Կշռում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին կշեռք ծխախոտը կշռելու համար (1850 թվականի)
Ժամանակակից կշեռք
հավասարակշռված վիճակ

Կշռում, կշեռքով մարմինների զանգվածի որոշում։ Կշռման բարձր ճշգրտությունը ապահովվում է՝ հաշվի առնելով կշեռքի, կշռաքարերի, կշռման կիրառվող մեթոդի բոլոր հնարավոր սխալանքները, ինչպես նաև արտաքին պայմանների ազդեցությամբ (աերոստատիկ, էլեկտրական ու մագնիսական ուժեր, օդի ջերմաստիճանի և խոնավության տատանումներ և այլն) պայմանավորված սխալանքները։ Բարձր ճշգրտություն չպահանջող կշռման դեպքում, սովորաբար, օգտվում են ուղղակի կշռման մեթոդից, մարմնի զանգվածն ընդունվում է հավասար մարմինը հավասարակշռող կշռաքարերի զանգվածների և կշեռքի ցուցմունքի հանրահաշվական գումարին։ Այդ դեպքում, կշռման արդյունքը (հավասարաբազուկ կշեռքով կշռելիս) պարունակում է լծակի բազուկների անհավասարության պատճառով պայմանավորված սխալանքը։ Ուղղակի կշռման դեպքում առավել բարձր ճշգրտության հասնում են միաբազուկ կշեռքով կշռելիս, որն այդ սխալանքը բացառում է, քանի որ կշռվող մարմինը և դրա հավասարակշռման համար հանվող կշռաքարերը գտնվում են լծակի միևնույն բազուկի վրա։ Հավասարաբազուկ կշեռքներով կշռման դեպքում լծակի բազուկների անհավասարության պատճառով առաջացող սխալանքները բացառելու համար կիրառում են ճշգրիտ կշռման մեթոդներ։ Տեղակալման մեթոդի (Բորդի մեթոդ) դեպքում մարմինը լծակի մյուս բազուկին դրված տարայի բեռով (մետաղի կտորներ, կոտորուք են) հավասարակշռելուց հետո կշեռքից վերցնում են և տեղն այնքան կշռաքար դնում, որ կշեռքը բերվի նախնական հավասարակշռված վիճակին։ Կշռվող մարմնի զանգվածը որոշում են կշռաքարերի զանգվածով և կշեռքի ցուցմունքով, որը համապատասխանում է կշռաքարերով չհավասարակշռված զանգվածի մասին։ Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի մեթոդով նժարներից մեկին դնում են կշեռքի սահմանային բեռնվածքին համապատասխան կշռաքարեր, իսկ մյուսին՝ կշռաքարերը հավասարակշռող տարայի բեռը։ Կշռվող մարմինը դնում են կշռաքարերով նժարի վրա և այդտեղից վերցնում այնքան կշռաքար, որ կշեռքը բերվի նախնական հավասարակշռված դիրքին մոտ դիրքի։ Կշռվող մարմնի զանգվածը որոշում են վերցրած կշռաքարերի զանգվածով և կշեռքի ցուցմունքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 499