Մեղեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեղեդի (հուն․ деХсобСа — երգ, երգեցողություն), բարձր կազմակերպված մեկձայնանի ինտոնացիոն-ռիթմական կառուցվածք, որ օժտված է կերպարային- արտահայտչական բովանդակությամբ և երաժշտության կարևորագույն սկզբնատարրն է։ Ընդգրկում է երաժշտական լեզվի գրեթե բոլոր արտահայտչամիջոցները՝ չաղի հիման վրա կազմակերպվող հնչյունային բարձրությունների և մետրի հիման վրա ընթացող հարաբերությունների հետ՝ նաև որոշակի ուժգնություն, տեմբր, կատարման կերպ, ներդաշնակ կառուցվածք և այլն։ Մեղեդիի շարժումը լինում է վերընթաց, վարընթաց, միևնույն բարձրության պահպանումով, ավելի հաճախ՝ ալիքաձև։ Բոլոր շարժումների դեպքում առավել բնորոշ է աստիճանական ընթացքը, որը սովորաբար ընդմիջվում է այս կամ այն լայնքի թռիչքներով։ Մեղեդային գծի շարժման վերելքների և անկումների մեջ արտացոլվում է հուզականության սաստկացումը և մարումը, լարումը և պարպումը, որի շնորհիվ էլ մեղեդին դրսևորվում է որպես երաժշտության հուզական-կերպարային բովանդակության կրող, մասնակցում նրա ձևակառուցման պրոցեսին։ Բազմաձայն երաժշտության մեջ պարզորոշ առանձնանում է ընդհանուր շարժումից և ընկալվում որպես որոշակի երաժշտական միտք, որի առավել վառ (քան ընդհանուր շարժումը) արտահայտչականությունը պայմանավորված է անհատականացված երաժշտական նյութի շարժման յուրահատուկ տրամաբանությամբ։ Ոչ մեղեդային շարժման հետ համեմատած, Մեղեդին՝ (անկախ երաժշտության ոճից և ժանրից) առավել հագեցված լինելով կոմպոզիցիոն հնարներով, տվյալ ընդհանուր շարժման խտացված, ընդհանրացված ձևն է։ Սակայն մեղեդիական և ոչ մեղեդիական շարժումների միջև գոյություն չունի խիստ անջրպետ։ Վոկալ երաժշտության մեջ մեղեդին բնորոշվում է երգայնությամբ, ցայտուն ներդաշնակ կերտվածքով ու ճկունությամբ և, այդ առումով, մոտիկ է մարդկային խոսքի ելևէջային բնույթին։ Գործիքային երաժշտության մեջ մեղեդին զերծ է երգչական ձայնի հնարավորությունների որոշ՝ բնական սահմանափակումներից, նրանում, վոկալ երաժշտությանը հատուկ հնարների հետ մեկտեղ, օգտագործվում են նաև այս կամ այն նվագարանի տեխ․նիկական հնարավորությունները (այստեղից՝ ստորաբաժանումը վոկալ և գործիքային Մեղեդիների)։ Մեղեդիի բնույթը, ձևը, տեսակը, ինչպես նաև կառուցվածքային առանձնահատկություններն ու ծավալը շատ կողմերով պայմանավորված են նաև ստեղծագործության ժանրային պատկանելությամբ, երաժշտության ազգային երանգով ու ոճով։ Միաժամանակ, գոյություն չունի այնպիսի «օրինակելի» մեղեդի, որը հավասարապես բավարարեր տարբեր դարաշրջանների երաժշտական ուղղություններին բնորոշ մտածելակերպի պահաջները։ Ուստի մեղեդին, որպես բովանդակային կատեգորիա, հարաբերական է և նրա գնահատականը պահանջում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատմական մոտեցում։ Միաձայն երաժշտության մեջ մեղեդին մարմնավորում է ավարտված ամբողջական երաժշտական կերպար։ Այս առումով բնորոշ են տարբեր ժողովուրդների ժողովրդական երգերի մեղեդիները։ Հայ ժող․ և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության տարբեր ճյուղերը (գյուղական, քաղաքային, գուսանական, աշուղական, հոգևոր և այլն) հարուստ են հնագույն դարերից մեզ հասած ու հղկված վոկալ և գործիքային մեղեդիների բազմազան տեսակի նմուշներով (տես նաև Մոնոդիա), որոնցում մեղեդիակերտման վարպետությունը հասցված է բարձրագույն մակարդակի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png