Մագնիսահիդրոդինամիկական գեներատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսահիդրոդինամիկական գեներատոր, էներգետիկական տեղակայանք էլեկտրահաղորդիչ միջավայրի ջերմային էներգիան էլեկտրականի փոխակերպելու համար։ Բաղկացած է կանալից, որով շարժվում է աշխատող մարմինը (էլեկտրոլիտներ, հեղուկ մետաղներ, պլազմա), էլեկտրամագնիսական համակարգից և էլեկտրաէներգիայի արտանցման հարմարանքներից։ Մագնիսահիդրոդինամիկական գեներատորի գործողության սկզբունքը հետևյալն է. մագնիսական դաշտի լայնքով շարժվող աշխատող մարմնում մակածվում է էլեկտրական հոսանք, որը էլեկտրական շղթային է փոխանցվում համապատասխան էլեկտրոդների միջոցով։

Մագնիսահիդրոդինամիկական գեներատորները լինում են կոնդուկցիոն (էլեկտրական հոսանքն անմիջականորեն արտանցվում է աշխատող մարմնի հոսքի ուղղությամբ տեղադրված էլեկտրոդներից) և ինդուկցիոն (առանց էլեկտրոդների)։ Ըստ նշանակման մագնիսահիդրոդինամիկական գեներատորները լինում են իմպուլսային (մի քանի մկվրկ տևողությամբ), կարճատև գործողության և երկարատև աշխատող։ Մագնիսահիդրոդինամիկական գեներատորները կարող են կիրառվել էլեկտրակայաններում (բազային բեռնվածքով և երկրորդային շոգեուժային ցիկլի օգտագործմամբ), գագաթնակետային բեռնվածքների կոմպենսացման տեղակայանքներում, կարճատև էներգետիկական հզորությունների ստեղծման տեղակայանքներում, ստորջրյա նավատորմում (որպես էներգիայի աղբյուր), տիեզերական թռչող ապարատներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png