Մետաղական հաստոցների փորձարարական ինստիտուտի Անդրկովկասի մասնաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաղահատ հաստոցների փորձարարական ինստիտուտի անդրկովկասյան մասնաճյուղ (ՄՀՓԻԱՄ), խորհրդային շրջանի գիտահետազոտական ինստիտուտ Երևանում, ստեղծվել է 1961 թվականին՝ «Հայմեքշինգիտինստիտուտի» կոնստրուկտորա-տեխնոլոգիական բաժնի հիման վրա։ 1978 թվականին դարձել է ինքնուրույն ինստիտուտ և «Հայհաստոց» միավորման գլխամասային կազմակերպությունը։ 1971 թվականին ստեղծվել է ինստիտուտի փորձնական բազան՝ Մոսկվայի «Ստանկոկոնստրուկցիա» գործարանի Երևանի մասնաճյուղը (1973 թվականից՝ Երևանի փորձնական հաստոցաշինական գործարան)։ ՄՀՓԻԱՄ-ն ունեցել է ծրագրերի պատրաստման փնջային կենտրոն, հաշվողական կենտրոն, 5 գիտական բաժին (մետաղահատ հաստոցների հետազոտման, էլեկտրաքիմիական մշակման, հավասարակշռման և դիագնոստիկայի, հղկանյութային եղանակներով մշակման, էլեկտրաավտոմատիկայի) և 10 պրոբլեմային լաբորատորիա։ 1978 թվականից ինստիտուտը հրատարակել է գիտական աշխատությունների ժողովածու (Труды Закавказского филиала ЭНИМС)։ ՄՀՓԻԱՄ-ում մշակված հաստոցները թողարկվել են Կիրովականի ճշգրիւո հաստոցների գործարանում (16Տ02Պ, 16Տ02 Ա և 9Ա711, 9712 մակնիշների հավասարակշռման հաստոցներ), Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում (2Ե52, 2Լ53, 2Ա53ՈԻ մակնիշների շառավղային գայլիկոնիչ հաստոցներ), Բաքվի հաստոցաշինական գործարանում (4405, 4406, 4407 մակնիշների էլեկտրաքիմիական մշակման հաստոցների տեսակախումբ)։ Ինստիտուտի բաժիններում նախագծված և փորձնական գործարանում ստեղծված «Արարատ-1», «Արարատ-2» մակնիշի էլեկտրաքիմիական հաստոցները առաքվել են Արևելյան Գերմանիա, ԷԶ-105 մակնիշի հավասարակշռման ավտոմատ հաստոցը՝ Չեխոսլովակիա և Լեհաստան, ԷԶ-106 մակնիշի հղկանյութա-հեղուկային կիսաավտոմատ հաստոցը՝ ԽՍՀՄ տարբեր ձեռնարկություններին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 476