Պարերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթ

Պարերգեր, գեղջկական ժողովրդական երգեր, որոնք կատարվում են շուրջպարի ուղեկցությամբ կամ ուղեկցում են շուրջպարին։ Հնում ունեցել են ծիսական նշանակություն, որպես կանոն, վերածվելով երգի բովանդակության դրամատիկական խաղարկման, ապա, աստիճանաբար ծեսից անջատվելով, դարձել են գեղջկական ժողովրդական համադրական արվեստի ամենատարածված տեսակը։ Մի շարք պարերգեր, այնուամենայնիվ, պահպանել են իրենց երբեմնի ծիսական բնույթն ու նշանակությունը։

Պարը և նրան ուղեկցող երգը մշտապես փոխադարձաբար համաձայնեցված են։ Սովորական ծորուն երգերում մեղեդու կառուցման սկզբունքն առավելապես հոսուն երգայնությունն է, որն իրագործվում է միմյանցից տարբերվող ռիթմական դարձվածքների միավորումով։ Հայ գեղջկական պարերգերը, ըստ ռիթմական պատկերների, տեմպի, հուզական երանգի, բնույթի ու բովանդակության, բնորոշ է ծանրկեկ ու թեթև, հանդարտ ու եռանդուն, նազանի և առնական, կատակային ու հերոսական, նաև քնարական, աշխատանքային, ծիսական և վիպական հատկանիշներով։ Պահպանված ավանդական բանահյուսական նյութում գերակշռում են քնարական պարերգերը, որտեղ գերիշխողը սիրո գովքն ու կատակն են՝ համեմված բնության պատկերների նկարագրությամբ և գովերգումով։ Նրանց եղանակների ռիթմական պատկերները, նաև մետրն ու մոտիվային կառուցվածքը բազմազան են։ Սովորական պարզ և բարդ, կենտ և զույգ կանոնավոր մետրերի հետ մեծ տեղ են գրավում նաև ներքին տարբերակումներով խառը չափերը։ Եղանակը հաճախ կազմված է անհավասարաչափ մոտիվներից, որոնք էլ մեծացնում են ներքին դինամիկան։ Որպես կանոն՝ պարերգերը (թե՛ խոսքը, թե՛ եղանակը) ամեն անգամ հորինվում է հանպատրաստից (որոշողը բուն պարի տեսակն է՝ պայմանավորված պարախմբի կազմով՝ աղջիկներ, տղաներ, մեծահասակներ կամ խառը)։ Խոսքի ու եղանակի իմպրովիզացիան հիմնվում է բանաստեղծ-կերպարային, դարերով ամբարված հարուստ երաժշտական պաշարի վրա։ Բազմաթիվ նմուշներ, դիմանալով «ժամանակի քննությանը», դարձել են հաստատուն և կրկնվում են գրեթե նույնությամբ։

Հայկական ժողովրդական պարերգերին բնորոշվում են նաև հնությամբ (հին, ավանդական կամ նոր) և տեղային հատկանիշներով (Արարատյան, Արևմտահայաստանի գավառների և այլն)։ Հայ երաժիշտ-բանահավաքները գրառել են գեղջկական պարերգերի բազմաթիվ բարձրարժեք նմուշներ (Կոմիտասի «Ղարսա բերդը բլիլ է», «Ալագյազ», «Հոդալլո ջան» և այլն)։ Հայկական պարերգերի տեսակ է պարողի երգեցողությամբ կատարվող մենապարը («Տասնչորսը» և այլն), որն ավելի շուտ քաղաքային ժողովրդական մշակույթի տարր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։