Էլդայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլդայի ամրոց
իսպ.՝ Castillo de Elda
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
Վարչական միավորԷլդա[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Համալիրի մասԱլիկանտեի մշակութային ժառանգություն
Կառուցված12-րդ դար[3]
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Elda Վիքիպահեստում

Էլդայի ամրոց (իսպ.՝ Castillo de Elda), 12-րդ դարում հիմնադրված պաշտպանական կառույց Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքի Ալիկանտե պրովինիցիայում[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1172 թվականին Ալ-Մոհադները պարտություն են կրել Կուենկայի ճակատամարտում և շուտով պաշտպանական նպանակներով հիմնադրել են Էլդայի ամրոցը։ Այն կառուցվել է ոչ բարձր բլրի վրա՝ գետի մոտ։ Ամրոցի շինարարությունն սկսվել է 1172 թվականին և շարունակվել մինչև 1243 թվական։ Ռեկոնկիստայի ժամանակ Էլդայի ամրոցը գրավվել է քրիստոնյաների կողմից։ 13-րդ դարի կեսերից սկսած՝ հետագա մեկուկես դարերի ընթացքում ամրոցը հաճախ անցել է ձեռքից ձեռք։ Սեփականատերերը մի քանի անգամ վերանորոգել են այն՝ ամրացնելով պատերն ու աշտարակները։ Ամրոցի շրջակա տարածքը հաճախ էր դառնում բախումների թատերաբեմ, այդ պատճառով էլ անհրաժեշտ էր մշտապես կատարելագործել ամրոցի պաշտպանական հնարավորությունները։

Մոտավորապես 1308 թվականին ամրոցի պատերի ներսում կառուցվել է Սուրբ Մարիայի եկեղեցին[4], որը հավանաբար քրիստոնեական առաջին պաշտամունքային կառույցն է եղել միջնադարյան Էլդայում։ 13-րդ դարի վերջում և 14-րդ դարի սկզբում ամրոցի արևելյան ու հարավային պատերի մոտ եղել է գերեզմանոց։ Մեկ հարյուրամյակ անց ամրոցը նշանակալի փոփոխությունների է ենթարկվել. ամրոցի պատերը վերակառուցվել են, որպեսզի ներսում կայազորի ավելի շատ զինվորներ կարողանան տեղավորվել։ Դրանք նաև ամրացվել են։ Այդ ժամանակ ամրոցը եղել է Կոսենտայնայի կոմսերի սեփականությունը։ Հետագայում այդ ընտանիքն աղքատացել է և 1513 թվականի սեպտեմբերի 4-ին ամրոցը վաճառել է Խուան դե Կոլոմային, ով եղել է Կաստիլիայի Ֆերդինանդ II թագավորի ու նրա կնոջ՝ Իզաբելա թագուհու քարտուղարը։

Էլդայի ամրոցը

16-րդ դարում Էլդայի ամրոցը մնացել է դե Կոլոմա ընտանիքի ձեռքում։ Այդ ընթացքում միջնադարյան ռազմական կառույցը վերածվել է դղյակի։ Փոփոխություններ են կատարվել ինչպես շինության արտաքին տեսքում, այնպես էլ ներքին սրահներում։ Վերակառուցվել են մուտքի դարպասները, կառուցվել է կլոր աշտարակ և ջրամբար։ Սակայն ամրոցի ծաղկման շրջանը կարճ է տևում, և 17-րդ դարի սկզբին այն սկսում է անկում ապրել. դե Կոլոմա կոմսերի ֆինանսական դրությունը վատանում է, և նրանք ստիպված են լինում լքել ամրոցը։ Այդ ժամանակից Էլդայի ամրոցն սկսում է աստիճանաբար ավերվել։

19-րդ դարում ամրոցը գտնվում էր վատթար վիճակում։ 1841 թվականին այն անցել է պետությանը, իսկ 1842 թվականին մասմաբ քանդվել է, և նրա քարերն օգտագործվել են Վինապոլո գետի վրա կամուրջ կառուցելու համար։ Փորձ է արվել ամրոցում ստեղծել բանտ, սակայն 1844 թվականին դատարանի որոշմամբ դա արգելվել է, և մի որոշ ժամանակ ամրոցում անցկացվել են թատերական ներկայացումներ ու կատակերգական թատերախմբերի ելույթներ։ 1848 թվականին ամրոցն աճուրդում վաճառվել է 121 հազար ռեալով։ 1866-1886 թվականներին Էլդայի ամրոցը եղել է մասնագիտությամբ շինարար Պեդրո Լեոն Նավառո-ի-Վիդելի սեփականությունը։ Վերջինս հանել է պատերի մարմարյա երեսպատումը, տարել ամրոցի կահույքն ու այնտեղ եղած այլ իրեր՝ ամրոցին պատճառելով անդառնալի վնաս։

1949 թվականի ապրիլի 22-ին Էլդայի ամրոցը հայտարարվել է պատմական հուշարձան[4] և ստացել է RI-51-0010573 գրանցման համարը։ Այդ ժամանակից ի վեր պահպանվում է պետության կողմից։ Չնայած կատարված վերակառուցողական աշխատանքներին՝ ներկայում ամրոցը գտնվում է կիսավեր վիճակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 https://ceice.gva.es/va/web/patrimonio-cultural-y-museos/inventario-general
  3. https://eduwp.edu.gva.es/patrimonio-cultural/ficha-inmueble.php?id=1684
  4. 4,0 4,1 4,2 «Развалины замка Элда». llave.ru. 13 ապրիլի, 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 6 սեպտեմբերի, 2016-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդայի ամրոց» հոդվածին։