Կոգնիտիվ անթրոպոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոգնիտիվ անթրոպոլոգիա (անգլ․՝ cognitive anthropology), մշակութային մարդաբանության և կոգնիտիվ գիտությունների խաչմերուկում գտնվող գիտություն է, որը ուսումնասիրում է տարբեր մշակութային համակարգերի կառուվածքը, բնութագրում մշակութային ոլորտները՝ օգտագործելով տրամաբանության և լեզվաբանության մեթոդները։ Կոգնիտիվ անթրոպոլոգիայի ծագումը սովորաբար կապված է «աշխարհքի պատկերի» հետազոտման հետ[1]։

Կոգնիտիվ մարդաբանության ուսումնասիրման առարկան ոչ թե մշակույթի առանձին տարրերն են, այլ մշակույթի տարրերի կազմավորման համակարգը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր ազգի բնորոշ են ընկալման, մտածողության, վարքի, հույզերի տարբեր համակարգեր :

Կոգնիտիվ մարդաբանության նպատակը տարբեր հասարակություններին պատկանող մարդկանց աշխարհը իրենց իսկ տերմիններով ներկայացնելն է, ինչպես նաև աշխարհընկալման, վարքի և հասարակական կյանքի կարգավորման համար պատասխանատու ճանաչողական կառույցների հայտնաբերումը։ Կոգնիտիվիստ–մարդաբանը, օրինակ, չի օգտագործում ժամանակակից արևմտյան բժշկության հասկացություններն ու տերմինաբանությունը կոնկրետ ազգի մարդկանց վարքագիծը, հիվանդությունների և վնասվածքների հետ կապված նրանց գործելակերպը նկարագրելու ժամանակ, քանի որ դա կարող է աղավաղել տեղական բժշկական հասկացությունների իմաստը։ Մշակույթ նկարագրվում է ներսից, կարծես այդ մշակույթին պատկանող անդամի կողմից[1]։

Մշակույթի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվիստ–մարդաբանների մեծ մասը մշակույթը սահմանում է որպես արժեքների, մոդելների, վարքային գործողությունների համակարգ։ Մշակույթը հանդես է գալիս որպես կատարյալ կոգնիտիվ համակարգ, որը ներառում է հասարակության անդամների մտքում առկա գիտելիքները, հավատալիքները և արժեքները։ Հասարակության անդամները օգտագործում են մշակույթը իրենց հասարակության ներկա սոցիալական վարքը քննարկելու, սահմանելու, դասակարգելու և մեկնաբանելու համար։ Այսպիսով, մշակույթը համապատասխան սոցիալական վարքի և անհատների վարքագծի ձևավորման ու զարգացման միջոց է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչողական մարդաբանությունը ծագել է 20-րդ դարի 50-ական թվականներին մշակույթի սահմանման փոփոխության արդյունքում։ Այդ ժամանակ էլ սկսեցին մշակույթն ավելի նեղ իմաստով սահմանել՝ որպես ներքին գիտելիքների համակարգ, որը վերահսկում է իրական վարքագիծը և իրադարձությունները։

Կոգնիտիվ մարդաբանության սկզբնական տարբերակը 1950-ական թվականներին ԱՄՆ-ում առաջացած էթնոգիտությունն է (անգլ․ethnoscience), որն ուսումնասիրում էր տարբեր ազգերի կողմից կիրառվող տաքսոնոմիական համակարգերը կենդանիների, բույսերի, հիվանդությունների, սննդի և այլնի դասակարգման համար։ Անթրոպոլոգիան սկսեց մանրամասն ուսումնասիրել ճանաչողության, մտքերի, որոշումների առանձնահատկությունները, որոնք կապված էին սոցիալական գործողությունների հետ։ Այս գործընթացը հասարակական գիտությունների շրջանում առաջացրեց հիմնական հարցի նկատմամբ աճող հետաքրքրություն՝ «Ի՞նչ են մարդիկ իմանում և մտածում»։

Բնության դասակարգման միջոցով էթնոգիտությունը խոր ազդեցություն ունեցավ և՛ կոգնիտիվ մարդաբանության, և՛ լեզվաբանության զարգացման վրա։ Կարևոր փուլ էր մարդաբանության ֆորմալ մեթոդների օգտագործումը հիմնականում փոքր մշակութային դաշտերի ուսումնասիրության ժամանակ։

1980-ական թվականներին կոգնիտիվ գիտությունների զարգացանը զուգահեռ, կոգնիտիվ մարդաբանությունը բացի լեզվական կառույցներից սկսեց հետազոտել նաև մշակույթի տարբեր սիմվոլիկ համակարգերը և մարդկանց վարքագիծը։ Նոր հետազոտությունների նպատակը կոգնիտիվ կառույցների հայտնաբերումն էր՝ որպես աշխարհի պատկեր, սցենար, պրոտոտիպ, սխեմա, և դրանցով պայմանավորված հույզերի, դրդապատճառային համակարգի, գործունեության, ուղեղի մեխանիզմների առանձնահատկությունների ուսումնասիրումը։ Ուսումնասիրվում են նաև անհատական առաձնահատկությունները, հակասող մշակութային մոդելների միջև կոնֆլիկտները, ուսուցման եղանակները, նոր գիտելիքներ ձեռք բերելը և այլն։ Կոգնիտիվ անթրոպոլոգիայի մեթոդներում ավելացան հոգեբանական և այլ գիտական ոլորտների մեթոդներ, ինչպիսիք են ուղեղի քարտեզագրումը, նեյրոնային ցանցերը և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ճանաչողական մարդաբանություն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tyler S. А. Cognitive anthropology. N. Y., 1969;
  • D’Andrade R. G. The development of cognitive anthropology. Camb., 1995;
  • Shore В. Culture in mind: cognition, culture and the problems of meaning. Oxf., 1996;
  • Лурье С. В. Психологическая антропология. М., 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]