Ռուբեն–Ռայմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուբեն–Ռայմոնդ (մոտ 1195–1220), Անտիոքի դքսության և Կիլիկիայի Հայոց թագավորության գահաժառանգ իշխան։ Անտիոքի դուքս Ռայմոնդի և Կիլիկիայի Հայոց իշխան Ռուբեն Գ–ի դուստր Ալիսի որդին։ Հոր մահից հետո մանկահասակ Ռուբեն–Ռայմոնդը ճանաչվել է Անտիոքի օրինական գահաժառանգը՝ Ալիսի խնամակալությամբ։ Անտիոքի իշխանությունը Կիլիկյան Հայաստանին միացնելու և Մերձավոր Արևելքում քրիստոնեական հզոր պետություն ստեղծելու նպատակով Ռուբեն–Ռայմոնդին որդեգրել և իր թագաժառանգ է հռչակել նաև Լևոն Բ։ Վերջինիս ջանքերով Ռուբեն–Ռայմոնդի իրավունքները պաշտոնապես ճանաչել են նաև Հռոմի պապը, Գերմանիայի կայսրը, Անտիոքի պատրիարք Պետրոս I և Հյուրընկալ հոգևոր օրդենի խաչակիր ասպետները։ Անտեոքսի դքսության գահին Ռուբեն–Ռայմոնդի հաստատմանը խոչնդոտել են Հալեպի ամիրայությունը և Անտիոքի Տաճառական օրդենի խաչակիր ասպետները, որոնք գործուն աջակցությամբ Ռուբեն–Ռայմոնդի գահը քանիցս հափշտակել է Տրիպոլիսի դուքս Բոհեմունդ Միականին։ Ռուբեն–Ռայմոնդի ամեն անգամ գահին վերահաստատվել է հայկական զորքերի միջամտությամբ։ Ի վերջո թուլամորթ Ռուբեն–Ռայմոնդին 1219 թվականին տապալել են Անտիոքի ֆրանկները։ Ռուբեն–Ռայմոնդի ապաշնորհությունից հիասթափվելով՝ Լևոն Բ նրան զրկել է նաև հայակական գահաժառանգի իրավունքից, այն վերապահելով իր մանկահասկ դուստր Զապելին։ Լևոն Բ–ի մահից հետո Մսիսում ապաստանած Ռուբեն–Ռայմոնդը փորձել է գրավել Հայոց գահը, բայց Կոստանդին սպարապետը նրան ձերբակալել և նետել է Տարսոնի բանտը, որտեղ էլ շուտով մահացել է։

Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ