ.՝ The Sneetches
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ և երգիծանք
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԹեոդոր Սուս Գեյսել
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել էհուլիս 1953

«Սնիչները» (անգլ.՝ «The Sneetches»), ամերիկացի հայտնի մանկագիր Դոկտոր Սյուզի չափածո հեքիաթը, որը տպագրվել է նախ Redbook ամսագրում, իսկ հետո «The Sneetches and Other Stories» ժողովածուում։ Այս պատմությունը, ըստ հեղինակի մտահղացման, երգիծանք է ռասաների և մշակույթների միջև դրսևորվող խտրականության վերաբերյալ, ինչպես նաև արտահայտում է Դոկտոր Սյուզի հայացքներն ընդդեմ հակասեմիտիզմի[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափածո հեքիաթը պատմում է թռչունների նմանվող դեղին էակների՝ սնիչների մասին (անգլ.՝ Sneetches)։ Նրանցից ոմանք աստղեր ունեն որովայնի վրա, մյուսները չունեն։ Կրծքին աստղեր ունեցող սնիչներն իրենց համարում են յուրօրինակ վերնադաս և ամեն կերպ նվաստացնում են նրանց, որոնք աստղեր չեն ունեցել։ Մի օր նրանց մոտ է գնում գործարար Սիլվեստր Մաքմանկի Մակբինը և առանց աստղերի սնիչներին առաջարկում է ստանալ դրանք իր Աստղային մեքենայի օգնությամբ (անգլ.՝ Star-On machine)՝ վճարելով երեք դոլար։ Երբ նախկինում խտրականության ենթարկված Սնիչներն աստղեր են ստանում, «էլիտան» սկսում է վրդովվել՝ վախենալով կորցնել իր գերազանց կարգավիճակը։ Բայց խորամանկ գործարարը այստեղ էլ ելք է գտնում. համոզելով նրանց, որ աստղերն այլևս նորաձև չեն, Մաքբինը նրանց տեղեկացնում է Անաստղ մեքենայի մասին (անգլ.՝ Star-Off machine), որի օգտագործման համար յուրաքանչյուր ոք պետք է վճարի տասը դոլար։ «Էլիտայի» ներկայացուցիչներն ուրախությամբ տալիս են նրան այդ գումարը և ջնջում իրենց աստղերը։ Վերջերս իրենց աստղերն ստացած սնիչները որոշում են հետ չմնալ և ջնջում են այդ տարբերակող նշանը։ Մակբինը, որը չի կիսում սնիչների նախապաշարմունքները, թույլ է տալիս նրանց դա անել։ Ի վերջո, սկսվում է ամբողջական խառնաշփոթ. սնիչները վազում են մի մեքենայից մյուսը, մինչև վերջապես իրենք էլ չեն հասկանում, թե իրենցից ով նախկինում աստղ ուներ։ Վազքը դադարում է, երբ սնիչները մնում են առանց փողի։ Հարստացած Մակբինն իր հետ վերցնում է մեքենաները և հեռանում՝ ծիծաղելով սնիչների վրա և ասելով, թե «Սնիչին չես սովորեցնի» (անգլ.՝ «you can’t teach a Sneetch»)։ Սակայն, ի հեճուկս նրա խոսքերի, սնիչներն այդ դեպքից հետո հասկանում են, որ աստղի առկայությունը կամ բացակայությունը ոչ մի նշանակություն չունի, և իրար հետ խաղաղություն են կնքում։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականին Դոկտոր Սյուզի ժողովածուն, որը ներառում էր նաև տվյալ հեքիաթը, ՆԱՏՕ-ն թարգմանել է սերբոխորվաթերեն։ Ըստ կազմակերպության ծրագրի՝ Բոսնիա և Հերցեգովինայի երեխաների համար պետք է տպագրվեր 500 000 օրինակ՝ որպես հանդուրժողականության դաստիարակությանն ուղղված արշավի մաս[2]։
  • Սայմոն Սինեկն իր «Սկսիր ինչուից։ Ինչպես են ականավոր առաջնորդները ոգեշնչում գործել» գրքում հեքիաթը ներկայացնում է որպես օրինակ այն փաստի, որ մարդությունն ունի պատկանելության կարիք[3]
  • «Հարավային պարկի» «Ապարանջան ծափահարությունների համար» դրվագում ապարանջաններ արտադրող գործարանը և դրա սեփականատերը այս գրքի ծաղրանմանակումն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Man Who Was Dr Seuss: The Life and Work of Theodor Geisel - Thomas Fensch - Google Книги(չաշխատող հղում)
  2. «Agency of NATO and United Nations to Distribute Dr. Seuss Stories to Foster Racial Tolerance in War-Torn Bosnia. - Free Online Library». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  3. Начни с «Почему?». Как выдающиеся лидеры вдохновляют действовать - Саймон Синек - Google Книги