Հնդեվրոպական լեզվաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդեվրոպական լեզվաբանություն, հնդեվրոպաբանություն, պատմա-համեմատական լեզվաբանության բաժին, որն զբաղվում է հնդեվրոպական լեզուների համեմատական ուսումնասիրությամբ։

Ձևավորման ընթացք[խմբագրել]

Որպես գիտություն ձևավորվել է XIX դ. 1-ին քառորդում, երբ արդեն բավական աշխատանք էր կատարվել հնդեվրոպական առանձին լեզուների ուսումնասիրության ուղղությամբ և կուտակվել էր փաստական բավարար նյութ այդ լեզուների ընդհանրությունները համակարգելու և դրանց ծագումնաբանական կապերը բացահայտելու համար։

Առաջին շրջան[խմբագրել]

Հնդեվրոպական լեզվաբանության զարգացման 1-ին շրջանում (XIX դ. սկզբից մինչև կեսերը) լույս են տեսել Ֆ. Բոպպի, Ռ. Ռասկի, Ա.Պոտտի աշխատությունները, որոնցում հեղինակներն անդրադարձել են տարբեր լեզուների ծագումնաբանական՝ քերականական, բառապաշարային ընդհանրություններին, որոշել հնդեվրոպական հիմնական լեզուները, խոսել դրանց մեկ ընդհանուր լեզվից ծագելու մասին։

Երկրորդ շրջան[խմբագրել]

Երկրորդ շրջանն ընդգրկում է XIX դ. կեսերից մինչև 70-ական թթ. կեսերը։ Եթե առաջին շրջանում լեզվաբանները համեմատության միջոցով ձգտել են պարզել լեզուների ծագումնաբանական ընդհանրությունները, ապա այս շրջանում նպատակ են դրել վերականգնել հնդեվրոպական լեզուների հիմքում ընկած ընդհանուր լեզուն («նախալեզու», «հիմք-լեզու»), նրա կառուցվածքն ու առանձնահատկությունները։ Տարբեր լեզվաբաններ տարբեր կերպ են պատկերացրել մեկ նախալեզվից մի քանի լեզուների առաջացումը և սրանց ու նախալեզվի փոխհարաբերությունը. Ա. Շլայխերն այն պատկերացրել է ծննդաբանական ծառի, Յ. Շմիդը՝ մեկ կենտրոնից հեռացող ալիքների («ալիքների տեսություն») տեսքով։

Երրորդ շրջան[խմբագրել]

Երրորդ շրջանում (XIX դ. վերջին քառորդը և XX դ. սկիզբը) ձևավորվել է երիտքերականական ուղղությունը, որի ներկայացուցիչները նպատակ են դրել պարզել ցեղակից լեզուների փոխհարաբերության մանրամասն պատկերը և որոշել այդ լեզուների պատմական զարգացման օրինաչափությունները։ Հնչյունական միավորների համեմատության ժամանակ երիտքերականներն առաջ են քաշել հնչյունական օրենքների՝ բացառություն չճանաչելու դրույթը, լեզվական նորակազմությունների բացատրության ժամանակ մեծ դեր են հատկացրել համաբանությանը։ Երիտքերականների ուսումնասիրության արդյունքներն ի մի են բերել հատկապես Կ. Բրուգմանը և Բ. Դելբրյուկը։ Ֆ. դե Սոսյուրը «Ուսումնասիրություն հնդեվրոպական լեզուների ձայնավորների նախնական համակարգի մասին» (1879) աշխատության մեջ, կիրառելով քննության համակարգային եղանակ, հնդեվրոպական լեզվի համար տեսականորեն առանձնացրել է իռացիոնալ հնչյուններ՝ «ձայնորդային գործակիցներ», որոնց գոյությունը հետագայում հաստատվում է նոր հայտնաբերված հնդեվրոպական լեզուների տվյալներով։ Ա. Մեյեն, զբաղվելով հնդեվրոպական տարբեր լեզվախմբերի ուսումնասիրությամբ, հատկապես մեծ ուշադրություն է դարձրել նախալեզվի բարբառային տարբերակվածության հարցին։ XX դ. սկզբում ընդլայնվել են հնդեվրոպական լեզվաբանության ուսումնասիրության նյութի շրջանակները՝ կապված խեթերենի, թոխարերենի և նոր հայտնաբերված հնդեվրոպական այլ լեզուների վերծանման, ինչպես նաև քիչ ուսումնասիրված իլլիրերենի, մեսապերենի, թրակերենի, փռյուգերենի նկատմամբ հետաքրքրության աճման հետ։ Հնդեվրոպական լեզվակառուցվածքի առանձին կողմերի ծագման ուսումնասիրության կապակցությամբ քննության նյութ են դառնում հնդեվրոպական լեզվի տարբեր մակարդակներում դրսևորվող արխաիկ երևույթները (Հ. Հիրտ)։ Առաջ է քաշվում հնդեվրոպական-սեմական ցեղակցության խնդիրը (Հ. Մյոլլեր, Ա. Կյունի)։

Չորորդ շրջան[խմբագրել]

IV շրջանում (XX դ. 20-ական թթ. մինչև մեր օրերը) հնդեվրոպական լեզվաբանության ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը հնդեվրոպական նախալեզվի հնագույն տարրերի բացահայտման, միջլեզվաընտանիքային կապերի ուսումնասիրման ուղղությամբ։ Լեզուն որպես համակարգ դիտելը, ուսումնասիրման նորագույն մեթոդների, այդ թվում՝ տարածքային քննության սկզբունքների կիրառումը, հիմք են տալիս առաջ քաշելու նոր վարկածներ հնդեվրոպական լեզվական ընդհանրության բարբառային բաժանման, նախնական տեղաբաշխման, ընդհանրության ժամանակի, մյուս լեզվաընտանիքների հետ ունեցած կապերի և այլ հարցերի մասին։ Այս շրջանի աչքի ընկնող հնդեվրոպաբաններից են Է. Բենվենիստը, Ե. Կուրիլովիչը, Ֆ. Շպեխտը, Յ. Պոկոռնին, Վ. Պիզանին, Վ. Պորցիգը, Վ. Գեորգինը, Ջ. Բոնֆանտեն և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png