Կոտրած (քարավանատուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտրած
Տեսակիջևանատուն, մշակութային արժեք և ավերակներ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՀարժիս
Հիմնադրված է1319

Կոտրած[1], կառուցվել է 1319 թվականին Օրբելյան իշխանների օրոք, գտնվում է Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղից մոտ 3.5 կմ հյուսիս-արևմուտք։

Քարավանատունը եռանավ, թաղածածկ, նախասրահով շինություն է՝ մուտքն արևելքից, կառուցվել է 1343 թվականին։ Կառույցը սրբատաշ բազալտից է նման է Սելիմի քարավանատանը, պահպանվել է քարավանատան արևելյան հատվածը։

Շինության մուտքի ճակատին պահպանվել է արձանագրություն, որտեղ նշվում են կառուցման թվականը և Օրբելյան Բեշքեն իշխանի անունը. «Ի ԹՎ։ ՉԿԸ։ ԵՍ ԻՇԽԱՆ ՕՐՊԵԼ ԲԷՇՔԵՆ…»:

Հարժիս գյուղը դարեր շարունակ եղել է Տաթևի վանքի սեփականությունը։ Սակայն սեփականության այդ իրավունքը ժամանակ առ ժամանակ խախտվել է, որի վերաբերյալ համապատասխան վկայություն ունի Սյունյաց տան պատմիչ Ստ. Օրբելյանը։

Առաջին անգամ Հարժիս գյուղը Սյունյաց իշխաններից գնել և Տաթևի վանքին է ընծայել Սմբատ Ա Բագրատունի թագավորը՝ 906 թվականին։ Հետագայում գյուղին վերստին տիրել են Սյունյաց իշխանական տան ներկայացուցիչները։ Ստ. Օրբելյանը նշում է, որ Հարժիքը երկրորդ անգամ Տաթևի վանքին վերադարձրել է Սյունյաց Սմբատ թագավորը։ Երրորդ անգամ Սյունյաց գահերեց իշխան Վասակին ենթակա Հասան իշխանն է այն գնել և նվիրել վանքին։ Չորրորդ անգամ Սյունյաց Սենեքերիմ թագավորն է վերադարձնում Հարժիքը, որը վավերացնող կալվածագիրը գրվել է 1091 թվականին։ Գյուղը Տաթևի վանքին վերադարձնելու վերջին կալվածագիրը պատկանում է Օրբելյան իշխաններին։ 1373 թվականին Տարսայիճ Օրբելյանը գրավոր հաստատել է իր տիրույթներից վեց գյուղ՝ այդ թվում Հարժիքը, Տաթևի վանքին հանձնելու կալվածագիրը։

Ուղղանկյուն դահլիճը (ներսի չափերը՝ 10, 2 մ x 18, 2 մ) երկու շարք (4-ական յուրաքանչյուրում) մույթերով բաժանված է 3 մասերի։ Մույթերը միմյանց ու պատերին կապված են եղել այժմ կիսավեր, թաղածածկը կրող կամարներով, որոնք թաղերի հետ միասին առնված էին երկլանշ կտուրի տակ։ Հետագայում մուտքի առաջ կցվել է փոքր չափերի (4, 05 մ x 9 մ) մի նախասրահ (այժմ՝ ավերակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. hushardzantest. ««ԿՈՏՐԱԾ» ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.