Խոլեսթերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոլեսթերին (< հուն. χαλη - լեղի և սթերին), C27H46O, սթերինների խմբի օրգանական միացություն։

Առաջին անգամ անջատել են լեղաքարերից։ Անգույն բյուրեղներ են, ջրում անլուծելի, լավ լուծվում են օրգանական լուծիչներում։ Սինթեզվում է կենդանի օրգանիզմում, մասնակցում սեռական, մակերիկամների հորմոնների, լեղաթթուների, D խմբի վիտամինների կենսասինթեզին, ինչպես նաև թաղանթային թափանցելիության պրոցեսների կարգավորմանը։

Մարդու օրգանիզմում խոլեսթերինի քանակությունը նորմայում 150 - 200 մգ% է, այն նկատելիորեն կարող է աճել 30 - 60 տարեկանում (հատկապես ճարպային դիետայի դեպքում)։ Սթերինային փոխանակության խանգարումը կարող է հասցնել խոլեսթերինային քարերի առաջացման, լեղածորանների խցանման և նպաստել աթերոսկլերոզի զարգացմանը։ Խոլեսթերինով հարուստ են ուղեղի, լյարդի, մակերիկամների հյուսվածքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png