Մանկական պարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական պարեր
Ժանրպարերգ, շուրջպար
Տակտի չափ2/4, 4/4, 6/8
Ծագել էՀայաստան

Մանկական պարեր, հայոց մեջ պարել են երեխաները տարբեր տոների, զվարճանքների, առիթների ժամանակ, մեծերից առանձին։ Հայաստանում գոյություն ունեցող պարերի հատուկ տեսակ է, որը տարբեր տարածաշրջաններում ուներ յուրահատուկ անվանումներն ու առանձնահատկություններ՝ սկսած կատարման ձևերից մինչև մեղեդու տակտը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարբեր տարածաշրջանների բանասացները պատմել են, որ երեխաներին թույլ չէին տալիս մեծահասակների հետ պարել, հազվադեպ պատահել է, որ երեխաները միացել են պարաշարի վերջին՝ սովորելով պարել, բայց եթե խանգարել են, նրանց քշել, հեռացրել են։ Երեխաները պարել են առանձին։ Գիտական բանահավաքչական արշավախմբերը կարողացել են գրի առնել Շատախում, Շիրակում, Հայաստանի այլ վայրերում տարածված պարեր, որոնք վաղուց եղել են հայոց մեջ և մինչ այսօր էլ գոյություն ունեն։ Մանկակն պարեր կարող էին ձևավորվել 3 եղանակով[1]՝

1․Ստեղծվել են մանկական միջավայրում՝ երեխաներին պարով զվարճացնող մեծահասակների օգնությամբ։

2․Եղել են ծիսական մանկական պարեր, որոնք սովորեցրել են երեխաներին, ըստ ծեսի՝ առանձին, զույգերով, որոշակի սեռի ու քանակի տարեկիցների խմբերով, երբեմն նաև մեծահասակների հետ։

3․Ստեղծվել են մեծահասակների միջավայրում՝ որպես ծիսական կամ աշխարհիկ պարեր, ծեսի վերանալու կամ այլ հանգամանքներով պայմանավորված, անցել են մանուկներին, դարձել մանկական պարեր։ Ժամանակի ընթացքում բազմաթիվ մանկական պարերի դեպքում կորսվել է երգի տեքստն ու պարեղանակը, վերածվել խաղի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց հինավուրց մանկական պարերից մեզ հասել են շատ քիչ թվով նմուշներ։ Պետք է նշել, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին որոշ պարեր հայերի մոտ որակվել են որպես մանկական պարեր։ Դրանք գրի առնվել ու բացահայտվել են տարբեր գիտարշավական խմբերի ծավալուն աշխատանքներիի շնորհիվ։

Հայկական մարշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պարը տարածված է Էջմիածնի շրջանի բոլոր գյուղերում։ Մանկական պար է, սակայն որոշակի տոների ու հարսանիքների ժամանակ կատարել են նաև մեծահասակները։ Հայկական մարշը բաղկացած է մեկ արագ, աստիճանաբար արագացող մասերից։ Պարային ֆիգուրան բաղկացած է 8 փոփոխվող քայլից, մեղեդին՝ պարեղանակը, ունի 4 տակտ։ Շարժվում են դեպի աջ՝ շրջանով։ Ձեռքերը դրվում են հարևանների ուսերին։

Սասնո Նիներ, Նիներ, Նիներ նա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պարի ժամանակ երեխաները կազմում են շատ լայն շրջան, ձեռքերը կողմ տարածելով՝ ափերով բռնում են միմյանց այնպես, որ դաստակները լինեն գոտկատեղի մակարդակին։ Դեպի աջ են գնում, ձեռքերը ճոճում հետ և առաջ։ Ռիթմը աշխույժ է։ Տեքստը մանկական զվարճախոսություն է։ Ըստ երևույթին՝ կապ ունի օրորոցային երգերի հետ։

Հաու լլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասնո այս մանկական պարի մեղեդին 2/4 է, իսկ նույն պարի մյուս տարբերակում՝ 6/8։ Կատարում են դեպի աջ ցակտով, իջնում աջ ոտքին, հետո վեր ցատկ դեպի ձախ, իջնում ձախ ոտքին։ Թալինի Իրինդ գյուղում, ապա նաև Աշնակում գրառել է Սրբուհի Լիսիցյանը[2]

Յարխմբազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասնո Յարխմբազ պարը կատարում են այսպես՝ 3-ին ՝ դեպի փախ ցատկը կատարում են երկու ոտքով, 5-ին կքանստում, հետո 6-ին ցատկում, ինչպես Հաու լլա պարում։ Այս պարի տեքստը քրդերեն է։ Սիրային բովանդակությունից ենթադրվում է, որ պատկանել է ոչ մանկական տարիքի երգերին։

Զմբիկ, զմբիկ, պար արի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պարը գրի է առնվել Աշնակում՝ 1932 թվականին։ Մեղեդին գրառված չէ։ Զմբիկ տալ նշանակում է ՝ լողալիս ոտքերով հարվածել ջրին։ Զմբիկը էգ ձին է՝ զամբիկը։ Զմբիկ տալ իմաստից ենթադրվում է՝ զույգ ոտքով թռնել ու պար գալ։ Երեխամերը շուրջպար են բռնում, ձեռքերը ճոճում աջ, ձախ կամ հետ ու առաջ, կքանստում, ցատկում զույգ ոտքով։ Կարելի է նաև ձեռքերը բաց թողնել և ծափել։ Որոշ վայրերում ծափ են տալիս ու ձեռքերը զարկում մեկ իրենց, մեկ դիմացինի ձեռքեին։

Գաջե, գու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկան պարերգը գրառվել է Արթիկում, պարել են 7-12 տարեկանները։ Խարել են առանց առիթի, երբ ցանկացել են։ Հերիքնազ Արթենյանը այս պարը տեսել է նաև իր հայրենի Հոռոմ գյուղում, նաև Նոր-Կյանքում(Մեջթլի)։ Մեդեդու չափը 2/4 է։ Պարել են փակ շրջանով՝ միմյանցից հեռու դասավորությամբ, արմունկները ուղիղ անկյան տակ ծալելով՝ դաստակները առաջ, ճկույթները բռնած։ Ոտքի ու ձեռքի յուրաքանչյուր հարվածին երեխաները կրկնում են՝ ը,ը, ու, Գա-ջե, գու․․․

Հա , բախչա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պարը պարում են փակ շրջանով։ Ձեռքերը երկու տարբերակով են բռնում․

  • աջ ափը դնել հարևանի ձախ ափին՝ ինչպե ձեռքերը ներքև խոնարհվելիս, կանգնել իրարից հեռու։
  • կանգնել հեռու, «ճանկ» բռնվածքով, ձեռքերը դաստակնեից ներքև, արմունկները բաց։ Ձեռքերի մատները ճանկաձև բռնած են հարևանի ձեռքերի մատները։ Մեղեդու չափը 2/4 է։

Երգը կատարում են այսպես․ երկու երեխա երգում է մի տուն, մեկ այլ զույգ կրկնում է այդ տունը։ Առաջին երկու տների ժամանակ պարում են կանգնած, յուսների դեպքում՝ կքանիստ։ Պարել են Արթիկի շրջանում, Ալեքսանդրապոլուոմ, Ղարաքիլիսայում, միայն բացօթյա վայրերում, փակ տարածքներում չեն պարել։

Որբանոցի պար[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին Ալեքսանդրապոլում բացվել է որբանոց։ Որբ քույր-եղբայրները միմյանցից բաժանված են եղել, երեխաներն այդ մասին երգեր են հորինել ու նաև պարել։ Պարել են ճկույթi բռնվածքով, գոտկատեղի մակարդակին, մեղեդին՝ 4/4։ Երգի յուրաքանչյուր տող երգել են 2 անգամ։ Ծանր քայլափոխի համաչափ ռիթմը փոխանցել է որբի ճակատագրի անելանելի վիճակը։

Որբանոցի պարերգ

Ախ, մեր քաղաքում որբանոց բացին,
Քուրն ու ախպորը , մամա ջան, որբանոց գցին,
Օրիորդը նստավ ծառների տակին,
Որբերին առավ, մամա ջան, թևերի տակին․․․
․․․Քուրն ու ախպորը իրարից ջոկին,
Սրտիս վրա, ախ մամա ջան, վերքեր բացին․
Էլ չի լավանա սրտիս վերքերը,
Ամենեն անուշ է, մամա ջան, կաթնատու մերը։

Եկեք ծեծենք սոխն ի սխտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պարերգը գոյություն է ունեցել Շատախում, Լենինականում, Հայաստանի տարբեր շրջաններում։ Պարում են դեպի աջ ընդհանուր տեղաշարժով՝ երկու գնա, մեկ արի սովորական պարաձևով, խաղացող ոտքը զարկում են գետնին ու անմիջապես կտրում գետնից։ Խմբով երգում են մարմնի այն մասը, որով պիտի ծեծեն սոխն ու սխտորը՝ ներբանով ծեծել, ծնկով ծեծել, ոտքով ծեծել, բռունցքով ծեծել, արմունկով ծեծել, ճակտով ծեծել, քթով ծեծել, կզակով ծեծել, պորտով(փորով) ծեծել, կողքով ծեծել, մեջքով ծեծել,։ Այս ամենը կատարվում է շրջան կազմած։ Այս պարը օգտակար է որպես մարմնամարզություն։ Կատարել են նաև մեծահասակները «նստմանց» հավաքույթների ժամանակ։ Հայաստանում ձմռան երկար երեկոներին կազմակերպել են հավաքույթներ, երգեր են երգել, հեքիաթներ պատմել, պարել․ ահա այդ պարերն էլ կոչվել են նստմանց պարեր։

Եկեք ծեծենք սոխն ի սխտոր


Եկեք ծեծենք սոխն ի սխտոր,
Քթով, քթով,
Կնաչ գխտոր, ջուխտ մամանեխ,
Քթով ծեծենք։

Ինչով ծեծենք, սոխն ի սխտոր․
Զոռով ծեծենք սոխն ի սխտոր․
Կնաչ գխտոր, ջուխտ մամանեխ,
Կնաչ գխտոր, ջուխտ մամանեխ։


Ոտքով ծեծենք սոխն ի սխտոր,
զոռով ․ զոռով
Կնաչ գխտոր, ջուխտ մամանեխ,
Զոռով ծեծենք։
Ոտքով, ոտքով,
ոտքով ծեծենք։
Կնաչ գխտոր, ջուխտ մամանեխ,
Ծունկով ծեծենք սոխն ի սխտոր,
Ձեռքով, ձեռքով,
Կնաչ գխտոր, ջուխտ մամանեխ,
Ձեռքով ծեծենք․․․․

Մանկական պարերգերի նմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական պարերը ուղեկցվել են երգով, պարերգերի այդպիսի բազմաթիվ նմուշներ հասանելի են այսօր։

Մանկական պարերգեր
Այ արևը[3] Հոպ,թըռի[4] Փափուռի[5] Դան, դան, դանեդան[6] Հայ զընգա[7]

1․ Հենց որ ծագի արևը,
 Այ արևը, արևը,
 Քեզի ղրկեմ բարևը,
 Ո՞ւմ տամ տանի բարևը։
 Այ արևը, արևը,
 Ո՞ւմ տամ տանի բարևը։
2. Արև ելավ էն սարից,
 Այ արևը, արևը,
 Կաքավ կանչեց էն քարից,
 Ո՞ւմ տամ տանի...
3. Պուճուր թըփին լեն տերև,
 Այ արևը, արևը,
 Պաչեմ ունքերիդ վերև,
 Ո՞ւմ տամ տանի...
4. Արի ցավիս ճար արա,
 Այ արևը, արևը,
 Հենց դու ըլիս կյանք-արև,
 Ո՞ւմ տամ տանի...

Հոպ, թըռի, հոպ, հոպ, թըռի,
 Հայկո ջան,
 Շուտ թըռի, շախով թըռի,
 Վարսո ջան։
1. Խնձոր ես ծառի վրա,
 Հայկո ջան,
 Ծաղիկ ես սարի վրա,
 Վարսո ջան։
 Հոպ, թըռի...
2. Անուշ տաղ ասող կաքավ,
 Հայկո ջան,
 Կանգնել ես քարի վրա,
 Վարսո ջան։
 Հոպ, թըռի...
3. Ախպեր ունեմ՝ գառնարած,
 Հայկո ջան,
 Պարի միջին շվարած,
 Վարսո ջան։
 Հոպ, թըռի...

. Նանայ, նանայ, փափուռի,
 Նանայ, նանայ, փափուռի,
 Փափուռի ջան, փափուռի,
 Փափուռի ջան, փափուռի։
2. Ջուր է գալիս էն սարից,
 Նանայ, նանայ, փափուռի,
 Կաթում է մարմար քարից,
 Նանայ, նանայ, փափուռի։
3. Արև ելավ էն սարից,
 Նանայ, նանայ, փափուռի,
 Կաքավ կանչեց էն քարից,
 Նանայ, նանայ, փափուռի։
4. Խնձոր ես ծառի վրա,
 Նանայ, նանայ, փափուռի,
 Ծաղիկ ես սարի վրա,
 Նանայ, նանայ, փափուռի։
5. Անուշ տաղ ասող բըլբուլ,
 Նանայ, նանայ, փափուռի,
 Կանգնել ես քարի վրա,
 Նանայ, նանայ, փափուռի։
6. Մտա բլբուլի բաղը,
 Նանայ, նանայ, փափուռի,
 Երգեցի անուշ տաղը,
 Նանայ, նանայ, փափուռի։

Դան, դան, դանեդան,
Ձի հավ մը կեր, կոլոտ էր,
 Դան, դան...
Փողցեփողոց ման կու գեր,
 Դան, դան...
Ինչ որ գըտներ՝ կուլ կու տեր,
 Դան, դան...
Պուտուկ փըլավ էփեցի,
 Դան, դան...
Կոլոտ հավուն կերցուցի։
 Դան, դան...
— Կոլոտ հավ, ձի ձու ածա։
 Դան, դան...
Տարա տըվի դարբընին.

 Դան, դան...
— Դարբին, ձի դանակ մը տուր։
 Դան, դան...
Դանակ տըվի հովըվուն.
 Դան, դան...
— Հովիվ, ձի մաքի մը տուր։
 Դան, դան...
Մաքին տըվի Աստծուն.
 Դան, դան...
— Աստված, ձի աղբեր մը տուր,
 Դան, դան...
— Աղբեր, աղբեր, ես քեզ շուն,
 Դան,դան․․․

Հայ, զընգա, զընգա, զընգա,
Հայ, զընգա, զընգա, զընգա։
Բըռամ կատուն դարբնի տուն,
Հայ, զընգա, զընգա, զընգա,
Դարբնի կըռան զարգը տուր,
Հայ, զընգա, զընգա, զընգա,
Ասա թե չըգաս մեր տուն,
Հայ, զընգա, զընգա, զընգա։
Բըռամ կատուն, չար կատուն
Փախավ մըտավ Սըրբկա տուն,
Բըռամ կատուն հարիսա,
Սըրբիկն ուտի լավանա։
Սըրբիկ նազե նազ կանի,
Ծամերն իդև սազ կանի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսիցյան, Սրբուհի (2013). Հայկական հինավուրց պարեր. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լիսիսցյան, Սրբուհի (2013). Հայկական հինավուրց պարեր. Երևան. էջ 276.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Լիսիցյան, Սրբուհի (2013). Հայկական հինավուրց պարեր. Երևան: «Ասողիկ» հրատարակչություն. էջեր 278–279.
  3. https://www.armenianmusic.am/hy/audio․Այ(չաշխատող հղում) արևը, մանկական պարերգ
  4. https://www.armenianmusic.am/hy/audio/sub_genres=34, Հոպ, թռի, պարերգ
  5. https://www.armenianmusic.am/hy/audio/sub_genres=34, Փափուռի պարերգ
  6. https://www.armenianmusic.am/hy/audio/sub_genres=34, Դան, դան , դանեդան պարերգ
  7. https://www.armenianmusic.am/hy/audio/sub_genres=34, Հայ զնգա, պարերգ