Երևանի պետական բժշկական համալսարան
| Երևանի պետական բժշկական համալսարան | |
|---|---|
| Հապավում | ԵՊԲՀ |
| Ռեկտոր | Դերենիկ Դումանյան |
| Իրավաբանական հասցե | Հայաստանի Հանրապետություն, 0025, ք.Երևան, Կորյունի 2 |
| Կայք | www.ysmu.am |
Երեվանի պետական բժշկական համալսարանը («ԵՊԲՀ») ՀՀ բարձրագույն բժշկական հաստատություններից է։ Հիմնադրվել է 1919թ.:[1]Տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ: Անդամակցում է Համալսարանների միջազգային ասոցիացիային[2], Եվրոպայում ատամնաբուժական կրթության, Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիաների անդամ է:[3]
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] Հիմնադրումը
Նախքան Հայաստանի Առաջին Հանրապետությունում համալսարանի հիմնումը հայ ուսանողների թիվը մեծ է եղել Անդրկովկասյան մասնավոր համալսարանում, որը տեղակայված էր Թիֆլիսում: 1919թ. տեղի ունեցած խորհրդակցությամբ քննարկվում է համալսարանը տեղափոխել Երևան: Հանրային խորհրդին ուղղված դիմումի հանրային կրթության նախարարը նշում է.
«Հայաստանում հսկայական է բուժօգնության պահանջարկը... քանի որ եղեռնի, պատերազմի ու ավերածությունների սարսափները վերապրած հայերը ոչ միայն կարիք ունեն խնամակալությանն և բուժման, այլ նրանցից ծնված սերունդը նույնպես կարիք կունենա բուժօգնության: Բժշկական ֆակուլտետի բացումը հետաձգելու հիմք չկա»:
Հայաստանում համալսարանի բացման մասին օրինագիծը նախարարների խորհուրդը հաստատում 1919թ. մայիսի 16-ին: Օրինագծի առաջին և երկրորդ կետերում նշվում է.
«Հիմնել Երևանում համալսարան` հետևյալ 4 բաժիններով` պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական, ֆիզիկամաթեմատիկական... Համալսարանը բանալ 1919-20 ճեմարանական տարում»:[4]
1919թ. մայիս և հունիս ամիսներին տեղի է ունենում համալսարանի բացման հետ կապված 3 խորհրդակցություն` կրթության մատչելիության, ամբիոնների, բժշկական ֆակուլտետի ծրագրերի և այլնի մասին: 1920 թ. հունվարի 31-ին համալսարանը ժամանակավորապես բացվում է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցի շենքում: Հաջորդ ուսումնական տարվանից համալսարանը տեղափոխվում է Երևանի ուսուցչական սեմինարիայի շենք և կոչվում Հայաստանի ժողովրդական համալսարան, իսկ 1922-ից` պետական համալսարան: 1920-ի հոկտեմբերի վերջին նախարարապետ Հ. Օհանջանյանի և հանրային կրթության նախարար Գ. Ղազարյանի ստորագրությամբ ընդունվում է որոշում` «Համալսարանում բժշկական ֆակուլտետի մասին բացման մասին» օրենք, սակայն կյանքի չի կոչվում:[5] 1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից հետո 1921 թ. նոյեմբերի 3-ին Երևանում բացվում է բժշկական կադրերի պատրաստման դպրոց: Իսկ 1922 թ. մարտի 15-ին, ուսումնական կանոնավոր գործընթացի ապահովման համար, Երևանի բժշկական դպրոցի բազայի վրա հիմնվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: Առաջին դեկանը բժշիկ Սպանդարատ Կամսարականն էր, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած էր 6 հոգուց:[6]
[խմբագրել] Խորհրդային տարիներ
1922-27թթ.-ին հիմնականում ավարտվում է ամբիոնների կազմավորումը: 1927-ին բժշկական ֆակուլտետը տալիս է իր առաջին 32 շրջանավարտը: 1930-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ` պետական համալսարանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվում են ինքնուրույն ինստիտուտներ, այդ թվում և` պետական բժշկականը: 1936թ. ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ ինստիտուտին ատենախոսությունների պաշտպանության իրավունք է տրվում: Հայրենական պատերազմի սկզբից Երևան են փոխադրվում Կրասնոդարի և Օրջոնիկիձեի բժշկական ինստիտուտները` ուսանողներով և պրոֆեսորադասախոսական կազմով:
1947թ. ստեղծվում է ուսանողական գիտական ընկերությունը: 1958-ին սկսվում է հրատարակվել «Ապագա բժիշկ» թերթը, որը լույս է տեսնում մինչ օրս: 1957թ. սփյուռքահայերի համար ստեղծվում է արտասահմանցի ուսանողների բաժին: Բժշկական բարձրորակ կադրերի պատրաստման գործում ձեռք բերած հաջողությունների և հիմնադրման 50-ամյակի առթիվ 1980-ին Երևանի բժշկական ինստիտուտը պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Հայաստանի նախարարների խորհրդի 1989թ. մայիսի 25-ի որոշմամբ Երևանի բժշակական ինստիտուտը կոչվում է միջնադարի բժշկապետ Մխիթար Հերացու անունով:
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի օրը` դեկտեմբերի 7-ին, ինստիտուտում ստեղծվում է օպերատիվ շտաբ: Ամեն օր աղետի գոտի են մեկնում ուսանողների 200-250-հոգանոց ջոկատներ: Ինստիտուտում կազմակերպվում է դոնորական կետ:[7]
[խմբագրել] Անկախությունից ի վեր
1992-ին ստեղծված ռազմական ամբիոնի հիման վրա 1994-ին համալսարանի հիմնադրվում է ռազմաբժշկական ֆակուլտետը: 1992-ին համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմավորվում է Ուսանողական խորհրդարանը, որը կարևոր դերակատարություն է ունենում ներբուհական աշխատանքների կազմակերպման գործում: ՀՀ կառավարությունը 1995-ին ինստիտուտին տալիս է համալսարանի կարգավիճակ: Նույն թվականին բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը: 2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի։ Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը կառավարության որոշմամբ 2011-ին միավորվում է բժշկական համալսարանի կրթական համակարգին:[7]
[խմբագրել] Ֆակուլտետներ
Բժշկական համալսարանում գործում են 98 ամբիոն, 6 ֆակուլտետ և ֆակուլտետի կարգավիճակով` օտարերկրացիների ուսուցման դեկանատը, որը հիմնվել է 1957-ին` սփյուռքահայերի ընդունելության նպատակով, ապա 1985թ-ից սկսվել է օտարազգի ուսանողների ուսուցում:
Ընդհանուր բժշկություն ֆակուլտետը կազմվել է 1999-2000 ուսումնական տարում բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետները միավորումից: 1961թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվել է ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1966-67 ուստարում ֆակուլտետը տվել է առաջին 47 շրջանավատը: Ֆակուլտետում սովորում է ավելի քան 800 ուսանող: Դեղագիտական ֆակուլտետը ստեղծվել է 1972-ին: Առաջին շրջանավարտները տվել է 1975-ին: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն ստեղծվել է ՀՀ կառավարության 1994թ. մայիսի 19-ի որոշմամբ: 2011թ. հիմնադրվել է Հանրային առողջության ֆակուլտետը: Բժիշկների, ստոմատոլոգների և դեղագետների պատրաստումն իրականացնում է 2005թ. մասնագիտական ուսուցման ֆակուլտետի վրա հիմնված Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը:[8]
[խմբագրել] Անվանական կրթաթոշակները
Համալսարանի ուսանողները ունեն բացառիկ հնարավորություն ստանալու տարբեր անվանական կրթաթոշակներ: Անվանական կրթաթոշակների թեկնածուները պետք է լինեն բացարձակ գերազանցիկներ, ունենան գիտական աշխատանքներ, տիրապետեն օտար լեզվի և կատարեն հասարակական աշխատանք: Տրվում են հետևյալ անվանական կրթաթոշակները.
- Մխիթար Հերացու անվան
- Ռուբեն Յոլյանի անվան
- Վահան Արծրունու անվան
- Լևոն Հովհաննիսյանի անվան
- Ռուբեն Սևակի անվան
- Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
- Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի
- Ագեյան ընտանեկան հիմնադրամի
- << Հայ համայնքը ՝ հայ ուսանողությանը >> հիմնադրամի
[խմբագրել] Այցելեք նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ «ԵՊԲՀ»։ http://www.yerevan.am/main.php?lang=1&page_id=309։ Վերցված է 24.05.2012։
- ↑ «The complete list of Member Institutions»։ http://www.iau-aiu.net/content/institutions։ Վերցված է 24.05.2012։
- ↑ «ԵՊԲՀ Միջազգային կապեր»։ http://ysmu.am/am/international-arm/international-relations-arm։
- ↑ (1995թ.) Երևանի համալսարան, էջ 58-59.
- ↑ (1995թ.) Երևանի համալսարան, էջ 271-272.
- ↑ Ս.Թորոսյան (04-05.2012). "Բացվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը". Ապագա բժիշկ.
- ↑ 7,0 7,1 «Պատմական ակնարկ»։ http://ysmu.am/am/about-ysmu-arm/history-of-ysmu-arm։ Վերցված է 24.05.2012։
- ↑ «Բժշկական համալսարանի ֆակուլտետները»։ http://ysmu.am/am/faculties։