Կենդանի օրգանիզմի կենսական ցիկլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաճախ հանդիպող կենսական ցիկլերի գծապատկերը հապլոիդ և դիպլոիդ ֆազերի հերթագայությամբ։ 1, Մեյոզ (ռեդուկցիա) 2, միտոզ (ռեպլիկացիա) 3. սեռական պրոցես (ռեկոմբինացիա) Ա - մեյոսպորների առաջացմանը նախորդում է մեյոզ (անութային բույսեր) Բ գամետների առաջացմանը նախորդում է մեյոզ (կենդանիներ) Գ - Մեյոզը անմիջապես հաջորդում է զիգոտի առաջացմանը (սնկեր), 2n, կրկնակի գծեր՝ դիպլոյիդ փուլ, n, մեկ գիծ՝ հապլոիդ փուլ։

Կենդանի օրգանիզմների կենսական ցիկլերի զարգացման փուլերի հաջորդականությունը, որով անցնում են տվյալ տեսակին պատկանող առանձնյակները, մի սերնդի զիգոտից մինչև հաջորդ սերնդի զիգոտը կոչվում է կենսական ցիկլ։ Տարբեր կենդանի օրգանիզմների կենսական ցիկլերի բարդության աստիճանը տարբեր է, և կարող է ներառել երկու և ավելի սերունդներ, որոնք տարբերվում են ինչպես ձևաբանորեն, այնպես էլ բազմացման եղանակով։ Հաճախ դա անվանվում է սերունդների հերթագայություն։ Ցամաքային բույսերի և որոշ ջրիմուռների դիպլոիդ, սպոր առաջացնող սերունդը, որը կոչվում է սպորոֆիտ, հերթագայվում է հապլոիդ գամետներ առաջացնող գամետոֆիտով։ Անսեռ և սեռական սերունդների հերթագայությունը բնորոշ է նաև որոշ աղեխորշավորների, որոնց մոտ հապլոիդ են միայն գամետները։

Մակաբույծների կենսական ցիկլերը[խմբագրել]

Մակաբույծների կենսական ցիկլերը հաճախ շատ բարդ են և ներառում են մի քանի սերունդներ։ Յուրաքանչյուր սերունդ հարմարված է կյանքի որոշակի պայմանների մի դեպքում տիրոջ օրգանիզմում գոյատևելու, մյուս դեպքում` մեկ տիրոջից մյուսին անցնելու համար։ Լրացուցիչ սերունդներ կարող են առաջանալ ապահովելու համար տեսակի առանձնյակների թվաքանակի մեծացումը անսեռ բազմացման միջոցով։

Տարբեր օրգանիզմների կենսական ցիկլերը[խմբագրել]

Մեյոզ

Որոշ ջրիմուռների (օրինակ` քլամիդոմոնադ, սպիրոգիրա) բնորոշ է սեռահասուն հապլոիդ օրգանիզմը։ Դիպլոիդ է միայն զիգոտը, որի առաջին բաժանումն իրականանում է մեյոզի եղանակով և օրգանիզմը նորից դառնում է հապլոիդ հավաքակազմով։ Գամետներն առաջանում են միտոզով բաժանման արդյունքում։ Կենդանիների մեծ մասին բնորոշ է այնպիսի կենսական ցիկլ, երբ հասուն օրգանիզմը դիպլոիդ է և հապլոիդ են միայն գամետները, որոնք առաջանում են մեյոտիկ բաժանման արդյունքում։ Որոշ աղեխորշավորների կենսական ցիկլում բնորոշ է երեք ձևաբանորեն տարբեր ձևերի գոյությունն։ Ընդ որում, բոլոր ձևերն էլ դիպլոիդ են։ Դիպլոիդ սեռական սերնդին հաջորդում է դիպլոիդ անսեռ սերունդն, իսկ գամետներն ստացվում են մեյոզով բաժանման արդյունքում։ Մամուռներին, պտերանմաններին, սերմնավոր բույսերին բնորոշ է հապլոիդ և դիպլոիդ սերունդների հերթագայությունը, իսկ գամետներն առաջանում են միտոզով բաժանման արդյունքում։ Սպորոֆիտը և գամետոֆիտն իրենց չափսերով և կյանքի տևողությամբ բույսերի տարբեր բաժիններում էապես տարբերվում են։


Սեռական բազմացում

Էվոլյուցիոն զարգացումը[խմբագրել]

Էվոլյուցիոն զարգացումն ընթացել է գամետոֆիտի նկատմամբ սպորոֆիտի` անսեռ սերնդի գերակայությամբ։ Այն հստակ դրսևորվում է ծաղկավոր բույսերի մոտ, եթե սպորոֆիտն ամբողջ բույսն է, ապա գամետոֆիտը նրա կյանքի միայն որոշակի փուլում առաջացող փոշեհատիկն (արական գամետոֆիտ) ու սաղմնապարկն (իգական գամետոֆիտ) է։ Բարձրակարգ բույսերի բաժիններից միայն մամուռների մոտ է դիտվում գամետոֆիտի գերակայություն սպորոֆիտի նկատմամբ։

Մամուռների սեռական բազմացումը[խմբագրել]

Մամուռների վերարտադրողական օրգանները` արական անտերիդիումները և իգական արխեգոնիումները գտնվում են բույսի վերին մասերում, որտեղ առաջանում են գամետները։ Բեղմնավորման համար անհրաժեշտ է ջրի առկայությունը։ Անտերիդիումները խոնավանալու ընթացքում մեծ քանակությամբ ջուր են կլանում, ինչի հետևանքով ուռչում են և պայթում։ Այնտեղից դուրս են գալիս սպերմատոզոիդները և մտրակների օգնությամբ լողում են դեպի արխեգոնիումները, որտեղ և տեղի է ունենում բեղմնավորումը։ Վերջինիս արդյունքում առաջանում է զիգոտը, որն ունենում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմ։ Զիգոտից զարգանում է ոտիկով տուփիկը (սպորոֆիտ), որը չունի քլորոֆիլ, չի կարող իրականացնել ֆոտոսինթեզ և ամբողջությամբ կախված է գամետոֆիտից։ Ոտիկով տուփիկում գտնվում են սպորների մայրական բջիջներ, որոնց մեյոտիկ բաժանման արդյունքում առաջանում են հապլոիդ սպորներ։ Տուփիկը բացվում է, և սպորներն ընկնելով բարենպաստ, խոնավ պայմաններ ծլում են` առաջացնելով գամետոֆիտ։ Մամուռների կենսական ցիկլում դիպլոիդ է միայն ոտիկով տուփիկն, իսկ բույսն ամբողջությամբ ունի քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ։ Գամետներն առաջանում են միտոզով բաժանումից։

Կենսական ցիկլերի նշանակությունը[խմբագրել]

Կենսական ցիկլերում կարևոր նշանակություն ունի բջիջների բաժանման եղանակը, որը կարող է իրականացվել միտոզի կամ մեյոզի եղանակով։ Մեյոզը տեղի է ունենում միայն այն օրգանիզմների կենսական ցիկլերում, որտեղ ներառված է սեռական բազմացում։ Մեյոզի արդյունքում դիպլոիդ հավաքակազմով բջջից առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ (վերջին հաշվով` գամետներ), որոնց հետագա միաձուլումից առաջացած զիգոտում նորից վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմը և սկսվում է հաջորդ կենսական ցիկլը։ Եթե մեյոզի պրոցեսը տեղի չունենար, ապա առաջացած գամետները կլինեին դիպլոիդ հավաքակազմով, իսկ զիգոտը տետրապլոիդ։ Դրա հետ մեկտեղ, մեյոզը մեծացնում է փոփոխականությունը, որն անհրաժեշտ է տվյալ տեսակի առանձնյակներին հարմարվելու միջավայրի փոփոխվող պայմաններին։ Որոշ դեպքերում, մեյոզի արդյունքում առաջանում են ոչ թե գամետներ, այլ սպորներ։

Ըստ կենսական ցիկլի[1]։ սերունդների քանակը (օնտոգենեզները) լինում է՝ Պարզ՝ցիկլը իր մեջ ներառում է մեկ սերունդ Բարդ՝ցիկլը իր մեջ ներառում է երկու և ավելի սերունդ, այդպիսի ցիկլը բնորոշ է օրինակ էուկարիոտիկ օրգանիզմներին։

Տես նաև[խմբագրել]

  • Հետերոգենիա
  • Մետագենեզ (Կենսաբանություն)

Գրականություն[խմբագրել]

  • Կենսաբանություն 10, բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքեր

Հեղինակ՝ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան, Գ.Գ. Սևոյան

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. А.И. Гранович, А.Н.Островский, А.А.Добровольский. Морфопроцесс и жизненные циклы организмов. // Журнал общей биологии. Том 71, № 6, 2010.