Կոնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնք, կոնքագոտի, կմախքի մաս, որն իրանը միացնում է ետին վերջավորություններին (կաթնասունների) կամ ստորին վերջույթներին (մարդու) և ծառայում որպես հենարան ողնաշարի և մարմնի ամբողջ վերին մասի համար, ինչպես նաև սահմանում է մի խոռոչ, ուր զետեղված է ընդերքը։ Կոնք-ազդրային հոդով հոդավորվում է ազդրոսկրերի հետ։ Կազմված է կենտ ոսկրերից (սրբոսկր, պոչուկ) և զույգ կոնքոսկրերից (անանուն ոսկրեր)։ Առջևից կոնքոսկրերն իրար միանալով կազմում են ցայլային համաճոնը, ետևից՝ սրբոսկրի հետ միանում սրբոսկրա-զստային հոդով։ Յուրաքանչյուր անանուն ոսկր բաղկացած է 3 ոսկրերից՝ զստոսկր, նստոսկր, ցայլոսկր։ Վերջիններիս միացման հատվածի արտաքին երեսին գտնվում է քացախափոսը, որի միջոցով հոդավորվում է ազդրոսկրի գլխիկի հետ։ Կոնքի կառուցվածքն օժտված է սեռային առանձնահատկություններով. կանանց կոնքն ավելի լայն է և պակաս խոր, քան տղամարդկանցը։ Տարբերում են մեծ և փոքր կոնքեր։ Մեծ կոնքն առջևից սահմանագծվում է որովայնի առաջային պատի փափուկ հյուսվածքներով, ետևից՝ ողնաշարով, կողքերից՝ զստոսկրերի թևերով, փոքր կոնքն առջևից՝ ցայլոսկրերով, ետևից՝ սրբոսկրով և պոչուկով, կողքերից՝ նստոսկրերով և փափուկ հյուսվածքներով։ Մեծ կոնքում տեղակայված են որովայնի խոռոչի ստորին բաժնի օրգանները, փոքրում՝ ուղիղ աղիքը, միզապարկը, տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձը և սերմնաբշտերը, կանանց մոտ՝ արգանդն իր հավելումներով և հեշտոցը։ Կոնքի ոսկրերին կպչում են. hետևից՝ մեջքի, ողնաշարի, առջևից՝ որովայնի մկանները։ Կոնքից սկսվում են նաև ստորին վերջույթի մկանները։ Կոնքի պատերի արյունամատակարարումն իրականանում է զստային ներքին զարկերակներով, նյարդավորումը՝ սրբոսկրային հյուսակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png