Հավատքի Աթանեսյան դավանանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավատքի Աթանեսյան դավանանք (լատ.՝ Symbolum Quicumque), քրիստոնեական հավատքի դավանանք։

Գրվել է կանոնիկ Աստվածաշնչի հիման վրա և ընդունվել վաղ քրիստոնեական եկեղեցու կողմից՝ ոչ միայն քրիստոնյաներին մոլորություններից հեռու պահելու, այլ նաև սխալ ու դիվական ուսմունքների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով։

Հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերագրվում է Աթանես Ալեքսանդրացուն (Աթանես Մեծ), որն ապրել է IV դարում և գրել հունարենով (այդտեղից էլ ծագել է նրա անունը), թեև 1642 թ.-ին հոլանդացի կալվինիստ Գ. Վոսսի կողմից կասկածի տակ է առնվել այն փաստը, որ այս դավանանքի հեղինակը Աթանես Ալեքսանդրացին է, և շատ գիտնականներ համամիտ էին Վոսսի հետ։ Աթանեսի հեղինակության դեմ խոսող փաստարկները մի քանիսն էին, որոնցից մեկն այն էր, որ դավանանքի հունարեն տեքստը բացակայում է։ Անհայտ է նաև դավանանքի ի հայտ գալու ճշգրիտ ժամանակը։ Ըստ մի շարք հետազոտողների այն թվագրվում է 430 թվականից ոչ շուտ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավանանքը պարունակում է վաղ քրիստոնեական եկեղեցու դարաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ հերձվածությունների, գլխավորապես՝ արիոսականության, նեստորականության և մոնոֆիզիտության հերքում։

Տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է փրկված լինել, առաջին հերթին պետք է ունենա համընդհանուր քրիստոնեական հավատք։
2. Բայց նա, ով չի պահպանի այդ հավատքը ամբողջապես ու չկեղծված, անկասկած հավիտյան կորստի կմատնվի։
3. Համընդհանուր քրիստոնեական հավատքն այն է, որ մենք երկրպագում ենք միակ Աստծուն՝ Երրորդության մեջ, և Երրորդությանը՝ միակ Աստվածության մեջ։
4. Եվ չենք շփոթում անձերին ու չենք մասնատում Աստվածության էությունը։
5. Հայրը մեկ անձնավորություն է, Որդին՝ ուրիշ, Սուրբ Հոգին՝ ուրիշ։
6. Բայց Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկ միասնական Աստված են՝ համարժեք փառքի ու հավիտենական մեծության մեջ։
7. Ինչպիսին Հայրն է, այնպիսին էլ Որդին է, և այնպիսին էլ Սուրբ Հոգին է։
8. Հայրն արարված չէ, Որդին արարված չէ, և Սուրբ Հոգին արարված չէ։
9. Հայրն անսահման է, Որդին անսահման է, և Սուրբ Հոգին անսահման է։
10. Հայրը հավիտենական է, Որդին հավիտենական է, և Սուրբ Հոգին հավիտենական է։
11. Ոչ թե երեք հավիտենականներ, այլ մեկ հավիտենական։
12. Նույնպես էլ ոչ թե երեք չարարվածներ և երեք անսահմաններ, այլ մեկ չարարված և մեկ անսահման։
13. Ինչպես Հայրն է ամենակարող, նույնպես էլ Որդին է ամենակարող, և Սուրբ Հոգին է ամենակարող։
14. Եվ ոչ թե երեք ամենակարողներ, այլ մեկ Ամենակարող։
15. Ե՛վ Հայրն է Աստված, և՛ Որդին է Աստված, և՛ Սուրբ Հոգին է Աստված։
16. Բայց ոչ թե երեք աստվածներ, այլ մեկ Աստված։
17. Եվ ինչպես Հայրն է Տեր, այնպես էլ Որդին է Տեր, այնպես և Սուրբ Հոգին է Տեր։
18. Բայց ոչ թե երեք տերեր, այլ մեկ Տեր։
19. Ինչպես պահանջում է քրիստոնեական ճշմարտությունը, ընդունում ենք ամեն մի Անձին՝ որպես և՛ Աստված, և՛ Տեր։
20. Նույնպես համընդհանուր քրիստոնեական հավատքը մեզ արգելում է՝ անվանել երեք աստվածներ կամ երեք տերեր։
21. Հայրը ստեղծված չէ, արարված չէ և ծնված էլ չէ։
22. Որդին միայն Հորից է, ստեղծված չէ և արարված չէ, բայց ծնված է։
23. Սուրբ Հոգին Հորից և Որդուց է, ստեղծված չէ, արարված չէ և ծնված էլ չէ, բայց տրված և ուղարկված է։
24. Այսպիսով գոյություն ունի մեկ Հայր, այլ ոչ թե երեք հայրեր, մեկ Որդի, այլ ոչ թե երեք որդիներ, մեկ Սուրբ Հոգի, այլ ոչ թե երեք սուրբ հոգիներ։
25. Եվ այս Երրորդության մեջ ոչ մեկը մյուսից առաջ կամ հետո չէ, և ոչ մեկը մյուսից ավելի մեծ կամ զորավոր չէ։
26. Բոլոր երեք Անձերն էլ միանման հավիտենական և իրար հավասար են։
27. Այսպիսով, ամեն ինչում, ինչպես վերը նշվեց, պետք է երկրպագենք Միասնությանը Եռամեկության մեջ և Եռամեկությանը Միասնության մեջ։
28. Եվ ով ուզում է փրկված լինել, պետք է այսպես մտածի Երրորդության մասին։
29. Բացի դրանից հավիտենական փրկության համար անհրաժեշտ է անսասան կերպով հավատալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնավորմանը, քանզի ճշմարիտ հավատքն այն է, որ մենք հավատանք ու դավանենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդի, Աստված և Մարդ։
30. Նա Աստված է՝ ժամանակներից առաջ ծնված Հոր էությունից, և Մարդ՝ Իր մոր էությունից, Իր ժամանակին ծնված։
31. Կատարյալ Աստված և կատարյալ Մարդ՝ գիտակից հոգով ու մարդկային մարմնով։
32. Որպես Աստված՝ Հորը հավասար աստվածային բնությամբ, իսկ որպես Մարդ՝ Հորից պակաս մարդկային բնությամբ և Հորը ենթարկված։
33. Թեև Նա և՛ Աստված է, և՛ Մարդ, բայց ոչ թե երկու, այլ մեկ Քրիստոս։
34. Մեկ Քրիստոս է ոչ այն պատճառով, որ աստվածային բնությունը դառել է մարդկային։
35. Նա լիովին մեկ է, բայց ոչ թե աստվածային և մարդկային էությունները խառնվել են, այլ համատեղվել են մեկ Անձի մեջ։
36. Եվ ինչպես գիտակից հոգին ու մարմինը կազմում են մեկ մարդ, այնպես էլ Աստված և Մարդը կազմում են մեկ Քրիստոս, Որը տառապեց մեր փրկության համար, իջավ դժոխք և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, համբարձվեց Երկինք, նստեց Հոր՝ ամենակարող Աստծո աջ կողմը, և այնտեղից կվերադառնա՝ կենդանիներին ու մեռելներին դատելու։
37. Նրա գալստի ժամանակ բոլոր մարդիկ հարություն կառնեն իրենց մարմիններով։
38. Եվ հաշիվ կտան իրենց գործերի համար։
39. Ով բարին է գործել, կմտնի հավիտենական կյանք, իսկ ով չարն է գործել, կգնա հավիտենական կրակի մեջ։
40. Սա մեր համընդհանուր քրիստոնեական հավատքն է. ով անկեղծորեն և անսասան չի հավատում սրան, չի կարող փրկված լինել։ Ամեն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]