Սարհատ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարհատ Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1981(1981-09-27) (42 տարեկան)
ԾննդավայրՍալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Մասնագիտությունճարտարապետ, քաղաքաշինարար և հետազոտող

Սարհատ Պետրոսյան (սեպտեմբերի 27, 1981(1981-09-27), Սալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան), ճարտարապետ, քաղաքաշինարար, հետազոտող, 2018 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի հոկտեմբեր՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է իրանահայ բժիշկ Վազրիկ Պետրոսյանի և լրագրող Ռուբինա Ղազարյանի ընտանիքում։ 9 տարեկանում ընտանիքի հետ Իրանից տեղափոխվել է Հայաստան։ 2010 թվականին ամուսնացել է Արևիկ Մանուկյանի հետ (մասնագիտությամբ՝ սոցիոլոգ, անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի դուստրը)[2]։ Ունի երկու դուստր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2003 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում և ստացել ճարտարապետի (մագիստրոսի որակավորում)։ Գիտական-հետազոտական աշխատանքը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ «Շուշիի քաղաքաշինական զարգացման և ռեաբիլիտացիայի խնդիրները» թեմայով 2006 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004- 2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանում՝ 2014թ. ստանալով դոցենտի գիտական կոչում։ 2011 թվականին վերապատրաստվել է Կանզասի (ԱՄՆ) համալսարանի Ճարտարապետության, քաղաքաշինության և դիզայնի դպրոցում, իսկ 2015 թվականին՝ Ժնևի համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության պահպանության միջազգային իրավունքի ամբիոնում[3]։

Աշխատանքային և պաշտոնեական փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2018 թվականներին հիմնադրել և ղեկավարել է ՍՊ2 նախագծային գրասենյակը։

2007 թվականին աշխատել է «Հայնախագիծ» ինստիտուտի քաղաքաշինական արվեստանոցում։ 2007-2018 թվականներին միջազգային ու տեղական տարբեր ծրագրերում, այդ թվում՝ ՀԲ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, Գեթթի հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ կառավարության տարբեր գերատեսչություններում, եղել է քաղաքային պլանավորման և զարգացման փորձագետ։ 2008-2011 թվականներին աշխատել է «Պողոսյան պարտեզներ» կազմակերպությունում որպես տնօրեն։ 2012-2018 թթ. հիմնադրել և ղեկավարել է «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը։ 2015-2017 թվականներին ղեկավարել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Պատմական քաղաքներում համայնքի քաղաքային ռազմավարություններ (COMUS)» համատեղ ծրագիրը[4]։

ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշումով նշանակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար (2019 թ. հուլիսի 27-ից՝ Կադաստրի կոմիտե)։

Գիտական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներից հանդես է եկել Երևանում պատմական հուշարձանները քանդելու կամ ապամոնտաժելու ծրագրերի դեմ։ 2005 թվականին ընկերների հետ հաջողել է խոչընդոտել Երևանի Աբովյան փողոցում գտնվող և 19-րդ դար թվագրվող շենքը քանդելուն (ներկայիս «Ալեքսանդր» հյուրանոցի շենքի մի մասը), 2010 թվականին՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելուն[5], իսկ 2012 թվականին՝ Կառավարական շենքի գմբեթը կառուցելուն[6]։ Հանդես է եկել քաղաքաշինության և պատմական միջավայրերի պահպանության քաղաքականության վերաբերյալ առաջարկություններով[7]։ Պետրոսյանի ղեկավարած հետազոտության շրջանակում բացահայտվել է տեղական օրենքի և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության կոնվենցիայի հակասությունը, ինչի արդյունքում 2014 թվականին փոփոխվել է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրերի մասին ՀՀ օրենքը։

2016 թվականին Վենետիկի ճարտարապետական բիենալեում համադրել է Հայաստանի ազգային տաղավարը[8] ։

Մասնակցել է ավելի քան 40 գիտաժողովների և դասընթացների, հեղինակել կամ համահեղինակել է Հայաստանում և արտերկրում հրատարակված 18 աշխատություն[9] ։ 2017 թվականին Park Books-ը հրատարակել է Սարհատ Պետրոսյանի և Կատարինա Ռոթերսի «Ուտոպիա և փլուզում. վերանայելով Մեծամորը՝ հայկական ատոմային քաղաքը»[10]։

ՀՀ ճարտարապետների պալատի , «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի խորհուրդների, ինչպես նաև ՀՀ Նախագահի մրցանակի արվեստի հանձնախմբի անդամ է։ 2018 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է ներկայացրել». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. editor (2018 թ․ հոկտեմբերի 22). «Արևիկ Մանուկյան և Սարհատ Պետրոսյան. «Քաղաքային կյանքն իր կանոններն ունի»». Medium (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)(չաշխատող հղում)
  3. «Sarhat Petrosyan - Academia.edu». independent.academia.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. «Community-Led Urban Strategies in Historic Towns». Community-led Urban Strategies in Historic Towns (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «ՀԱՎԱՔՎԵԼ Է 23 000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ». ՀԱՎԱՔՎԵԼ Է 23 000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. ««Սա հերթական բուդկա չի, սա մայրաքաղաքի գլխավոր շենքն է»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը 2». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. «Մեր մասին». www.independentlandscape.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. «Sarhat Petrosyan - Academia.edu». independent.academia.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. Utopia and Collapse.