Նեո-փոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆֆ Կունս. «Փուչիկից շուն», 1994-2000

Նեո–փոփ կամ Պոստ–փոփ, ժամանակակից արվեստի ճյուղ[1]։ Ծագել է 20–րդ դարի 80–ականներին։ Նեո–փոփը առանձին նոր շարժում չէ, այլ ներկայացնում է փոփ–արտի զարգացումը, ինչպես նաև փոփ մշակույթը՝ հայտնի անուններով, խորհրդանշաններով ու պատկերներով[2]։

Նեո–փոփի հետևորդ երիտասարդ նկարիչները, հաշվի առնելով փոփ–արտի 1950-60-ականների փորձառությունը, կոնցեպտուալիզմին հատուկ մոտեցումները, ստեղծել են այնպիսի աշխատանքներ, որոնցում արտահայտվում էին հասարակության ու հանրամատչելի մշակույթի փոխհարաբերությունների վերաբերյալ նկարիչների անձնական կարծիքները։

1980-ականներին Նյու–Յորքում էր այս կողմնորոշմամբ ստեղծագործողների կենտրոնը։ Նրանց անհանգստացնում էին հետևյալ թեմաները՝ զանգվածային սպառման ապրանքներ, փոփ աստղերի պաշտամունք, իրականության արձանագրում լուսանկարներում, գովազդներում, ֆիլմերում։ Նրանք առաջինը դրսևորել էին իրենց մինիմալիզմի ու կոնցեպտուալիզմի ուղղություններում, սակայն ի վերջո ընդվզել էին այդ ոճերի գեղագիտական սահմանափակումների դեմ։ Նրանց ըստ էության դուր չէին եկել որոշակի գաղափարների ու մոտեցումների ավելորդ ինքնամփոփությունը։

1990-ականներին նեո-փոփը ի հայտ եկել նաև երիտասարդ բրիտանացի նկարիչներ կամ սենսացիոնալիստական խմբի աշխատանքներում։ Ուղղությունը ժամանակակից արվեստում իր գոյությունը շարունակում է պարբերաբար նոր թեմաներ ներմուծելու միջոցով, որոնցից է օրինակ սպառողական մշակույթի փոփոխությունը թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում։

Հետևորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեո–փոփ ուղղվածության առավել ազդեցիկ ներկայացուցիչները Ռիչարդ Փրինսն ու Ջեֆֆ Կունսն են։

  • Ռիչարդ Փրինս (1949)։ Աշխատել է Time Life հրատարակչության գովազդային բաժնում, «փոխառել է» ամսագրի լուսանկարներն ու գովազդային մոդուլները սեփական ստեղծագործությունների համար։ Նա պատկերները վերանկարահանում էր ֆոտոժապավենին, ապա զրկում է դրանց իրենց ենթատեքստից և ցուցադրում որպես արտ-օբյեկտներ։ Արդյունքում ստացվում էր, որ նկարչի միակ «ներդրումը» ենթատեքստը փոփոխելն է։
  • Թակասի Մուրակամի (1962)[3]։ Նեո-փոփի ներկայացուցիչներից է ճապոնացի Թակասի Մուրակամին, որն իր աշխատանքներում օգտագործել է ազգային անիմացիայի և կոմիքսների ստեղծագործությունները։
  • Ջեֆֆ Կունս (1955)[4]։ Ջեֆֆ Կունսն 1979 թվականին ստեղծել է The New («Նոր») շարքը, որում ցուցադրում էր պատին կամ թափանցիկ արկղում տեղադրած փոշեծծիչ՝ այս կերպ արտահայտելով զանգվածային սպառման ապրանքի նկատմամբ իր գեղագիտության մինիմալիստական մոտեցումը։ Իր ավելի ուշ շարքերում ռեդի-մեյդերի փոխարեն Կունսը ստեղծում էր առարկաների խոշորացրած ու բոլոր դետալները մանրակրկտորեն մշակած կրկնօրինակները։ Նրա ոգեշնչման անփոփոխ ակունքը կիչի՝ զանգվածային ցածրորակ արտադրանքից, ինչպես նաև մանկական կենցաղից փոխառած առարկաներն էին։ Դրանցից են փչովի խաղալիք-կենդանիների նմանությամբ հարթ մշակված պողպատե քանդակները։ Որոշ քննադատներ ու հանդիսականներ այս ստեղծագործություններում, ծաղր էին նկատում, մինչդեռ հեղինակը հավաստիացնում էր, որ ընտրում է առօրյա առարկաներ, որպեսզի հանդիսատեսի հետ այնպես հաղորդակցվի, որ բոլորը զգան իր մասնակցությունն ու ըմբռնեն իր անձնական փորձի հետ կապերը։
  • Դիանա Հակոբյան (1961)։ Դիանա Հակոբյանը՝ որպես նեո–փոփ արվեստագետ, իր ստեղծագործություններում փորձում է ներկայացնել հետխորհրդային փլուզումից հետո ստեղծված իրավիճակը, որն ավերել է մարդկային հոգիները։ Նրա աշխատանքները սպառողականության մեխանիզմների զոհ դառնալու մտավախություն ու դրան ընդդիմանալու փորձեր են։
  • Հաիմ Սթեյնբախ (1944)
  • Ջեննի Հոլցեր (1950)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fred S. Kleiner, Helen Gardner, Christin J. Mamiya, Richard G. Tansey, Gardner's Art Through the Ages: Chapters 19-34, Thomson Wadsworth, 2004, p1068. 0-534-64091-5
  2. Վերծննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան. Երևան: «Առեդիտ» ՍՊԸ. 1988. էջեր 370–373.
  3. Smith, Roberta. "From a mushroom cloud, a burst of art reflecting Japan’s psyche." New York Times 8, no. 04 (2005): B28.
  4. Peter Childs, Mike Storry, Encyclopedia of Contemporary British Culture, Taylor & Francis, 1999, p413. 0-415-14726-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]