Հողի բերրիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mikania micrantha at Kadavoor.jpg
TVA Results of Fertilizer.gif

Հողի բերրիություն, հողի հատկություն, որով բույսն ապահովվում է յուրացվող սննդանյութերով, խոնավությամբ, օդով և դառնում բերքատու։ Տարբերում են.

  • Պոտենցիալ (բնական) հողի բերրիություն՝ տվյալ ժամանակաշրջանում հողի մեջ եղած բույսերի համար անմատչելի սննդանյութերը, դրանց ընդհանուր պաշարները, խոնավությունը
  • Արդյունավետ (տնտեսական) հողի բերրիութուն՝ տվյալ տարում մշակվող բույսերի կողմից բերքատվության տարրերի օգտագործման հնարավորությունը, փաստացի բերքատվությունը, որն առաջին հերթին կախված է ագրոտեխնիկական համալիրի միջոցառումների կիրառումից։

Հողի բերրիության կարևորագույն գործոններն են. բույսերին անհրաժեշտ սննդանյութերի պարունակությունը, մատչելի խոնավության առկայությունը, դրա կայուն մակարդակը, հողի օդային ռեժիմը (արմատային համակարգի լավ զարգացման, ինչպես նաև մանրէների կենսագործունեության համար), հողի մեխանիկական կազմը, կառուցվածքը և ռեակցիան, թունավոր նյութերի պարունակությունը և այլն։ Հողի բերրիությունը կախված է հող առաջացնող գործոններից՝ կլիմայից, հողառաջացնող ապարներից, բնական և մշակովի բուսականությունից, ռելիեֆից, բայց առանձնակի նշանակություն ունի հողօգտագործման բնույթը։ Բերքատու, հարուստ հողերը պարունակում են մեծ քանակությամբ հումուս (5-40%), ազոտական, ֆոսֆորական, կալիումական միացություններ, որոնք բույսերին մատչելի են միայն շարժուն վիճակում։ Հողի հումուսը, որը բերրիության ցուցանիշն է, անմիջապես բույսին սնել չի կարող, այն մշակման ընթացքում տարրալուծվում է՝ ազատելով ազոտը, ֆոսֆորը, կալիումը, որոնցով և բույսերը սնվում են։ Բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է հողն ապահովել այդ կարևվոր տարրերով, ինչպես նաև միկրոտարրերով (Տ, Mo, Fe, Cu, Zn)։ Բացի այդ անհրաժեշտ է ապահովել հողի ջրակլանունակությունը, օդի ազատ շրջանառությունը, բարելավել ստրուկտուրան և այլն՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված, յուրաքանչյուր շրջանի հողակլիմայական պայմաններին համապատասխան ագրոտեխնիկա՝ ցանքաշրջանառության, պարարտացման ճիշտ համակարգ, հողի արդյունավետ մշակումː

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png