Սիրամարգերով բնապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրամարգերով բնապատկեր
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1892
բարձրություն115 սանտիմետր
լայնություն86 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
սեփականատերԻվան Մորոզով
կայք
Ծանոթագրություններ

«Սիրամարգերով բնապատկեր» («Մահ», թահիթ. Matamoe, ֆր.՝ Le paysage aux paons (La mort)), ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի կտավը՝ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանից։

Նկարում ձախից պատկերված են բարձր ծառեր, որոնք վերածվում են համատարած կանաչ պատի։ Ավելի աջ՝ կենտրոնում՝ միջին պլանում, գտնվում է խրճիթը, որի մոտ նկատելի են երկու կանացի կերպարանք։ Խրճիթի դիմաց վառված է խարույկ, որից աջ և հանդիսատեսին ավելի մոտ երևում է կացնով տղամարդը, որը փայտ է կոտորում։ Խրճիթից այն կողմ երևում է դեպի վեր բարձրացող լեռնալանջը։ Առջևի պլանում՝ կենտրոնից ավելի ձախ, երկու սիրամարգներ են։ Ներքևում աջից նկարի անվանումն է տահիտերեն, նաև նկարիչի ստորագրությունը և ամսաթիվը՝ MATAMOE P. Gauguin. 92։

Ինչպես կարելի է ենթադրել հեղինակային ստորագրությունից, նկարը վրձնվել է Տահիտիում 1892 թվականին։ Նկարի ստեղծման պահին Գոգենը արդեն հեռացել էր Պապեետեից և բնակություն էր հաստատել Մատայեա գյուղում՝ կղզու հարավային մասում։ Իր «Նոա Նոա» գրքում Գոգենը նկարագրել է տեսարանը, որը նախատիպ է ծառայել կտավի համար․

«Մի կողմից ծովն է, մյուսից՝ մեկ այլ լեռ <…> մի քանի խոշոր մանգոյի ծառ։ Լեռան և ծովի արանքում իմ հյուղակն է բուրաո ծառից <…> Գրեթե մերկ տղամարդ, նրա կողքին՝ չորացած կոկոսյան արմավենի՝ նման խոշոր թութակի՝ ոսկեզօծ պոչով <…> Տղամարդը նրբաճաշակ ու ճկուն շարժումով երկու ձեռքով բարձրացնում է ծանր կացինը, որը վերևում թողնում է իր կապույտ փայլը երկնքի արծաթափայլ ֆոնին, ներքևում՝ իր նշանը մեռած ծառի վրա, որի վրա մի ակնթարթ կրկին կենդանանում է կրակի մեջ կուտակված անցած դարերի շոգը» [1]։

Նկարի անվան տահիտերեն թարգմանությունը՝ «Matamoe», երկար ժամանակ տարաձայնություններ է առաջացրել, քանի որ, օրինակ եղել են փորձեր թարգմանել այն որպես «Նախկին ժամանակներում», «Երբեք», «Ճամփորդներ», «Օտարներ»։ Գոգենը այս բառը գործածել է նաև իր մեկ այլ նկարի վերնագրում՝ «Arii matamoe» («Թագավորի մահը»), որում պատկերված է տահիտեցու կտրված գլուխ[2]։ Այս նկարը գտնվում է Փոլ Գեթիի թանգարանում[3]։ Ինքը՝ Գոգենը, այդ բառը 1893 թվականի Դյուրան Ռյուելի մոտ վաճառքի կատալոգում թարգմանել է ֆրանսերեն որպես «La Mort (Մահ)» [4]։

«Նոա Նոա»-ում Գոգենը նաև նկարագրել է մի դրվագ, որը լույս է սփռում նկարի անվանման վրա․ նա իր ընկեր Իոտեֆոյի հետ գնացել էր սար վարդագույն ծառի հետևից, որը պետք էր Գոգենին քանդակ ստեղծելու համար։ Գոգենը հետևյալ բառերով է փոխանցել ծառը կտրելու պահի իր զգացմունքները․

«Ես կտրում էի, ես ձեռքերս էի շաղախում նրա հյութերի արյան մեջ երանելի զայրույթի մեջ՝ լարված սպասումով հագեցնելով ինձ համակած ինչ-որ սրբազան դաժանություն։ Ծառին չէի հասցնում ես հարվածները, նրան չէի ձգտում ես գետին գցել <…>։ Այո, հին քաղաքակիրթ մարդը այսուհետև իսկապես ոչնչացված է, մեռել է։ Ես վերածնվում էի, ավելի ճիշտ՝ իմ մեջ կրկին առաջանում էր ուժեղ և մաքուր մարդը։ Այս դաժանության նոպան քաղաքակրթությանը, չարին վերջին հրաժեշտի խոսքն էր։ Անկումային քաղաքակրթության առաջացրած բոլոր հոգիների հատակին նիրհած այլասերվածությունը հանկարծ ճեղքվեց և իր զզվանքով հազիվ խավարեց լույսի պայծառ մաքրությունը, որով ես շնչում էի < ... > իմ ներքին ապրումները հասունության փորձություն էին։ Հիմա ես դարձա ուրիշ մարդ՝ վայրենի, մաորացի։ <…> Եվ ամեն մի հարվածով կտրիչի այս կտոր ծառի վրա ես ավելի ու ավելի խորն եմ շնչում հաղթանակի բույրը և թարմացումը»[5]։

։

Այս հիմնավորմամբ Մ․Ա․ Բեսոնովան առաջարկում է «նկարը դիտարկել որպես խորհրդանշական կտավ, որը պատմում է եվրոպական գիտակցության կործանման և օվկիանոսում կորած կղզիներում նոր մարդու ծննդյան մասին»[6]։

Գոյություն ունի Գոգենի նույն սյուժեով ավելի վաղ կտավ՝ «Կացնով տահիտեցին» (1891 թվական, մասնավոր հավաքածու), կացնով տղամարդու կերպարը լրիվ նույնական է Պուշկինի թանգարանում գնվող նկարի հետ[7]։ Գոգենի ստեղծագործությունը ուսումնասիրող շվեդ Բ․ Դանիելսոնը կարծում է, որ նկարի համար որպես մոդել է ծառայել դպրոցի տուզեմցի հավաքարարը, որը Պապետտեից 21 կմ հեռավորության վրա գտնվող Պաեա գյուղից էր, որտեղ Գոգենը հյուրընկալվել էր տեղի դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ Գաստոն Պիային[8]։

1893 թվականին Գոգենը նկարն ուղարկել է Պոլ Դյուրան Ռուե պատկերասրահ։ 1895 թվականի փետրվարի 18-ին նկարը ցուցադրվել է Գոգենի նկարների վաճառքում՝ փարիզի «Օտել Դուրո» աճուրդի տանը, որից ստացված հասույթը գնացել է նրա՝ Տահիտի նոր ճամփորդության ֆինանսավորման վրա, որտեղ էլ այն 480 ֆրանկով գնել է Ա․ Սեգան։ 1906 թվականից նկարը գտնվել է Ամբրուազ Վոլարի պատկերասրահում և 1907 թվականի մայիսի 4-ին այն մեկ ուրիշ կտավի՝ «Զրույց»-ի հետ 15000 ֆրանկով ձեռք է բերել մոսկովյան արդյունաբերող և հավաքորդ Ի․Ա․ Մորոզովը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնացվել է և 1923 թվականից նկարը գտնվել է Նոր արևմտյան արվեստի թանգարանում։ 1948 թվականին հանձնվել է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան[6] (Գոգենի նկարների կատալոգում, որը կազմել էր Վիլդենշտեյնը, սխալմամբ նշվում է, որ նկարը գտնվում է էրմիտաժում[9])։ Նկարը ցուցադրվում է Գոլիցինների առանձնատան նախկին կցաշենքում՝ 19-20-րդ դարերի Եվրոպայի և Ամերիկայի երկրների արվեստի պատկերասրահում, 17-րդ սրահում (Գոգենի սրահ)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]