Մոշենի անատոլիական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոշենի անատոլիական
Մոշենու ծաղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոշենի անատոլիական
Լատիներեն անվանում
Rubus anatolicus Focke


Մոշենի անատոլիական (լատին․՝ Rubus anatolicus Focke), վարդազգիների ընտանիքի, մոռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ կամ կիսամշտադալար (համեմատաբար մեղմ ձմեռների դեպքում) թուփ է, որոշ չափով լիանանման, որի երկար, ուղիղ, ճկուն ճյուղերը կարող են հասնել մինչև 1,5-3 մետրի։ Դրանք անկյունավոր են, մերկ, ծածկված սուր և կեռ փշերով։ Տերևները բարդ են, եռամասն կամ հնգամասն, վերևից մուգ, ներքևից՝ բաց կանաչ։ Տերևիկները սուր ատամնաեզր են, 5-10 սմ երկարությամբ, սրածայր, ծաղկաբույլերը կազմված են 5-12 ծաղիկներից, որոնց տրամագծերը հասնում են մինչև 2 սմ-ի, սպիտակ են։ Պտուղները կարմրասևավուն են, փայլուն, մինչև 1 սմ տրամագծով։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են հուլիսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Փոքր Ասիայում, Իրանում, Միջին Ասիայում։ Հանդիպում է Հայկաստանի հյուսիսային շրջաններում, Զանգեզուրում, Մեղրիում, աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, թփուտներում, անտառների և ճանապարհների եզրերին, գետափերին։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում անատոլիական մոշենու համեղ և հյութալի պտուղները, որոնք պարունակում են օրգանական թթուներ, հանքային աղեր, շաքարներ։ Օգտագործվում են թարմ և պահածոյացված վիճակում (հյութեր, սիրոպներ, մուրաբաներ և այլն)։ Բազմանում է սերմերի, անդալիսի և արմատային մացառների միջոցով։ Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 9-10, 18-20, 23-25, 28, 32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոշենի անատոլիական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոշենի անատոլիական» հոդվածին։