Հարանց վանք
| Հարանց վանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Շրջան | Գետաբեկի շրջան |
| Հոգևոր կարգավիճակ | չգործող |
| Ներկա վիճակ | կիսավեր |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Հարանց վանք կամ Խամշիվանք, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գետաբեկի շրջանի Մեծ Ղարամուրատ գյուղից մոտ 1 կմ դեպի հյուսիս-արևելք՝ երկու ձորակների միջև առանձնացած բլրի վրա գտնվող միջնադարյան հայկական վանական համալիր[1]:
1659 թվականին ստեղծված ավետարանի հիշատակարանում նշված է՝
| ...Աւարտեցաւ եռահրաշ... Ավետարանս ձեռամբ բազմամեղ Գրիգոր լոկ անւամբ իրիցու, ի թւականութեանս Հայոց ՌՃ և Ը (1659)-երորդի, ի մարտ ամսոյ ի (20)... Այսպիսի բիւր գանձուց... յոյզ և խնդիր էր զսրբասնեալ մահդասի միայնակացն Եղիա, որ ... գնացեալ ի մէնարանն Ղարամուրատու ի յանապատն սբ.: Եւ կեցեալ անդ ժամանակս ինչ և հրամանաւ սբ. հօրն իւրոյ տեառն տէր Տէրունի ...գացեալ ուխտ ի սբ. քաղաքն Երուսաղեմ...: Եվ անտի դարձեալ եկն առաջին ուխտն իւր՝ ի անապատն սբ. և ստացաւ բազում գրեանս, և շատ շինութիւնս աւելացոյց ի յանապատին: Եւ յետ ժամանակաց ... հրամանաւ հօրն իւրոյ՝ սրբոյ տէր Տէրունին և կամակցութեամբ եղբարցն ամենեցուն, եկեալ առ մեզ. և խնդրեաց կատարել զցանկութիւնս սրտի իւրոյ: Եւ իմ ձեռն եդեալ աւարտեցի Աւետարանս սբ., և ծաղկեցի երբներբն գունովք, և ոսկէզօծ որակօք, ի խնդրոյ նորին: ...աղաչեմ ձեզ յիշել զտէր Տէրունն և միաբանսն սբ. ուխտին՝ Գրիգոր եպիսկոպոսն, և Կարապետ աբեղայն, և տէր Եղիայն և ամենայն միաբանսն սբ. ուխտին...:[2] |
1679 թվականին Ավետիս աբեղա Քամալեցու ընդօրինակած ավետարանի հիշատակարանում նշված է՝
| Գրեցաւ սուրբ աւետարանս ի դառն ժամանակիս, ի լաւ ընտիր օրինակէ, ի յերկիր Վերին Զակամ ի Ղարամուրատի Հարանց անապատիս ձեռամբ մեղաւոր զառածեալ Աւետիս աբեղայի, որ եմ յերկրէն Տաւուշու ի գեղջէն Քամալու. հ. ի թուականիս Հայոց ՌՃԻԸ:[3][4][5] |
1682 թվականի Հարանց վանքում ընդօրինակվել է «Մաշտոց Ձեռացը». գրիչ՝ Ղուկաս երեց:[6]
[խմբագրել] Ճարտարապետություն
Եպիսկոպոս Մակար Բարխուտարյանցը վկայում է՝
| Կառուցեալ է սրբատաշ քարով երկու սիւների վերայ սագաշէն, որ կանգուն է բոլորովին և որի երկարութիւնն 15 մետր 5 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 60 սանթիմ է: ...Վանքս իւր հիւսիս-արևելեան անկիւնում ունի երյարկ զանգակատուն շինուած համակ սրբատաշ քարով: Թափուած են ինչպէս վանքիս տանեաց նոյնպէս և զանգատանս սալկապներն: Վերջնոյս գետնայարկում աստիճանաւոր պատուանդանի վերայ հաստատուած մարդաչափ բարձրութեամբ մի քարեայ խաչ՝ յար և նման Յիսուս Քրիստոսի խաչափայտին:[7] |
Մ. Բարխուտարյանցը Հարանց վանքը նույնացրել է Զակամ գավառին հարևան Միափոր գավառում (ներկայիս Գետիկ գետի ավազանը) գտնվող Խամշի վանքին, սակայն ուրիշ հետազոտողներ կարծում են, որ պետք չե նմանեցնել երկու տարեր վանքերը[8]:
1890 թվականին Հարանց վանք այցելած Ս. Քամալյանը նշել է՝
| ...Դագիրման դաղի գոգում երևում էր սիրուն կաթողիկե-գմբեթ, սիպտակ մաքուր քարից շինած: Այդ շենքին այրումներն իրանք վանք էին կոչում: Ում ասեք, այդ վայրենի տեղում ավերակների մեջ թափառողին կգրավեր կաթողիկեի հրապուրիչ տեսքը: Ձին քշեցի դեպի Դագիրմու դաղի կողմը, ճամբին հանդիպում էի շիրիմների ու փլված տնատեղերի, անշուշտ Շուլավեր գաղթած մարդկանց բնակատեղերը: Այն տեղը, ուր ճամբին ձորից հոսող վճիտ առուի ձախ ափն է ընկնում, ծմակի բերանն է, այդ տեղից բարձրանալով ծմակն ավելի խտանում է, վայրի ծառերի տեղը բռնում են մրգատու ծառեր՝ նռնի, սերկևլի, տկողնի, տանձի, խնձորի, կակալի ևն: Ձորի խորքում ծուխ էր մլում, մոտենալով մտանք խարխուլ պատերի մեջ, որոնք վաղեմի պարսպի մնացորդներ էին: Լայնարձակ պարսպի աջ կողմում կար ճահճանման լիճ, դա հին ձիթահանքի տեղն է: Եկեղեցին մեծ, ընդարձակ էր սրբատաշ քարից, ծածկն անվնաս, երկու դռներից մինը արևմտքից էր, միւսը հիւսիսից: Խաչքարեր շատ կան, բայց անգիր, գիր ունեցողը կարծես դիտմամբ վայրենու ձեռքով կոտրտած: Եկեղեցու հիւսիսակողմը կանգնած է սրբատաշ հրաշակերտ զանգակատուն, ճերմակ ու կարմրերակ քարից, սրա գմբեթն էր հեռվից երևին տվողը: Պատմում էին, որ մինչև մոտ ժամանակները, գլխի խաչը մնալիս է եղել, նույն վայրենի այրումները պոկել էին խաչը պատվանդանի հետ: Կոնաձև պատվանդանը թավալ ընկած էր մի կողմ: Զանգակատան բարձր խոյացող կատարը այժմ էլ բարեպաշտ սրտերը հրավիրում է դեպ ինքը, իսկ այդ զանգակատան ստորին հարկում 4 նրբակերտ սների մեջտեղ կանգնած մարդահասակից բարձր քարե խաչը ուղղակի հիացնում է տեսնողին: Խաչը միապաղաղ, միակտուր ճերմակ քարից է, զարմանալի մաքուր հղկած, սազադրած է գետնից 2 ոտ բարձր, շուրջը պատվանդան, նուրբ կերպով, քանդակված, որի նման հոյակապ, գեղեցկատեսիլ խաչ չեմ տեսել իմ այցելած հայկական ոչ մի ուխտատեղում...: Այդ սքանչելի ստեղծագործության մոտեցողը ոտները պետք է թաթախի բարբարոս այրումների անասունների կեղտութրքի մեջ...[9] |
Վանքն ունեցել է բնակելի և օժանդակ շինություններ, որոնք հավելվել են 17-րդ դարի կեսին՝ վանահայր Եղիա միայնակյացի ջանքերով: Վանքը ունեցել է շրջապարիսպ, որի ներսում եղել է խաչքարերով ընդարձակ գերեզմանոց: Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (RAA) անդամների 1980 թվականի այցելության ժամանակ վանքը արդեն ավերված էր: Վանքի տարածքը մի ղարամուրատցի թուրք հերկել էր ու այդ ընթացքում բոլոր խաչքարերն ու տապանաքարերը՝ որպես յուրացված խոպանի անպետք մաս, կոտրատել, տեղահանել, հավաքել ու շարել էր հողամասի նոր շրջապարսպին:[10]
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 92-93
- ↑ «17-րդ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Գ, կազմեց` Վազգեն Հակոբյան, Երեւան, 1984, էջ 851-852
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 281-282: Ձեռագիրը պահվում է Մատենադանում (N 6708)
- ↑ Ոսկեան Հ., Արցախի վանքերը, «Հանդէս Ամսօրեայ», 1952, յուլիս-սեպտեմբեր, էջ 427
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 96-97
- ↑ «Ցուցակ ձեռագրաց», հ. Բ, Երևան 1970, էջ 200, ձեռ. N 5868: Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 96
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 309-310
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 95
- ↑ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ս. Քամալյանի ֆ., տետր N 1, VI-11, թ. 31
- ↑ «17-րդ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Գ, կազմեց` Վազգեն Հակոբյան, Երևան, 1984, էջ 851-852