Լունա 13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունա 13
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-6Մ համար 205
COSPAR ID[1] 1966-116A[1]
NSSDCA ID1966-116A
SCN02626
Գործարկման ամսաթիվ1966 դեկտեմբերի 21, 10:17:08 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա-Մ (8Կ78Մ)[1]
Աշխատանքի ավարտ1966 դեկտեմբերի 28
Զանգված1620 կգ[2]

Լունա-13, կամ Ե-6Մ համար 205 (ռուս.՝ Луна 13), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք։ Արձակվել է 1966 թվականի դեկտեմբերի 21-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ Իջեցվող սարքը կատարեց փափուկ վայրէջք Լուսնի մակերևույթին Մրրիկների օվկիանոսում 1966 թվականի դեկտեմբերի 24-ին[3]։

Վայրէջքից չորս րոպե անց բացվեցին իջեցվող սարքի պատյանը փակող դռները, բացվեցին ալեհավաքները, և սկսվեց ռադիոհաղորդում։ 1966 թվականի դեկտեմբերի 25-ին և 26-ին սարքի հեռուստատեսային համակարգը փոխանցեց մոտակա լուսնային լանդշաֆտի համայնապատկերները Արեգակի լույսի տարբեր անկյունների տակ։ Յուրաքանչյուր համայնապատկերի փոխանցման համար պահանջվում էր մոտավորապես 100 րոպե։ Իջեցվող սարքը նաև համալրված էր մեխանիկական հողի հավաքող մոդուլով, դինամոգրաֆով և ճառագայթային խտաչափով՝ լուսնի մակերևույթի մեխանիկական և ֆիզիկական հատկությունների և տիեզերական ճառագայթների անդրադարձման վերաբերյալ տվյալներ ստանալու համար։ Իջեցվող սարքից ռադիո հաղորդագրությունները դադարեցին են 1966 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ կայանի վրա տեղակայված մարտկոցների լիցքը սպառվեց։

Լունա 13-ը դարձավ երրորդ կայանը, որը հաջողությամբ վայրէջք կատարեց Լուսնի մակերեսին (Լունա 9-ից և ԱՄՆ Սըրվեյոր 1-ից հետո)։ Սարքը վայրէջք է կատարել Մրրիկների օվկիանոսում Կրաֆթ և Սելևկոս խառնարանների միջև՝ հյուսիսային լայնության 18°52' և արևմտյան երկայնության 62°3': Ի տարբերություն իր նախորդի՝ ավելի ծանր Լունա 13-ի իջեցվող սարքը ուներ 113 կիլոգրամ զանգված և կրում էր ավելի մեծ ծավալի գիտական գործիքների հավաքածու՝ ի լրումն սովորական հեռուստատեսային համակարգի[4]։

Եռառանցք արագաչափը վայրէջքի պահին գրանցել էր վայրէջքի ուժերը հարվածի ժամանակ՝ արդյունքում պարզվել էր, որ Լուսնի մակերևույթի դեֆորմացիան սարքի ծանրության տակ կազմել էր 20-30 սանտիմետր։ Կայանի վրա տեղադրվել էին նաև զսպանակի հիմքով երկու հարվածիչներ։ Այս հարվածիչներից մեկը ուներ հողի ներթափանցող գլխիկ, որը նախատեսված էր լուսնային ռեգոլիթ ներթափանցելու համար անհրաժեշտ ուժերը չափելու համար։ Մյուս հարվածիչի վրա տեղադրված էր խտաչափ, որը կիրառվել է լուսնային մերձմակերևութային ռեգոլիթի խտությունը պարզելու համար։ Չափումների արդյունքում պարզվեց որ ռեգոլիտի խտությունը կազմում է 800 կգ/մ3[3]:

Կայանի վրա տեղակայված չորս ռադիոմետրերը արձանագրել են մակերևույթից ինֆրակարմիր ճառագայթում, որը ցույց է տվել կեսօրվա ջերմաստիճանը 117 ±3 °C, մինչդեռ ռադիոակտիվ ճառագայթման տվիչը ցույց տվեց, որ ճառագայթման մակարդակը ավելի քիչ է, քան վտանգավոր է մարդկանց համար։

Իջեցվող սարքից ստացվել են լուսնի մակերեսի հինգ համայնապատկեր՝ որոնք ցույց են տվել ավելի հարթ տեղանք, քան երևում էր Լունա 9--ի պատկերներում։ Ստերեոպատկերներ ստանալու համար նախատեսված երկու խցիկներից մեկը խափանվեց, սակայն դա չազդեց ստացված լուսանկարների որակի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Luna 13». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. 3,0 3,1 Ulivi, Paolo; Harland, David M (2004). Lunar Exploration Human Pioneers and Robot Surveyors. Springer. էջ 76-77. ISBN 185233746X.
  4. «In Depth | Luna 13». NASA Solar System Exploration. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]