Մթնոլորտային ճակատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մթնոլորտային ճակատ, անցողիկ նեղ զոնա օդային զանգվածների (հիմնականում տաք և ցուրտ) միջև։ Բնորոշվում է ջերմաստիճանի և օդերևութաբանական այլ տարրերի կտրուկ փոփոխումներով։ Լինում են արկտիկական՝ արկտիկական և միջին լայնությունների, բևեռային՝ միջին լայնությունների և արևադարձային, արևադարձային՝ արևադարձային և հասարակածային օդային զանգվածների միջև ճակատներ։ Մթնոլորտային ճակատի լայնությունը մի քանի տասնյակ կմ է, հաստությունը՝ մի քանի հարյուր մետր։ Մթնոլորտային ճակատն աննշան թեքված է դեպի Երկրի մակերևույթը, որի ստորին մասում սեպի ձևով, գտնվում է ցուրտ, վերևում՝ տաք օդը։ Թեքությունը պայմանավորված է տաք և ցուրտ օդային զանգվածներում մթնոլորտային ճակատի ճնշման գրադիենտի ըստ բարձրության փոփոխության տարբերությամբ և Կորիոլիսի ուժի ազդեցությամբ։ Տաք և ցուրտ օդային զանգվածների որոշակի դասավորության հետևանքով մթնոլորտային ճակատում նկատվում է ինվերսիա կամ իզոթերմիա, երբեմն էլ՝ ջերմաստիճանի ըստ բարձրության անոմալ թույլ անկում։ Մթնոլորտային ճակատը տեսականորեն դիտարկվում է որպես բաժանման մակերևույթ (ճակատային մակերևույթ) օդային զանգվածների միջև։ ճակատային մակերևույթի թեքության հետևանքով Երկրի մակերևույթի հետ նրա հատման գիծը կոչվում է ճակատային գիծ։ Մթնոլորտային ճակատը բաժանվում է 3 հիմնական տիպի՝ տաք, ցուրտ և օկլյուզիային։ Տաք են կոչվում այն մթնոլորտային ճակատները, որոնց թիկունքում գտնվում է համեմատաբար տաք օդը, ցուրտ՝ երբ թիկունքում գտնվում է ցուրտ օդը։ Մթնոլորտային ճակատները հիմնականում առաջանում են ցիկլոններում, որտեղ, որպես կանոն, ցուրտ մթնոլորտային ճակատները շարժվում են ավելի արագ, քան տաքերը։ Շարժման արագությունների տարբերությունները հանգեցնում են նրան, որ երբեմն ցուրտ մթնոլորտային ճակատը հասնում է տաքին, միաձուլվում նրա հետ։ Արդյունքում առաջացած կոմպլեքսային մթնոլորտային ճակատը․ կոչվում է օկլյուզիային։ Տարբերում են ցուրտ և տաք տիպի օկլյուզիային մթնոլորտային ճակատ․։ Երբ ցուրտ մթնոլորտային ճակատի թիկունքում գտնվող օդը ավելի տաք է, քան տաք մթնոլորտային ճակատի առջևում գտնվող օդը, օկլյուզիային ճակատը համարվում է տաք տիպի, իսկ երբ ցուրտ մթնոլորտային ճակատի թիկունքում գտնվող օդի ջերմաստիճանը ավելի ցածր է, քան տաք մթնոլորտային ճակատի առջևում գտնվող օդինը՝ ցուրտ տիպի։ Մթնոլորտային ճակատներն առաջացնում են իրենց տիպերին հատուկ ամպային համակարգեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png