Պոնֆեռադայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոնֆեռադայի ամրոց
իսպ.՝ Castillo de Ponferrada
Նկարագրություն
Տեսակcommandry?, դղյակ և հուշարձան
Վարչական միավորՊոնֆեռադա[1]
Երկիր Իսպանիա[1]
Համալիրի մասWay of Saint James in the province of León?
Կառուցված1178
ՊատվիրողՏաճարականների միաբանություն
Կայքcastillodelostemplarios.com(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Ponferrada Վիքիպահեստում

Պոնֆեռադայի ամրոց (իսպ.՝ Castillo de Ponferrada), միջնադարյան պաշտպանական կառույց Իսպանիայի հյուսիսում՝ Լեոն պրովինցիայի Պոնֆեռադա քաղաքում։ 1924 թվականին հայտարարվել է Իսպանիայի ազգային հուշարձան[2][3]։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնֆեռադայի ամրոցը տեղակայված է քաղաքի պատմական թաղամասում՝ ոչ բարձր բլրի վրա՝ Բոեսա և Սիլ գետերի միախառնման վայրի մոտ։ Այն զբաղեցնում է 8000 մ2 տարածք և ամենամեծ ամրոցներից մեկն է Իսպանիայի հյուսիս-արևմուտքում[3]։

Ամրոցի հիմքն ունի ոչ կանոնավոր քառանկյան ձև։ Նրա հյուսիսային հատվածը կառուցվել է 12-րդ դարում։ 15-րդ դարում ամրոցի տարածքն ընդարձակվել է, իսկ 19-րդ և 20-րդ դարերում այն մեծացվել է և վերակառուցվել։

Պոնֆեռադայի ամրոցը բաղկացած է «հին ամրոցից» ու 15-րդ դարի նոր կառույցներից, որոնք ներառում են Վերածննդի դարաշրջանի պալատն ու ատամնաձև ելուստներով պատերի, որ ունեն հրակնատներ ու աշտարակներ։ Ամրոցի ներսում պահպանվել են 12-րդ դարի մի շարք շինություններ, որ կառուցվել են տաճարականների կողմից[3]։ Գլխավոր մուտքը գտնվում է ամրոցի հարավային կողմում։

Ամրոցի աշտարակների վրա հաճախ հանդիպում են Տաճարականների միաբանության, ինչպես նաև Կաթոլիկ թագավորների ու այլ ազնվական տների զինանշաններ, ում պատկանել է ամրոցը։

Ներկայում ամրոցը վերակառուցված է և նրա որոշակի հատված բաց է հասարակության այցելությունների համար։ Որոշ սրահնրում տեղակայված են ցուցադրություններ՝ նվիրված ամրոցի կառուցման պատմությանը, միջնադարյան գրքերին, տաճարականների հագուստին ու զենքերին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնֆեռադայի ամրոցի ներկայիս տարածքում նախկինում եղել է կելտական պաշտպանական կառույց։ 1178 թվականին Ֆերդինանդ II թագավորը Տաճարականների միաբանությանը թույլ է տալիս այդ տարածքում կառուցել ամրոց, որը պիտի ծառայեր նաև Սանտյագո դե Կոմպոստելա ուղևորվող ուխտագնացների պաշտպանությանը[4]։ Պոնֆեռադա քաղաքում տաճարականների կառուցած ամրոցի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1187 թվականին[3]։

Սակայն Ալֆոնսո IX-ը 1198 թվականին վերցրել է ամրոցը տաճարականների ձեռքից, որովհետև նրանք աջակցել էին իր հակառակորդին՝ Ալֆոնսո VIII-ին։ 1211 թվականին տաճարականները հետ են ստացել Պոնֆեռադայի ամրոցը մի քանի այլ ամրոցների փոխարեն։

Տաճարականների նկատմամբ հալածանքների ծավալման ժամանակ՝ 1307 թվականին, միաբանության իսպանացի մագիստրոս Ռոդրիգո Յանեսը Պոնֆեռադայի ամրոցը նվիրում է Ֆեռդինանդ IV Կաստիլիացու եղբայր Ֆիլիպին, որպեսզի փրկի ամրոցը բռնագրավումից։ 1440 թվականին ամրոցն անցել է Լեմոսի կոմս Պեդրո Ալվարես Օսորիոյի ձեռքը, ով ամրոցում իրականացրել է շինարարական աշխատանքներ։ Նրա տիրապետության տարիներին են կառուցվել Կաբրերայի, Մոկլինի ու Մալվեսինոյի աշտարակները, ինչպես նաև ավարտվել է Ռաստրիլոյի աշտարակի կառուցումը[3]։ Պեդրո Օսորիոյի մահից հետո ամրոցը Կաթոլիկ թագավորների որոշմամբ անցել է նրա դստերը՝ Խուանային, սակայն 1480 թվականին գրավվել է կոմսի մեկ այլ ժառանգորդի՝ նրա թոռ Ռոդրիգո Օսարիոյի կողմից, ով ապստամբել էր թագավորական իշխանության դեմ։

Թագավորական զորքերը պաշարում են ամրոցը և գրավում այն 1486 թվականին։ 1492-1504 թվականներին կառուցվել է Կաթոլիկ թագավորների աշտարակը

1850 թվականից ամրոցն անկում է ապրել։ Քաղաքային իշխանությունները վաճառել են նրա պատերը և օգտագործել դրանք որպես շինանյութ։ Ամրոցի բակը վարձով է տրվել և օգտագործվել է որպես արոտավայր կամ ֆուտբոլի դաշտ։

1924 թվականին՝ ստանալով RI-51-0000264 գրանցման համարը, Պոնֆեռադայի ամրոցը հայտարարվել է ազգային հուշարձան և հայտնվել պետության պաշտպանության ներքո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Понферрадский замок. Испания». himchistka-daugavpils.eu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 7 սեպտեմբերի, 2016-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Понферрадский замок (Castillo de Ponferrada)». cult-turist.ru. Վերցված է 7 սեպտեմբերի, 2016-ին.
  4. «Deus vult: 10 легендарных замков тамплиеров». riarealty.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 7 սեպտեմբերի, 2016-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնֆեռադայի ամրոց» հոդվածին։