Պետրոս Ոսկան Վելիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Ոսկան Վելիջանյան
Պետրոս Վելիջանյան
Դիմանկար
Ծնվել է1680 թվական
ԾննդավայրՆոր Ջուղա
Մահացել է1751 թվական հունվարի 15
Մահվան վայրՄադրաս
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունվաճառական, գործարար և բարերար
Գործունեությունվաճառական, բարերար
Ծնողներհայր՝ խոջա Ոսկան Վելիջանյան, պապ՝ խոջա Պողոս Վելիջանյան

Պետրոս Ոսկան Վելիջանյան կամ Խոջա Պետրոս Ոսկան (անգլ.՝ Petros Woskan Velijanian, Coja Petrus Uscan, 1680, Նոր Ջուղա - հունվարի 15, 1751(1751-01-15), Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), խոջա Ոսկան Վելիջանյանի որդի, Ջուղայի հայտնի խոջա Պողոս Վելիջանյանի թոռ, խոջա Պետրոս Վելիջանյանի ծոռ, ջուղահայ վաճառական, Մադրասի հայ համայնքի ղեկավարը[1][2][3]։ 1726 թվականին կառուցել է Մադրասի Հայկական կամուրջը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Վելիջանյանը խոջա Ոսկան Վելիջանյանի որդի, խոջա Պողոս Վելիջանյանի թոռ, ծնվել է 1680 թվականին[5][6][7]։ Ամուսնացած է եղել ջուղահայ Հովհաննես Քալանթար Զաքարիայի դստեր՝ Մամախաթունի հետ[8]։ Խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը հզոր կամքի և պարկեշտ նկարագրի տեր մարդ էր։ 1737 թվականին Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի արարողության ժամանակ ազնիվ և բարեպաշտ Խոջան ներկայացել էր հին ոճի հայկական հանդերձանքով։ Վանքում նա հայերեն գրել էր. «Տիրոջ վախը իմաստության սկիզբն է»:Սուրբ Ամենափրկիչ վանքում պահպանված նրա նկարի մի կողմում պատկերված է նրբորեն ներկված սրտի մի պատկեր, իսկ դրա տակ կա հայերեն չափածո, որը նրա վերջին կտակն էր․ «Իմ սիրտը տենչում է դեպի հայրենիք, ուր սակայն ես անկարող եմ գնալ, ցանկանում եմ, որ երբ իմ վերջին օրը գա, իմ սիրտս ուղարկվի իմ հայրենի քաղաք, որպեսզի ես՝ Պետրոս Ոսկանս այնտեղ ունենամ մի գերեզման»[6][9]:Այս տողերը ամուր վկայություն են տալիս նրա հայրենասիրության մասին, որը սահմաններ չունի այնքանով, որ նա ցանկացել էր, որ իր սիրտը տեղափոխվի իր ծննդյավայր`Նոր Ջուղա։ Նա մահացել է 1751 թվականի հունվարի 15-ին Մադրասում, 70 տարեկան հասակում և թաղվել իր իսկ կառուցված ընտանեկան մատուռ-գերեզմանատանը, այժմյան Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

Նրա գերեզմանաքարին լատիներեն գրված է․

«Այստեղ թաղված է մեկը, ում համբավը տարածված էր շատ հեռու, նույնիսկ երկինք։ Նա օժտված էր խաղաղության ջատագով, վեճերում բարեխոս, հայերի հովանավոր և օգնական, պաշտպան և ազատական, բաց ձեռքերով աղքատների բարերար, ոչինչ չխնայողը։ Պետրոս Ոսկան՝ Խոջա Պողոս Վելիջանյանի թոռը, որի սիրտը թաղված է Ջուղայում։ 70 տարեկան հասակում հեռացավ այս կյանքից՝ 1751 թվականի հունվարի 15-ին»[6]։

Կտակի համաձայն, խոջա Պետրոսի մահից հետո, նրա սիրտը ոսկյա մի տուփի մեջ ուղարկվել է Նոր Ջուղա՝ թաղվելու համար իր պապի հոր՝ Պետրոս Վելիջանյանի 1627 թվականին կառուցված Սուրբ Բեթղեհեմ եկեղեցու բակում[10]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIII դարի սկզբի կեսին Մադրասի ամենահայտնի հայ վաճառականներից էր խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը։ Նա հայրենասեր էր, հայրենակիցներին փորձել է օգնել և աջակցել։ Նա ամուր կապված էր անգլիացիների հետ և հանդիսանում էր Hon’ble East India CompanyՄադրասի խորհրդի անդամներից մեկը։ Հնդիկ իշխան Արկոտի Նավաբիի Մադրաս կատարած այցի ժամանակ, նա քաղաքի գլխավոր փողոցներն ու պողոտաները մետաքս ու գորգեր էր փռել, այնուհետև իր տանը նրան մի քանի օր ընդունել էր մեծ հյուրասիրությամբ[9]։ Արկոտի Նավաբին, մեծապես գնահատելով հայ վաճառականի հավատարմությունն ու հյուրասիրությունը, խոջա Պետրոսի ցանկությունն կատարել էր, նրան թույլ էր տվել միակ մենաշնորհով ներմուծել առևտուր դեպի Մադրաս և ներքին տարածք[6]։ Խոջա Պետոս Ոսկան Վելիջանյանը մտերիմ կապերի մեջ է գտնվել ոչ միայն հնդիկ իշխան Արկոդի Նավաբին, այլև Մարաթհների առաջնորդ, հռչակավոր Ռագհոդջի Բհոնսլեի և շատ հնդիկ խոշոր պետական ու քաղաքական գործիչների հետ[9]։ Այդ ժամանակ նա զգալի հարստություն էր կուտակել, սակայն երբ ֆրանսիացիները 1746 թվականին Լալիի գլխավորությամբ գրավում են Մադրասը, ամբողջությամբ քանդվում են բոլոր հասարակական շենքերը։ Քաղաքում նրան պատկանող 33 տուն նույնպես հավասարվում են հողին։ Ավելին, ֆրանսիացիները բռնազավթում են ամբողջ թաղամասը։ Նա ապաստան է գտնում Մադրասին մոտ գտնվող Դանիական քաղաքում և ունեցվածքը տեղափոխում է Պոնդիչերի քաղաք[8]։ Կոմս Լալին նրան հաղորդագրություն է ուղարկում՝ իրեն Ֆրանսիայի կառավարության հովանավորության տակ առնել և վերականգնել նրանց կողմից առգրավված գույքը։ Սակայն Պետրոս Ոսկան Վելիջանյանը կոպիտ և հեգնական պատասխան է ուղարկել, որտեղ ասվել էր, որ իր ունեցած ամբողջ հարստությունը ձեռք է բերվել բրիտանական կառավարության հովանու ներքո, որին ինքը հավատարիմ կմնա։ Չնայած այս ծանր ֆինանսական կորուստներին՝ նա իր մահվանից հետո թողել է յոթ լարի ռուփիի զգալի գումար,մեծ գումար է թողել բրիտանական գանձարանում, որի տարեկան տոկոսադրույքով կատարում էին վերանորոգումներ, 60000 ռուփի է նվիրել Սուրբ Էջմիածին եկեղեցուն, նվիրատվություն է կատարել Երուսաղեմի հայոց Սուրբ Հակոբյանց, Մուշի Սուրբ Կարապետ վանքերին, Նոր Ջուղայի և Կալկաթայի հայերին։ Հակառակ այն բանին, որ կաթոլիկների հետ ընդհարվել էր, նվիրատվություններ է կատարել նաև անհիշաչար մեծահոգությամբ Հռոմի Սուրբ Պետրոս եկեղեցուն։ Իր կտակի մեջ կարևոր մի գումար էր հատկացրել նաև Մեքքայի մուսուլմաններին, և երբ խոստովանահայրը հարցրել է նրան այդ նվիրատվության շարժառիթը, խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը պատասխանել է «Ես այդ գերեզմանին կըռնկով միլիոն մը վաստկեր եմ, թող այս ալ անոր»[9]։

Մադրասի կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրասի Հայկական կամուրջը համարվում է Հնդկաստանի հայկական հարուստ մշակութային ժառանգության արժեքավոր կոթողներից։ 1725-26-ին խոջա Պետրոս Ոսկանի Վելիջանյանը իր սեփական ծախսերով կառուցել է Սարիար (Ադյար) գետի բազմակամար կամուրջը, որը միացնում էր Մադրասի Սբ Թոմեի (Թոմաս) բլուրները և Մադրասի հարավային ծայրամասում գտնվող Մամիլան գյուղը[11]։ Կամրջի վրա խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը ծախսել էր 30000 հուն (հունը այն ժամանակ էր 3-8 ռուփի)։ Գեղատեսիլ բազմակամար կամուրջը եղել է Մադրասի տեսարժան վայրերից մեկը, որն իրենց կտավներում պատկերել են բազմաթիվ գեղանկարիչներ[4]։ Դարեր շարունակ Հայկական կամուրջը եղել է Մադրասի երկու հատվածները կապող կարևորագույն օղակ, և միայն 1966 թվականին դրա անմիջական հարևանությամբ կառուցվել է նոր կամուրջ։ Մադրասի Հայկական կամրջի պատմությունը լատիներեն, պարսկերեն և հայերեն արձանագրված է հուշաքարի վրա։ Սակայն արձանագրության հայերեն հատվածը, որը փորագրված է հուշաքարի ստորին մասում, ժամանակի ընթացքում ամբողջությամբ բետոնապատվել էր։ Սակայն, վերջերս Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը դիմել էր պատկան մարմիններին՝ հուշաքարի վերականգնումը թույլատրելու խնդրանքով։ Չեննայում ՀՀ պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանի հովանավորությամբ 2019 թվականին հաջողվել է փրկել հուշաքարը՝ տեղադրելով այն պատվանդանի վրա։ Այդպիսով` ապահովվել է ոչ միայն հուշարձանի հետագա պահպանությունը, այլև այն դարձել է առավել տեսանելի անցորդների համար[12]։

Սուրբ Թովմաս բլրի աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրասից մոտ վեց մղոն հեռավորության վրա, Հնդկաստանի առաքյալ Սուրբ Թովմասի նահատակության ենթադրյալ վայրն է։ Քրիստոնեական եկեղեցին իր գագաթաժողովում արդեն վաղուց գոյություն էր ունեցել, և հավատացյալները հաճախ էին այցելում այդտեղ։ 1726 թվականին Խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը Սուրբ Թովմասի բլրի քարքարոտ լանջին կառուցել է 160 լայն քարե աստիճաններ՝ ընդարձակ հանգստավայրերով[6][9]։

Նմամատիպ՝ 133 աստիճաններով մի ճանապարհ էլ կառուցել է Մալմալ գյուղի մոտակայքի բլրի վրա[9]։

Սուրբ Կույսի մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

1746 թվականին Խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը Մադրասի Վիպերի թաղամասում, քաղաքի աղքատ քրիստոնյաների համար կառուցել է Սուրբ Կույսի մատուռը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenians In India
  2. Մադրասի հայ համայքը(չաշխատող հղում)
  3. Վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը
  4. 4,0 4,1 Գագիկ Պողոսյան /Խաղբակյան/, Արտերկրի հայկական հուշարձաններն այլազգիների աչքերով. Մադրասի Հայկական կամուրջը
  5. Bhaswati Bhattacharya, The "Book of Will" of Petrus Woskan (1680-1751 հունվարի 15)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 History of the Armenians in India, from the Earliest times to the Present day
  7. Hay zhoghovrdi patmut'yun History of the Armenian People-4
  8. 8,0 8,1 THE BIOGRAPHIES OF a fiew WELL KNOWN ARMENIANs BORN IN IRAN
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Մադրասի հայ համայքը(չաշխատող հղում)
  10. Խոջա Պետրոս Վելիջանյանի շիրմաքարը
  11. Հայկական Սովետական Հանրագիտարան/ Մադրաս
  12. «Վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]