Երևանի ավտոդողերի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի ավտոդողերի գործարան խորհրդային և հետխորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն Երևանում։

Կառուցվել է 1942 թվականին՝ ռետինատեխնիկական արտադրանք թողարկող «Արդտեխնիկա» գործարանի բազայի վրա։ Արտադրում է բեռնատար, մարդատար ավտոմեքենաների և գյուղատնտեսական ավտոբեռնիչ մեքենաների դողեր։ Առաջին ավտոդողերը թողարկվել են 1943 թվականի նոյեմբերին։ 1940-ական թվականների վերջերին գործարանը հագեցվել էր խորհրդային մեքենայական-տեխնիկական նոր միջոցներով՝ ռետինախառնիչներով, ավտոկլավներով, գլոցիչներով, ավելացել էր արտադրանքի քանակը։ Միաժամանակ ընդլայնվել էր արտադրատեսակների անվանացանկը, ավտոդողերի հին տեսակները փոխարինվել էին առավել մեծ բեռնաշրջանառության և երկարատև վազքի համար նախատեսված մոդելներով։ 1965 թվականից գործարանն սկսեց թողարկել բեռնատար, մարդատար և գյուղատնտեսական մեքենաների դողերի 10 նոր տեսակ։ 1968-70 թվականներին նախապատրաստական արտադրամասում շահագործման էին հանձնվել բարձր արտադրողականությամբ 2 ռետինախառնիչ, կրկնապատկվել էր ավտոկամերաների արտադրամասի հզորությունը, յուրացվել է «Մոսկվիչ» մարդատար ավտոմեքենայի և գյուղատնտեսական մեքենաների համար նոր ավտոդողերի արտադրությունը։

Խորհրդային ժամանակաշրջանում բացի Երևանի ավտոմոբիլային գործարանի մատակարարը հանդիսանալուց, ավտոդողերի գործարանի արտադրանքն առաքվել է նաև Խարկովի տրակտորային և Կալինինգրադի ավտոբեռնիչների գործարաններ։

Հետխորհրդային տարիներին մասնավորեցվել է «Դողագործ-1» ընկերության կողմից, իսկ 2001 թվականին տվյալ ընկերությունը մասնավորեցվել ու օտարվել էր ամերիկյան «Ջեներալ թրանսուորլդ մանյուֆաքչրինգ քոմփնի» ընկերությանը[1], որի բաժնետերերից մեկն ամերիկահայ գործարար Սարգիս Խրիմյանն էր[2]։ Չնայած գործարանում ներդրումներ կատարելու, աշխատողների հանդեպ կուտակված աշխատավարձի պարտքը վճարելու և, ի վերջո, գործարանը վերագործարկելու ստնանձած պարտավորությանը, ընկերությունը սնանկության գործընթաց էր սկսել[2]։

Լուծարվել է 2008 թվականին[2]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մասնավորեցված «Դողագործ-1»-ն առաջին արտադրանքը կտա դեկտեմբերին». Արմենպրես. 2002 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 Գրիգորյան, Հասմիկ (2014 թ․ փետրվարի 13). «Ավտոդողերի գործարանի նախկին աշխատողները պահանջում են չվճարված աշխատավարձերը». Ազատություն. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 640