Ռոումինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոումինգը (անգլերեն roaming, roam – թափառել, շրջել) շարժական ցանցերում բաժանորդին ծառայությունների տրամադրման պրոցեդուրան է «հարազատ» ցանցի ծածկույթից դուրս։ Ընդ որում բաժանորդը պահպանում է իր հեռախոսահամարը և կարիք չունի պայմանագիր կնքել ընդունող օպերատորի հետ, իսկ ծառայությունների վարձը գանձվում է նրա հաշվից։ Տեխնիկական տեսանկյունից, բջջային ցանցի բաժանորդի սպասարկումը այլ կոմուտատորին պատկանող բազային կայանի կողմից կոչվում է ռոումինգ։ Բայց ավելի հաճախ ռոումինգ ասելով հասկանում ենք այլ օպերատորի ցանցում սպասարկումը։ Այդպիսի ծառայությունը պահանջում է օպերատորների միջև նախնական փոխհամաձայնություն։

Ռումինգը բջջային հեռախոսակապում[խմբագրել]

Ռումինգի տեսակները[խմբագրել]

  • Ներցանցային ռոումինգ

Հնարավորություն տեղափոխվել բջջային օպերատորի ցանցի ծածկույթի ներսում մի ռեգիոնից մյուսը։ Հատուկ է մեծ տարածք ունեցող պետություններին (ԱՄՆ, Ռուսաստան, Հնդկաստան և այլն)։

  • Ազգային ռոումինգ

Հնարավորություն օգտագործել այլ բջջային օպերատորի ցանցը նույն երկրի սահմաններում։ Սովորաբար ռոումինգի այս ձևը կիրառվում է այն դեպքում, երբ նոր ընկերությունը ստանում է լիցենզիա բջջային կապի ծառայություններ տրամադրելու համար և փորձում է դուրս գալ շուկա չունենալով սեփական ցանց։ Համաձայնագրեր կնքելով տվյալ երկրի մյուս օպերատորների հետ, այդ ցանցի բաժանորդները կարող են օգտվել բջջային կապի ծառայություններից, մինչև համապատասխան տեխնիկական պայմանների ստեղծվելը։

  • Միջազգային ռոումինգ

Հնարավորություն օգտվել բջջային կապի ծառայություններից արտասահմանյան օպերատորի ցանցի ծածկույթում։ Միջազգային ռոումինգն ավելի հեշտ աշխատում է GSM ստանդարտում և օգտագործվում է միջազգային բջջային օպերատորների ավելի քան 80% -ի կողմից։ Սակայն այս դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ, քանի որ տարբեր երկրներում օգտագործվում են տարբեր GSM հաճախականություններ։ Մեծամասնությունն օգտագործում է 900/1800 ՄՀց հաճախականություն, իսկ ԱՄՆ-ում և ամերիկյան այլ երկրներում օգտագործվում են 850/1900Մհց, ուստի անհրաժեշտ է ունենալ համապատասխան հեռախոս, որը կարողանա աշխատել վերոհիշյալ հաճախականությունների հետ։

  • Միջստանդարտային ռոումինգ

Հնարավորություն անարգել տեղաշարժվել տարբեր ստանդարտների ցանցերի միջև։ Քանի որ բջջային կապի տեխնոլոգիաներն զարգացել են միմյանցից անկախ տարբեր մայրցամաքներում, ուստի դրանք իրարից տարբերվում են ստանդարտով։ Ներկայումս հնարավոր է ռոումինգ տարբեր ստանդարտների(GSM և CDMA) ցանցերի միջև։ Դրա համար անհրաժեշտ է հեռախոս, որը կարողանա աշխատել տարբեր ստանդարտների ցանցերում, կամ բաժանորդը կարող է պահպանել իր հեռախոսահամարը և փոխել միայն հեռախոսը։

GPRS/տվյալների փոխանցումով ռոումինգ[խմբագրել]

Բջջային օպերատորների մեծամասնությունը տրամադրում են GPRS ռոումինգ ծառայություն, որը թույլ է տալիս բաժանորդին օգտվել GPRS ծառայությունից հառազատ ցանցի սահմաններից դուրս։

3G/երրորդ սերնդի ռոումինգ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ 3G


Երրորդ սերնդի ռոումինգը հնարավորություն է տալիս օգտվել հարազատ ցանցի բոլոր ծառայություններից, ներառյալ տվյալների փոխանցման բարձր արագությունը և տեսազանգը , գտնվելով ռոումինգ գործընկերոջ ցանցի ծածկույթում։

GSM ցանցում ռոումինգի աշխատանքի սկզբունքը[խմբագրել]

Ռոումինգի պրոցեսի մանրամասնությունները տարբերվում են կախված բջջային կապի ցանցի տեսակից, սակայն ընդհանուր դեպքում պրոցեսն ընթանում է հետևյալ կերպ. որպեսզի բաժանորդի հեռախոսը կարողանա գրանցվել այլ օպերատորի ցանցում, պետք է տվյալ և հարազատ ցանցերի միջև լինի համաձայնագիր։ Այդ համաձայանգիրը կնքվում է տեստավորման որոշակի փուլերից հետո։ Գոյություն ունեն IREG(International Roaming Expert Group) և TADIG(Transferred Account Data Interchange Group) տեստավորումներ։ IREG տեստավորման միջոցով ստուգվում է հաստատված կապի աշխատունակությունը, իսկ TADIG տեստավորման միջոցով ստուգվում է զանգերի բիլլինգը։

Հյուր ցանցում բաժանորդի կատարած գործողությունները գրանցվում է TAP (Transferred Account Procedure) ֆայլերի մեջ և ուղարկվում հարազատ ցանց։ Ֆայլը պարունակում է տվյալներ բոլոր զանգերի մասին, որոնք կատարվել են տվյալ բաժանորդի կողմից։ Ըստ այդ ֆայլերի հաշվարկվում է գումարը, որը պետք է բաժանորդը վճարի հարազատ օպերատորին։