Կապիտալիզմ և ազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիտալիզմ և ազատություն
անգլ.՝ Capitalism and Freedom
ՀեղինակՄիլթոն Ֆրիդմեն
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհրապարակախոսություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կազմի հեղինակՍթիվեն Չունգ
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչՉիկագոյի համալսարանի հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1962
ԳՄՍՀ2-84899-369-3
OCLC49672469

«Կապիտալիզմ և ազատություն» (անգլ.՝ Capitalism and Freedom, 1962), նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմենի գիրքը[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը ներառում է․

Ներածություն
  1. Տնտեսական և քաղաքական ազատության միջև փոխհարաբերությունը
  2. Ազատ հասարակության մեջ կառավարության դերը
  3. Փողի կառավարումը
  4. Միջազգային առևտրային և ֆինանսական կազմակերպությունները
  5. Ֆիսկալ քաղաքականություն
  6. Կառավարության դերը կրթության ոլորտում
  7. Կապիտալիզմը և խտրականությունը
  8. Մենաշնորհը և գործարարության ու աշխատանքի հասարակական պատասխանատվությունը
  9. Մասնագիտական լիցենզավորում
  10. Եկամուտների բաշխում
  11. Սոցիալական բարեկեցության չափումը
  12. Աղքատության մեղմում
  13. Եզրակացություն

Գաղափարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներածության մեջ շարադրված են լիբերալին բնորոշ սկզբունքները ըստ Ֆրիդմենի, ով կողմ է պետական կառավարման սահմանափակմանը և թուլացմանը։ Ֆրիդմենը կիրառում է տերմինի եվրոպական բացատրությունը, այլ ոչ թե ամերիկյան։

Գիրքը գրելու շարժառիթը հեղինակի մտահոգությունն էր՝ կապված կառավարության դերի ուժեղացման և ԱՄՆ–ում ազատությունների սահմանափակման հետ։ Աշխատության մեջ Մ․ Ֆրիդմենը պնդում է, որ տնտեսական ազատությունը անհրաժեշտ պայման է քաղաքական ազատության համար։ Եթե արտադրության միջոցները կենտրոնացված են կառավարության ձեռքում, ապա հասարակությունը չի կարող իրական հակակշիռ դրան ներկայացնել։ Կառավարությունը, ըստ տնտեսագետի, պարտավոր է օրենքներ սահմանել, հետևել սեփականության իրավունքի պահպանմանը, միջոցառումներ ձեռնարկել մենաշնորհների հետ կապված, թուլացնել «շուկայական ֆիասկոյի» դրսևորումները, ինչպես նաև աստիճանաբար (3-5% տարեկան) մեծացնել շրջանառության մեջ գտնվող դրամի քանակը։

Ֆրիդմենի կարծիքով կառավարության առկայությունը անհրաժեշտ է ազատության պահպանման համար, սակայն վերջինս էլ հանդիսանում է ազատության գլխավոր սպառնալիքը։ Որպեսզի համահարթեցվի այդ սպառնալիքը, հեղինակը առաջարկում է սահմանափակել կառավարության լիազորությունները գործունեության վերը նշված ոլորտներում։ Բացի այդ, Ֆրիդմենը կարևոր է համարում իշխանության առավելագույն ապակենտրոնացման սկզբունքի կիրառումը և դրա փոխանցումը առավել ցածր մակարդակի մարմիններին։ Եթե ինչ–որ խնդիր կարելի է լուծել առավել ցածր մակարդակի շրջանակներում, ապա կարիք չկա խնդրի լուծումը փոխանցել կենտրոնական կառավարությանը։ Այդ կերպ, ազատության պաշտպանությունը հենց առաջնային պատճառն է իշխանության սահմանափակման և ապակենտրոնացման համար։

Երկրորդ պատճառը այն փաստն է, որ մարդկանց մեջ գոյություն ունեն համագործակցության միայն երկու տարբերակ՝ հարկադիր և կամավոր։ Իսկ համագործակցության երկրորդ եղանակը, հեղինակի կարծիքով, առավել արդյունավետ է մարդկանց համար՝ իրագործելու սեփական նպատակները։ Հեղինակը նաև միանշանակ կապ է տեսնում քաղաքական ազատության և ազատ շուկայի՝ որպես հասարակության գործունեության տնտեսական կազմակերպության միջև։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հրատարակությունը լույս է տեսել 1962 թվականին Չիկագոյի համալսարանում։ Մինչ օրս գիրքը բազմակի վերահրատարակվել է և թարգմանվել 18 լեզուներով։

Գիրքը ռուսերենով հրատարակվել է 1982 թվականին ամերիկյան «Chalidze Publications» (Նյու Յորք) հրատարակչության կողմից։ Գրքի առանձին հատվածներ լույս են տեսել «Ֆրիդմենը և Հայեքը ազատության մասին», որը լույս է տեսել 2003 թվականին Մոսկվայում «Три квадрата» հրատարակչությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. info@f-s.am, FutureSystems. «Կապիտալիզմ և ազատություն». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]