Խարսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարսի ճակատամարտ
Թվական774 թվական
Մասն էԱրմինիայի ապստամբություն (774-775)
ՎայրԽարս գյուղ
ԱրդյունքԱրմինիա կուսակալության հաղթանակ
Հակառակորդներ
Արմինիա կուսակալությունԱրաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Մուշեղ ՄամիկոնյանԱնհայտ
Կողմերի ուժեր
260 մարտիկ200 մարտիկ
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Խարսի ճակատամարտ, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև, որը տեղի է ունեցել 774 թվականին Մշո գավառի Խարս գյուղում։ Հայոց կողմի հրամանատարն էր Մուշեղ Մամիկոնյանը։ Հայկական կողմն այս ճակատամարտում հաղթանակ է տարել[1]։

Խարսի ճակատամարտին հաջորդում է Բագավանի ճակատամարտը, որում հայերը կրկին հաղթանակ են կրում, սակայն ապստամբությունը տևում է ընդամենը մեկ տարի և 775 թվականին ճնշվում է։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում իրավիճակը բարդացել է Հայոց իշխանի պաշտոնում Աշոտ Բագրատունուն (732-748) հաջորդած Մուշեղ Մամիկոնյանի կառավարման տարիներին (748-753), երբ խալիֆայության գլուխ եկած Աբբասյանները վերստին ծանրացրել են հարկերը, սաստկացրել բռնությունները և հալածանքները։ Այդ պատճառով 748-751 թվականներին Հայաստանում բռնկվել էր նոր զինված ապստամբություն, որն ի վերջո ճնշվել է։ Արաբական տիրապետության դեմ հաջորդ ազատագրական պատերազմը ծավալվել է 774-775 թվականներին, որը գլխավորել է Մուշեղ Մամիկոնյանը։

Ծրագրավորված և նախապատրաստած զինված ելույթը սկսում է Հմայակ Մամիկոնյանի որդի Արտավազդը։ Ստեղծված զորամասը փոքրաթիվ էր և մեծամասշտաբ ապստամբական շարժում սկսելու համար անբավարար։ Հայ զորավարը դիմում է վտանգավոր քայլի և ներկայանում ոստիկան Հասան իբն-Քահթաբային։

Հայոց հեծելազորն այդ ժամանակ աչքի էր ընկնում իր մարտունակությամբ և ամբողջ տարածաշրջանում մեծ հռչակ էր վայելում։ Այրուձին պահպանելու համար ծախսերը հոգալու նպատակով արաբները համաձայնվել էին գանձվող հարկերից դրամական հատկացում էին կատարում հայոց իշխաններին։ Արաբները հայոց իշխաններին չէին թողնում նույնիսկ զորամասեր պահել, քանի որ դրանք համարում էին ապստամբությունների ընթացքում ամենակազմակերպված ռազմական ուժը։ Այս պատճառով արաբները սկսել էին վարել այրուձին կրճատելու քաղաքականություն, որից հետո Արտավազդի համար ակնհայտ էր դառնում, որ արաբները չէին զինելու հայկական զորամասը։ Հայկական զորամասը զինելու համար հիմնավորումը պետք է արաբներին արժանապատիվ թվար, մյուս կողմից՝ հայկական զորամասին ոչնչի չպարտավորեցներ։

Հայկական և արաբական զորամասերը բախվում են Կումայրիում, որտեղ գտնվում էր արաբ հարկահաններին պաշտպանող զորաբաժինը։ Այս ճակատամարտում հայերը հաղթանակ են տանում, որից հետո Արտավազդի մարտիկները խլում են արաբ հարկահանների վերցրած հարկերը և հեռանում դեպի հյուսիս-արևմուտք։ Կումայրիում կրած պարտությունից և Արտավազդի զորամասին հետապնդելու ուղարկված հեծելազորի անհաջողությունից հետո արաբներն ավելացնում են հարկերը։

Առավել զայրացավ կառավարիչ Հասանը և շուտափույթ մարդ ուղարկեց իր իշխանության բոլոր կողմերը` հրամայելով հարկը մեծ բռնությամբ հավաքել։ Հույժ սաստկացավ մեր աշխարհի հեծեծանքը հարկապահանջների ձեռքից։ Քանզի արծաթի հանումը Հայոց աշխարհում բոլորովին նվազել էր։ Այստեղ արդեն նախարարներից մեկի սիրտը ցասումով լցվեց։ Սա Մամիկոնյան տնից Հրահատ կոմսի որդին էր, որի անունն էր Մուշեղ։
- Ղևոնդ, Հայոց պատմություն, գլուխ ԼԴ

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբությունը ճնշելու նպատակով Արաբական խալիֆայությունը Կարինից արաբական հարկահանների զորամաս է ուղարկում, որը շարժվում էր դեպի Բագրևանդ։ Պայքարից սկզբից հայերը հետախուզական աշխատանք էին կազմակերպել, որի շնորհիվ Կարինից դուրս եկած զորամասի առաջխաղացումը հայտնի է դառնում Մուշեղին։ Հայոց իշխանի՝ Մուշեղի ձեռնարկած հակահետախուզական միջոցառումների շնորհիվ արաբական զորամասին հայտնի չէր ապստամբների թվաքականը։ Նույն ժամանակ, հայկական զորամասերը տեղեկանում են Դվինում իրենց դեմ դուրս գալու համար նախապատրաստվող հեծելազորի մասին։

Նախապատրաստական բոլոր միջոցառումների իրականացումից հետո հայկական ջոկատը ցանկանում է շփման մեջ մտնել արաբների հետ։ Արաբների ռազմաճամբարն ամրացել էր Խարս գյուղում։ Սպասվող բախման համար հայկական կողմի հրամանատարության կողմից որոշվում է.

  • արաբների համար անսպասելի լինելու համար գրոհը սկսել գիշերը,
  • հարձակումն իրականացնել ինքնուրույն ստորաբաժանումներում, որի շնորհիվ արաբները մթության մեջ առավելագույնս կապակողմնորոշվեին,
  • գրոհելու ժամանակ ձգտել, որ արաբները զրկվեին կազմակերպված պաշտպանություն կազմակերպելու հնարավորությունից,
  • գրոհելու ժամանակ արաբների հեծյալ մարտիկների վրա առաջին հոգեբանական ճնշումն այնպես հասցնել, որ նրանք հարկադրված լինել կռվել հետևակի կազմում։

Հայկական զորամասի մարտիկների քանակը կազմում էր 260, իսկ արաբական զորամասինը՝ 200, սակայն հայկական կողմն ավելի վատ էր սպառազինված։ Մուշեղը սրընթաց ռազմերթով ջոկատը դուրս է բերում արաբներին ընդառաջ և որոշակի հեռավորությունից շարունակում է հետևել շարժմանը։

Այգիների ցանկապատերի վրա Մուշեղ Մամիկոնյանի ուշադրությունը առանձնակի է սևեռվում։ Հարցն այն է, որ քարերը շարված էին առանց շաղախի։ Հնարամիտ զորավարը կռահում է, որ դրանք հնարավոր կլինի հեշտությամբ քանդել, իսկ քանի որ արաբները դրանց մոտ` որոշակի տեղերում էին կենտրոնացրել ձիերին, ապա որոշվում է, որ նպատակահարմար կլինի այդ տեղերից սկսել գրոհը։ Հարձակումը սկսվում է` նախօրոք առանձնացված մարտիկների ուժերով այգիների քարե ցանկապատերը քանդելով։ Քարերը դղրդյունով թափվում են և դիպչելով արաբների ձիերին` խրտնեցնում նրանց։ Ձիերը ոտնատակ են անում աղմուկից արթնացած, սակայն մթության մեջ կողմնորոշվել չկարողացող արաբ զինվորներին։ Նրանց մի մասը զոհվում է ձիերի սմբակների տակ` դեռևս նախքան մարտի սկսվելը։ Բացված անցումներով մի քանի կողմերից ներս խուժող ապստամբներին ընդամենը մնում էր հաղթական ավարտին հասցնել արաբական զորագնդի ջախջախումը։
- Ղևոնդ, Հայոց պատմություն, գլուխ ԼԴ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 154–159.