Գրիգոր Սքանչելագործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Սքանչելագործ
հին հունարեն՝ Γρηγόριος ὁ Θαυματουργός
Դիմանկար
Ծնվել է213[1][2][3]
ԾննդավայրՆեոկեսարիա, Պոնտոս
Մահացել է270[4][1][2]
Մահվան վայրՆեոկեսարիա, Թոքաթի մարզ, Թուրքիա
Կրոնքրիստոնեա
Կրթությունlaw school of Berytus?
Մասնագիտությունքահանա և գրող
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
 Saint Gregory of Neocaesarea Վիքիպահեստում

Գրիգոր Սքանչելագործ (մոտ 210-213, Նեոկեսարիա (Պոնտոս) – 270-273), հույն եկեղեցու նշանավոր հայրերից, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։ Նախաքրիստոնեական անունը՝ Թեոդորոս (Աստվածապարգև)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Սքանչելագործին են պատկանում կամ վերագրվում իր ուսուցիչ Որոգինեսին նվիրված ներբողը (239), «Աստծո չարչարելիության և անչարչարելիության մասին» երկը, «Կանոնական նամակը» (253–254), որը զետեղվել է Հույն եկեղեցու Կանոնական նամակների ժողովածուում։ «Հավատքի շարադրություն» (262–265) դավանաբանական գրվածքը համարվում է նախանիկիական շրջանի ընդհանրական եկեղեցու ուղղափառ դավանության Հավատո հանգանակը։

Գրիգոր Սքանչելագործը առաջին եկեղեցական գրողն է, որը սուրբգրային բնօրինակը թարգմանել է իր ժամանակի հունարենի՝ հավատացյալներին հասկանալի դարձնելու համար։ Գրիգոր Սքանչելագործի երկերի զգալի մասը հայերեն է թարգմանվել V դարում և մեծ ազդեցություն թողել հայ ինքնուրույն մատենագրության ձևավորման վրա։ Միջազգհայրաբանության համար հույժ կարևոր են (միայն հայերենովով պահպանված) ֆրանսիացի հայագետ Ժան Մարտինիի հրատարակած (1883) Գրիգոր Սքանչելագործի ճառերը՝ «Խօսք ի ծնունդն Փրկչի» (հայկական հրատարակչություն՝ 1991, Նյու Յորք), «Յաղագս Մարդեղութեան», «Յաւետիս Աստուածածնի», «Ներբողեան ի Սուրբ Ստեփանոս», «Գովեստ ի Սուրբ կոյսն Մարիամ»։ Հայագետ Ֆրեդերիկ Կոնիբերը 1896 թվականին անգլերեն թարգմանությամբ հրատարակել է մեկ այլ՝ նույնպես միայն հայերենով պահպանված ճառ («Յաղագս Աստուածածնի»)՝ այն վերագրելով Գրիգոր Սքանչելագործին։ Նրա երկերից քաղված հատվածներ են օգտագործվել հայ դավանաբանական մատենագրության մեջ՝ «Կնիք հաւատոյ» ժողովածուում, Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն», Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» գործերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։