Նվարդ Թումանյան
Նվարդ Թումանյան (1892, հոկտեմբերի 3 - 1957, սեպտեմբերի 28) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստրը։
Ծնվել է Թիֆլիսում։ 1910-ին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը, 1911-ին`Թիֆլիսի 3-րդ իգական գիմնազիան։ 1912-ին ընդունվել է Կանանց բարձրագույն դաստնթացների պատմագրական ֆակուլտետը (հետագայում` Անդրկովկասյան համալսարան)։ 1916-20-ին ընդհանուր պատմություն է դասավանդել Հովնանյան դպրոցի 4-6-րդ դասարաններում։ Անդրկովկասյան համալսարանն ավարտել է 1920-ին։ 1923-ին նշանակվել է հոր` Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հասարակության պատասխանատու քարտուղար։ 1926-ին փոխադրվել է Երևան և աշխատանքի անցել Հեղափոխության թանգարանում որպես մամուլի և արխիվի բաժնի գիտաշխատող (մինչև 1931-ը)։ 1931-32-ին աշխատել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում որպես գիտական կաբինետի վարիչ։ 1932-34-ին պատմության և գրականության ինստիտուտի գիտաշխատող էր, 1934-42-ին` Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի պատասխանատու քարտուղար և ավագ գիտաշխատող։ 1950-ին ավարտել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը։ Գործուն մասնակցություն է ունեցել Հովհաննես Թումանյանի Դսեղի և Երևանի տուն-թանգարանների հիմնադրմանը։ 1955-ին «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում։[1]
[խմբագրել] Ն. Թումանյանի երկերի մատենագրություն
- Թումանյանի մանկությունն ու պատանեկությունը, Երևան, Պետհրատ, 1938, 65 էջ։
- Հովհաննես Թումանյան (ծննդյան 70-ամյակի կապակցությամբ), Երևան, 1939, 159 էջ։
- Թումանյանը քննադատ, Երևան, Պետհրատ, 1939, 470 էջ։
- Հովհ. Թումանյան. մանկություն և պատանեկություն, Երևան, Հայպետհրատ, 1955, 152 էջ։
- Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը, Երևան, 1956, 149 էջ։
- Հուշեր և զրույցներ, Երևան, «Լույս», 1969, 335 էջ։
- Թումանյանի մանկությունը, Երևան, «Սովետական գրող», 1983, 84 էջ։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1986) Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 203-204.