Հյուսիսային Ամերիկայի կլիման ձևավորող գործոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկայի կլիման խիստ բազմազան է՝ կլիմա գոյացնող տարբեր ազդակների ներգործությամբ։ Այդպիսի ազդակներից մեկը մայրցամաքի աշխարհագրական դիրքն է։ Մայրցամաքը հյուսիսից-հարավ ունի մեծ ձգվածություն։ Նրա հյուսիսն ընկած է ջերմային ցուրտ գոտում, կենտրոնական շրջանները՝ բարեխառն, իսկ հարավը՝ տաք։ Հյուսիսում տարվա գումարային ճառագայթումը կազմում է 60 կկալ/սմ², իսկ հարավում՝ 180 կկալ/սմ²։

Մակերևույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկայի կլիմայի վրա մեծ ազդեցություն են թողնում նաև լեռնաշղթաների դասավորությունը։ Կորդիլերները և Ապալաչները ձգվելով տաք օվկիանոսների առափնյա մասերով՝ դժվարացնում են օվկիանոսների մեղմացուցիչ ազդեցությունը ցամաքի կլիմայի վրա։ Հյուսիսում՝ Հուդզոնի, իսկ հարավում՝ Մեքսիկական ծոցերի կողմից «բաց դարպասների» առկայությունը հնարավորություն է տալիս հյուսիսից՝ ցուրտ, իսկ հարավից՝ տաք օդային զանգվածներին ներխուժել մայրցամաքի խորքը և առաջացնել ջերմաստիճանների ու եղանակի կտրուկ փոփոխություններ։ Տաք և ցուրտ օդային զանգվածները հաճախ հանդիպելով՝ առաջացնում են մթնոլորտային ճակատներ, ուժեղ քամիներ, փոթորիկներ։

Ծովային հոսանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքի կլիմայի վրա որոշակի ազդեցություն են թողնում նաև ծովային հոսանքները։ Արևմուտքում Հյուսիս-Խաղաղօվկիանոսյան տաք հոսանքը և նրա շարունակությունը հանդիսացող Ալյասկայի հոսանքը մեղմում են Ալյասկայի ծոցի առափնյա շրջանների ձմեռային ցրտերը և առաջացնում են առատ տեղումներ (2 - 3 մ ձյան շերտ)։ Դրան հակառակ, մայրցամաքի արևմտյան մասով անցնող Կալիֆորնիական սառը հոսանքը իջեցնում է առափնյա շրջանների ջերմաստիճանները և տեղումների քանակը, այդ պատճառով Կալիֆորնիայի հովիտը կիսաանապատ է։

Արևելքում Գոլֆստրիմ տաք հոսանքը դրական ազդեցություն է թողնում Ֆլորիդայի և Մերձատլանտյան դաշտավայրի վրա, իսկ Լաբրադորյան սառը հոսանքը հյուսիսարևելյան ափերի վրա բացասական ազդեցություն է թողնում։

Այլ գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի ձևավորման վրա ազդում են նաև վայրի բարձրությունը, տիրապետող քամիների ուղղությունը, ռելիեֆի բնույթը և այլն։