Դատական բժշկագիտությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դատական բժշկագիտությունը Հայաստանում, դիակի արտաքին զննման վերաբերյալ տվյալներ Հայաստանում հայտնի են դեռևս IV-V դարերից, երբ որոշվել է ոչ միայն մահվան պատճառը, այլև՝ ինչպիսի հարվածից է առաջացել մահը։

XIII դարից սկսած՝ մարդու անատոմիան և մահվան պատճառներն ուսումնասիրելու նպատակով կատարել են դիահերձումներ։ Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, Ներսես Լամբրոնացու քաղաքացիական օրենքներում հատուկ ուշադրություն է դարձվել սխալ բուժմանը, բժշկի անփութությանը և այլ հարցերի։

XIX դարում Հայաստանում, հանցագործությունների հետ կապված, պարտադիր են եղել ինչպես կենդանի անձանց, այնպես էլ դիակների հետազոտումները։ Դիահերձումներն ունեցել են դատաբժշկական նշանակություն, կատարել են քաղաքացիական և զինվորական բժիշկները՝ քննիչի և ընթերակաների մասնակցությամբ, կազմել են համապատասխան դատաբժշկական փաստաթղթեր։

1846 թվականին հայ բժիշկների նախաձեռնությամբ Կալթա Սերայի (Թուրքիա) բժշկական վարժատանն առաջին անգամ հիմնադրվել է «օրինական բժշկության» (դատական բժշկության) ամբիոն, որտեղ որոշվել են նաև քրեական վիժումների, մանկասպանության և այլ հարցեր։

Հայաստանում, սկսած XVIII դարի 30-ական թվականներից, դիահերձումները, հատկապես բռնի մահերի և հանկարծամահությունների դեպքերում, դարձել են պարտադիր։ ՀԽՍՀ-ում (Հայաստանի Խորհրդային Սահմանադրական Հանրապետություն) 1921 թվականին ստեղծվել է դատական բժշկագիտության փորձագետի առաջին հաստիքային պաշտոնը։

Դատական բժշկությունը գիտական հիմքերի վրա է դրվել 1926 թվականին Երևանի Պետական Համալսարանի բժշկական ֆակուլտետում նույնանուն ամբիոնի հիմևադրմամբ. 1927-1939 թվականներին ամբիոնը ղեկավարել է Ե. Շեկ-Հովսեփյանը (1929 թվականից, միաժամանակ՝ ՀԽՍՀ առժողկոմատի դատաբժշկական գլխավոր փորձագետ)։ Ամբիոնը և հանրապետական դատաբժշկական բյուրոն հետագայում ղեկավարել են Ա. Հովսեփյանը՝ 1939-1953 թվականներ, Ն. Ավագյանը՝ 1953-1989 թվականներ, Շոթա Վարդանյանը՝ 1989 թվականից։

Ամբիոնում հետազոտություններ են կատարվել դատական բժշկության և իրեղեն ապացույցների ուսումնասիրման պատմության (Ե. Մակարյան, Ա. Հովսեփյան), հանկարծամահության հետ մթնոլորտային տարբեր գործոնների կապի (Ն.Ավագյան, Շ. Վարդանյան), մահաբանության (Հ. Թորոսյան), վնասվածքաբանության (Վ. Գրիգորյան, Ռ. Բալայան, Ա. Բաբայան), թունաբանության (Կ. Նազարեթյան, Ա. Գահնապետյան), թմրամոլության (Ռ. Տերտերյան, Ն. Հարությունյան), սեռ. հանցագործությունների (Վ. Մոաայելյան), մահվան ժամկետի որոշման (Մ. Հովհաննիսյան, Ե. Սահակյան), դատական բժշկության մեջ կիրառվող տեխնիկական միջոցների (Լ. Առաքելյան) վերաբերյալ։

1993 թվականին Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դատական բժշկագիտության ամբիոնի և Հանրապետական դատաբժշկական բյուրոյի միավորմամբ ստեղծվել է դատական բժշկագիտության գիտագործնական կենտրոն (ղեկավար՝ ՀՀ ԱՆ գլխավոր դատաբժշկ. փորձագետ Շոթա Վարդանյան)։

Ներկայումս կենտրոնում զբաղվում են մեծածավալ աղետների ժամանակ անձի ինքնության հաստատման, դատական բժշկության մեջ լազերային տեխնիկայի օգտագործման, գազային և խլացուցիչ հրազենի գործադրումից առաջացած վնասվածքների առանձնահատկությունների պարզաբանման, դատական թունաբանության, Հայաստանի Հանրապետությունում բժշկական իրավախախտումների տարբեր խնդիրներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։