Հաղթակամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտոսի հաղթակամարը (81 թվական)

Հաղթակամար, հաղթադարպաս, նշանավոր իրադարձության պատվին կանգնեցված, ժամանակավոր կամ մշտական մոնումենտալ կամարակապ դարպաս։ Ունի կամարաձև թաղերով ծածկված մեկ կամ երեք թռիչք, ավարտվում է անտաբլեմենտով և ատտիկով, զարդարվում արձաններով, ռելիեֆներով, հուշագրություններով։ Հաղթակամարները ստեղծվել են Հին Հռոմում, հաղթանակողի հանդիսավոր մուտքի արարողության համար (Տիտուսի, 81, Սեպտիմիոս Սևերոսի, 203, Կոնստանտինի, 315, հաղթակամարները Հռոմում)։ Կոնսաանտինի հաղթակամարը (315) Հռոմում նույնատիպ հաղթակամարներ են կառուցվել Փարիզում՝ Կառուզել (1806, ճարտ. Շ.Պերսիե և Պ. Ֆոնտեն) և Աստղի (1806—37, ճարտ. Ժ. Ֆ. Շալգրեն) հրապարակներում։ Ռուսաստանում հաղթակամարներ կանգնեցվել են Պետրոս Մեծի ժամանակներից, ռազմական հաղթանակների պատվին։ Ռուսական հաղթակամարներից են՝ Մոսկվայի հաղթադարպասը (1827— 1834, ճարտարապետ Օ. Ի. Բովե, վերականգնվել է 1968-ին, Կուտուզովի պողոտայում), Նարվայի հաղթադարպասը Լենինգրադում (1833, ճարտ. Վ. Պ. Ստասով)։ 2. Քրիստոնեական տաճարներում հաղթակամար է անվանվում գլխավոր նավը աբսիդին կամ տրանսեպտին կապող կամարը, ի նշանավորումն «հաղթանակած» քրիստոնեության կրոնի։ Վերածնունդը նույնպես ընդունեց հաղթակամարի խորհրդանշական իմաստը՝ այն կիրառելով նաև ճակատներում։ Հաղթակամար գաղափարը կիրառվեց նաև թագավորներին, իշխաններին նվիրվող գլխավոր քաղաքային դարպասներում (Լյուդովիկոս XIV-ի Հ. Փարիզում)։ Կլասիցիզմի ժամանակաշրջանում հաղթակամարը դառնում է քաղաքաշինական տարրերից մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png