Մանուկ բեյի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուկ Բեյի պալատ
Conacul lui Manuc Bei
Ժամանակակից կարգավիճակ`Ճարտարապետական հուշարձան
Երկիր`Մոլդովա
Ճարտարապետական ոճ`Ֆրանսիական կլասիցիզմ
Հիմնող`Մանուկ Բեյ
Ճարտարապետ`Ալեքսանդր Բերնարդացի
Կառուցման
ժամանակաշրջան`
1817
Քարտեզ
Քարտեզ

Մանուկ Բեյի պալատ, ռումինահայ դիվանագետ, առևտրական Մանուկ Բեյի պատվերով ճարտարապետ Ալեքսանդր Բերնարդացիի 1817 թ.-ին կառուցած շինությունը։ Մանուկ Բեյը պալատում այդպես էլ չի հասցրել ապրել, քանի որ մահացել է 1817 թ. հուլիսի 20-ին։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որսորդական ամրոց

Մանուկ Բեյի պալատը գտնվում է Հնչեշտ քաղաքում՝ Մոլդովայի կենտրոնական հատվածում. այն Մանուկ Բեյի կալվածքների մաս է կազմում, որի մեջ բացի պալատից ներառված են նաև Որսորդական ամրոցը, Գրադարանը և սպասավորների համար նախատեսված կացարանը։ Պալատը քաղաքի հարավային մասում է և տեղակայված է բլրի հյուսիսային լանջին՝ այգու վերջնամասում։ Բլրի ստորոտի գլխավոր մուտքից այգով դեպի պալատ տանող ծառուղի կա։ Ռելիեֆի թեքության պատճառով բլրի գագաթից տեսանելի է միայն պալատի երկու հարկը, իսկ ստորոտից՝ մեկը։ Պալատը կառուցված է ֆրանսիական կլասիցիզմի ոգով՝ լայն լուսամուտնախորշերով և սյունազարդ պատշգամբներով։ Պալատի որոշ պատեր զարդարված են գեղեցիկ որմնանկարներով, կան նաև արձաններ։ Դաստակերտը ժամանակին շրջապատված է եղել բերդապարիսպներով։

Պալատի առաստաղը նկարազարդել է մեկ այլ հայտնի հայ՝ Հովհաննես Այվազովսկին, սակայն ներկայում այդ գունազարդումներից հետք էլ չի մնացել։

Մանուկ Բեյի պալատը պատմական մեծ նշանակություն ունի և ներառված է Մոլդովայի ազգային հարստությունների ցանկում։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ Բեյի ժառանգների ժամանակաշրջանում այս կալվածքն աչքի էր ընկնում շքեղությամբ։ Այնտեղ շատրվաններ կային. նաև արհեստական լճակի մասին հիշատակություն է պահպանվել, որ, սակայն, այժմ գոյություն չունի։ Կալվածքի բոլոր շինությունները պալատին միանում էին ապակե թանգարաններով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պալատն արագացված կարգով վերափոխվեց և տեխնիկումի վերածվեց, իսկ 1950-ական թթ. վերջին ղեկավարության հրամանով քանդվեցին բերդապարիսպները։

1986 թ. երկրաշարժից հետո շինությունը վթարային ճանաչվեց, իսկ տեխնիկումի համար 1991 թ.-ին պալատից ոչ հեռու նոր տարածք տրամադրվեց։ 1993 թ.-ին պալատին ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ տրվեց[1]։

Ստորգետնյա մուտքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկած կա, որ թանգարանների տակ նաև ստորգետնյա մուտքեր են եղել.

Կողաշենքից դեպի պալատ ստորգետնյա մուտքերի մասին հստակ տեղեկություն չկա, սակայն երկու մեծ ստորգետնյա մուտք, իրականում, գոյություն ունի։ Մեկը կարճ է և ավարտվում է մեծ լճակի մոտ։ Հայտնի չէ, թե արդյոք այդ լճակը եղել է մանուկ Բեյի ժամանակ, սակայն ստորգետնյա մուտքն այնտեղ է դուրս գալիս։ Մյուս ստորգետնյա մուտքը ձգվում է ամբողջ քաղաքով և անցնում Մշակույթի տան տակով[2]։

Վերականգնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռվից վեհաշուք տեսք ունեցող պալատը մոտիկից ծանր տպավորություն է թողնում։ Ծեփը թափել է, որոշ տեղերում՝ հիմքից մինչև քիվը, խորը ճաքեր են[2]։

Պալատի վերականգնողական աշխատանքը սկսվեց 2012 թ.-ին. Մոլդովայի կառավարության որոշմամբ՝ այս նպատակի համար 2 ու կես միլիոն լեյ է հատկացվել։ Նախագծի ընդհանուր արժեքը 23 ու կես միլիոն լեյ է եղել. գումարի մեծ մասը Եվրամիությունն է տրամադրել։ Վերականգնողական աշխատանքները մոտ երեք տարի տևեցին. պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2015 թ. դեկտեմբերի 13-ին։

Մշակութային ժառանգության վերականգնման շնորհիվ Մոլդովա ավելի շատ զբոսաշրջիկներ կայցելեն. բացի այդ, միջազգային մակարդակով երկիրն ավելի ճանաչելի կդառնա[1]։

Հայ համայնքի դիրքորոշումը պալատի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Հայկ Գևորգյանի կարծիքով՝ հայկական մշակութային ժառանգությունը՝ այդ թվում Մանուկ բեյի կալվածքները, պետք է տնօրինեն հայերը։ Նման նախադեպ կա՝ Ռումինիայի տարածքում Մանուկ բեյի ամբողջ ճարտարապետական ժառանգությունը փոխանցվել է տեղի հայ համայնքին։

Դեռ 1990-ական թթ.-ին Մոլդովայի հայ համայնքը հայտարարել էր Մանուկ Բեյի կալվածքները տնօրինելու իրավունքի մասին, նույնիսկ այն գնելու համար գումար էր հավաքվել, սակայն ներհամայնքային հակամարտության պատճառով գործն այդպես էլ ավարտին չհասցվեց։

Պորտուգալահայ գործարար Գալուտ Գյուլբենկյանը ևս ժամանակին հետաքրքրված է եղել Մանուկ Բեյի կալվածքներով[2]։

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մոլդովահայերի հետ Մանուկ Բեյի պալատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թ.-ին Մոլդովայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանուկ Բեյի պալատում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մանրամասներ ներկայացրել Քիշնևում տեղի ունեցած իր, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպման վերաբերյալ[3]։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մանուկ Բեյի պալատում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В Хынчештах завершена реставрация дворца Манук-Бея».
  2. 2,0 2,1 2,2 «Манук-бей Мирзоян и его дворец в Хынчешть». Молдавские Ведомости. 02.02.2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 3-ին.
  3. «Վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների և ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • G. Bezviconi, Manuc-bei // Din trecutul nostru
  • А. Тораманян, Из истории строительной деятельности армян в Молдавии. «Внешторгиздат», Москва, 1991, стр. 137
  • Revistă de etnologie, Nr.1
  • Frieder Monzer, Timo Ulrichs: Anwesen des Manuc Bey. In: Moldova: Mit Chișinău, ganz Bessarabien und Transdnestrien (3. Auflage), Trescher Verlag, Berlin 2020, ISBN 978-3-89794-455-8. p. 171

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]