Պողոս-Պետրոս (բալլադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պողոս-Պետրոս»
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1898
Հրատարակվել է1908
ՎիքիդարանՊողոս-Պետրոս

Պողոս-Պետրոս, բալլադ որը գրել է Հովհաննես Թումանյանը։ Բալլադի ծագումը ժողովրդական է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադի սյուժեն Թումանյանը լսել է Շուլավերում։ Այդ մասին վկայել է Մովսես Միրզոյանը` 1936 թվականի մարտի 23-ին Նվարդ Թումանյանին ուղղված նամակում։ Նամակից իմանում ենք, որ լեգենդը Թումանյանին պատմել է Միրզոյանի ավագ եղբայրը` Բաղդասարը։ Նամակագիրը մեջբերում է նաև բալլադի ժողովրդական տարբերակը և հավելում, որ Թումանյանը սյուժեն մշակելից բազմաթիվ փոփոխություններ է կատարել։

Ըստ Ա. Ինճիկյանի ենթադրության` «բանաստեղծը ունեցել է մեզ անծանոթ տարբերակ ևս»[2]։

Բալլադը գրվել է 1898 թվականին։ Այդ մասին տեղեկություններ կան Թումանյանի նամակում, որը նա 1898 թվականի օգոստոսին Շուլավերից ուղրկել է Արիստակես Զարգարյանին։ Այստեղ հեղինակը «Պողոս-Պետրոսի» և «Անիծած հարսի» մասին գրում է. «Այստեղ կամաց-կամաց էլ պարապում եմ-մի քանի բան եմ գրել, որոնցից երկուսը ժողովրդական բաներ են, որ դուք կհավանեք։»

Ինքնագիրը մեզ չի հասել։

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում է Բաքվում տպագրված բանաստեղծությունների ժողովածու հեղինակի սեփական օրինակը, որտեղ նա մեկ ուղղում է կատարել[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի գյուղում ապրում էին երկու փոքրիկ որբ եղբայրներ` Պողոսը և Պետրոսը։ Մի անգամ նրանց խորթ մայրը զայրանում է նրանց վրա և ուղարկում է հորթերն արածացնելու։ Հորթերը փախչում են դեպի անտառ։ Եղբայրները, որքան էլ փնտրում են, չեն կարողանում գտնել հորթերին։ Լացելով հետ են վերադառնում, խորթ մորը պատմում են եղելությունը։ Խորթ մայրը բարկանում է, անիծում է նրանց և գիշերով ուղարկում անտառ` կորցրածը հետ բերելու։ Սոված ու հոգնած երեխաներն աստծուց խնդրում են իրենց թռչուններ դարձնել։ Աստված կատարում է նրանց ցանկությունը, և ըստ ավանդության, այդ օրվանից մինչև այսօր մանուկները փնտրում են կորցրած հորթերին։

Տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսի Բանաստեղծությունների ժողովածուի 64-67 էջէրում, դրանից հետո` Թիֆլիսում տպագրված լեգենդների ժողովածուի 20-23 էջերում, Բաքվում տպված բանաստեղծությունների ժողովածուի 83-86 էջերում, Կ. Պոլսի բանաստեղծությունների ժողովածուի 87-90 էջերում, Երկերի ժողովածուի առաջին հատորի 285-287 էջերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 556.
  2. Ա. Ինկիճկան, Հովհաննեսս Թումանյան, էջ 495-496