Սարգիս Չիլինկիրյան
Ծնվել է | 25 հունվարի, 1884/1885 |
---|---|
Ծննդավայր | Բանդրմա (Պանտերմա) |
Մահացել է | 1916 |
Մահվան վայր | Գոշհիսար |
Ազգություն | հայ |
Դավանանք | առաքելական |
Կրթություն | Բյութանիայի բարձրագույն վարժարան, Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Սարգիս Չիլինկիրյան (25 հունվարի, 1884/1885, Բանդրմա (Պանտերմա)- 1916, Գոշհիսար), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1884/1885 թվականի հունվարի 25-ին, Մարմարա ծովի ասիական ափի Բանդրմա (Պանտերմա) քաղաքում՝ հայ առաքելական ընտանիքում։ 1899 թվականին ավարտել է ծննդավայրի թաղային վարժարանը։ 1899-1902 թվականներին սովորել է ամերիկացի միսիոներների Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Պարտիզակ ավանի Բյութանիայի բարձրագույն վարժարանում։ 1902-1906 թվականներին ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1908-1909 թվականներին վիրաբուժության և մանկաբարձության մեջ կատարելագործվելու նպատակով հաջորդաբար եղել է Փարիզի և Լոնդոնի բժշկական խոշորագույն հաստատություններում։ 1909 թվականին, վերադառնալով Կ. Պոլիս, վիրաբույժ և մանկաբարձ է աշխատել։ 1914 թվականի դրությամբ եղել է անվանի և հարգված բժիշկ Կ. Պոլսի բազմազգ բնակչության շրջանում։
Գրական-ստեղծագործական աշխատանքներով աշխատակցել է «Մանզումեի էֆքեար»-ին և պրոֆեսոր Հակոբոս Ճեճիզյանի հրատարակած «Բիւրակն»-ին, իսկ «Բժիշկ»-ի հրատարակումից սկսած՝ եղել է նրա կանոնավոր աշխատակիցը։ Գրել է ընկերային և առողջապահական բնույթի հոդվածներ, որոնք ընթերցողները մեծ հետաքրքրությամբ են կարդացել։ Գոշհիսարի թաղապետական բժիշկ է աշխատել։
Մահացել է 1916 թվականին Գոշհիսարում, ժանտախտից՝ 31 տարեկանում։ Այլ տվյալով՝ սպանվել է Դեր-Զորի ճանապարհին։
Աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առողջապահութիւն կամ հիւանդ չըլլալու արուեստը, Առողջապահական դասագիրք նախակրթարանների համար։
- Սիրոյ զոհը, Վահան Ղազարեանի «Բժշկական եւ առողջապահական տարեցոյց» գրքում, Կ. Պօլիս, 1914։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 01-11-2012։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։