Իսետ (թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսետ
Դիմանկար
Ծնվել էանհայտ
Մահացել էմ. թ. ա. 1458
Մասնագիտությունթագավորական կոնսորտ
ԱմուսինԹութմոս II
Զբաղեցրած պաշտոններթագավորական կոնսորտ
ԵրեխաներԹութմոս III
 Iset (queen) Վիքիպահեստում
Իսետը հիերոգլիֆներում
stt
H8

Իսետ

Իսետ (անգլ.՝ Iset կամ Իսիս, անհայտ - մ. թ. ա. 1458), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի թագուհի, որն անվանվել է Իսիդա աստվածուհու պատվին։ Եղել է Թութմոս II փարավոնի երկրորդական կինը կամ հարճը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսետը եղել է Թութմոս II փարավոնի միակ որդու՝ Թութմոս III-ի մայրը։ Նրա որդին մահացել է մ․թ․ա․ 1425 թվականի մարտի 11-ին, իսկ մոր անունը հիշատակվում է որդու մումիայի փաթաթանների և Կառնակի տաճարում հայտնաբերված մի արձանի վրա[2]։

Չնայած վերոնշյալ վերջին դեպքում Իսետը հիշատակվել է որպես մեծ թագուհի, Թութմոս II-ի գահակալության ընթացքում Հատշեպսուտն է համարվել մեծ թագուհին։ Թութմոս II-ը մահացել է մ․թ․ա․ 1479 թվականին, իսկ նրա մահից հետո Հատշեպսուտը դարձել է փոքրիկ արքա Թութմոս III-ի ռեգենտը․ մեծանալով՝ վերջինս դարձել է եգիպտական բանակների գլխավոր հրամանատարը։

Թութմոս III-ը և նրա ընտանիքն իր KV34 դամբարանում։ Նավի վրա են Մենխեպերրե Թութմոս III-ը և նրա մայրը՝ Իսետը:

Հատշեպսուտը որպես փարավոն կառավարել է մինչև մ․թ․ա․ 1458 թվականին իր մահը, որից հետո համառեգենտ Թութմոս III-ը փարավոն է դարձել։ Այդ ժամանակ Իսետն ստացել է «արքայամայր» տիտղոսը, քանի որ նրա որդին փարավոն էր դարձել[3]։

Այն ժամանակ, երբ Թութմոս III-ը փարավոն է դարձել, Հատշեպսուտի և Թութմոս II-ի դուստր Նեֆրուրան եղել է «աստծո կինը»։ Նա այս պաշտոնում ծառայել է իր մոր՝ որպես փարավոն կառավարման ողջ ընթացքում։ Հնարավոր է, որ Նեֆրուրան ամուսնացած լինի Թութմոս III-ի հետ, բայց այս ամուսնության միակ ապացույցը Սաթիա թագուհուն պատկերող մի ստելա է, որի անունը կարող էր փորագրված լինել մեկ այլ թագուհու անվան վրա։ Մեծ թագուհի Մերիտրա-Հատշեպսուտն էլ դարձել է հաջորդ գահաժառանգի մայրը։

Իսետի որդի Թութմոս III-ն իր մորը մի քանի անգամ պատկերել է արքաների հովտում գտնվող իր դամբարանում։ KV34 դամբարանի սյուներից մեկի վրա կան թագավորի պատկերները ընտանիքի մի քանի կին անդամների հետ։ Նրա մայրը՝ թագուհի Իսետը, պատկերված է աչքի ընկնող ձևով։

Իսետ թագուհին նավակի մեջ պատկերված է իր որդու հետևում։ Նրան անվանել են «արքայամայր Իսիս»։ Նավակի ներքևի տողում Թումոս III-ը պատկերված է իր մորը խորհրդանշող ծառին մոտենալիս։ Արքայի հետևում իր երեք կանայք են՝ թագուհիներ Մերիտրան, Սաթիան, Նեբտուն ու արքայադուստր Նեֆերտարին։

Հստակ չէ, արդյոք Իսետը եղել է Թութմոս II-ի երկրորդական կինը, թե հարճը[2]։ Նա նաև ստացել է «աստծո կին» տիտղոսը, բայց հավանաբար՝ միայն հետմահու[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Dodson, p.139
  2. 2,0 2,1 2,2 Dodson & Hilton, p.131
  3. Dodson & Hilton, p.31