Հելլենիստական Հունաստանի արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հելլենիստական Հունաստանի արվեստ, տնտեսական և քաղաքական իր առաջատար դերը կորցրած հելլենիստական Հունաստաի հոյակերտ քանդակային ստեղծագործությունների մեջ առանձնանում է այդ դարաշրջանի ամենաերևելի հուշարձաններից մեկը՝ «Սամոթրակիական Նիկեն» (մ.թ.ա. մոտ 190 թվական, Փարիզ, Լուվր)։ Արձանը կանգնեցվել է Սամոթրակիա կղզում՝ ի պատիվ սիրիական թագավորի նավատորմի դեմ տարած ծովային հաղթանակի։ Չնայած խիստ հաղթանակներին աստվածուհու այս վեհապանծ կոթողը ներկայումս էլ զարմացնում է իր հսկայական կենսական ուժով։ Աստվածուհու ամբողջ կերպարը, հերդաշնակ հզոր կազմվածքը՝ ուժեղ քամուն, հուժկու ալիքների դեմ հանդիման, հագուստի ծածանվող յուրաքանչյուր ծալը ներթափանցված են հաղթանակի ցնծուն զգացումով։

Նավի առջևի մարմարագույն մասը, որի վրա ասես իջել է Նիկեն, պատվանդան էր ծառայում նրա համար։ Հնում արձանը կանգնած էր ժայռի գագաթին։ Աղմուկով նրա ստորոտին էին զարնվում ալիքները, ծովային քամին վժժում, ասես ծածանում էր աստվածուհու թիկնոցի ծալերը։ Խոնավ հագուստի մեջ զգացվում էր նրա ուժեղ ու գեղեցիկ մարմինը, նրա հզոր ու հպարտ հաղթական մարմարավուն թևերը կարծես ուրվագծվում էին կապույտ երկնքի ֆոնում։ Շրջապատի բնանկարին անխզելիորեն առնչված՝ արձանը պահանջում էր պտտվել, իրեն դիտել տալ բոլոր կողմերից։ Դիտակետերից յուրաքանչյուրը ստեղծում էր փառահեղ, խորապես հուզիչ, կենսահաստատ կերպարի բացահայտման նոր հնարավորություն։

Բարձր կլասիկայի ավանդույթներին ամենից ավելի մոտիկ Միլոսյան Ափրոդիտեի արձանը (մ.թ.ա. մոտ 120 թվական, Փարիզ, Լուվր) վերագրվում է Ալեքսանդրին։ Հսկայական է այս վերին աստիճանի գեղեցիկ կերպարի գեղագիտական ներգործության ուժը, կերպար, որն արտահայտում է ազատ, ներդաշնակ անձնավորության մասին պատկերացումը։

Միլոսյան Ափրոդիտեի վսեմ գեղեցկությունը, մարմարի մշակման ապշեցուցիչ հմտությունը նրան կապում են կլասիկայի ամենաառաջադեմ ավանդույթների հետ։ Բայց բարեկերպական (պլաստիկական) լուծման հարստությունը, մերկ մարմնի և նրա հագուստի ծալազարդը, որոնք ուժեղացնում են հոյակերտության տպավորությունը, և գլխավորը, պատկերի բուն դիրքը պտտական շարժման մեջ՝ իրանը մի փոքր թեք, նոր ժամանակների արարումներ են։

Կլասիկայի համեմատությամբ հելլենականության արվեստը կարևոր քայլ է կատարում դիմանկարի ասպարեզում։ Պահպանելով դասական ժամանակաշրջանին յուրահատուկ տիպականացման սկզբունքները՝ նկարիչները զգալիորեն ավելի ուժեղ ձևերով են անհատականացնում մոդելի արտաքին տեսքի և հոգեկան վիճակի գծերը։ Անհայտ փիլիսոփայի, այսպես կոչված, Սենեկայի պարը (մ.թ.ա. 3-2-րդ դարեր, Նեապոլ, Ազգային Թանգարան) տրված է ողբերգական ընկճվածությունը բացահայտող հուզական սուր լարվածության պահին, որը բնութագրում է ոչ միայն հերոսին, այլև դարաշրջանի ճգնաժամային գոտին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Ներսիսյան, Մ․ Երզնկյան «Արտասահմանյան արվեստի պատմություն», Երևան, 2003 թ