Գաուդիոպոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաուդիոպոլիս 1-ը
Գաբոր Շտեհլոն

Գաուդիոպոլիս (Gaudiopolis ՝ Ուրախության քաղաք. կազմվել է լատիներեն gaudiumուրախություն և հին հունարեն πόλις – քաղաք բառերից), ինքնակառավարվող մանկական հանրապետություն, որն ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բուդապեշտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոր Շտեհլոն բուդապեշտցի լյութերական պաստոր էր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հարյուրավոր հրեաների էր փրկել գերմանական ու հունգարական ֆաշիստների հալածանքներից[1][2][3]։ 1945 թվականի մարտ ամսին էլ Բուդապեշտի համեմատաբար քիչ վնասված մասում՝ Բուդայում, Budaskeszi Út լքված վիլլայում հիմնադրել է ճամբար՝ անապաստան մնացած, հարազատներին կորցրած, որբացած, հրեա կամ այլ ազգության պատկանող երեխաների համար[4][5]։

Քանի որ ապաստան փնտրող մանուկների թիվն անընդհատ ավելանում էր, հարևանությամբ գտնվող լքված վիլլաները նույնպես ժամանակի ընթացքում զբաղեցվել ու օգտագործվել են նրանց ապաստան տրամադրելու նպատակով։ Այստեղ երեխաները ապաստանից ու սննդից զատ՝ ստացել են նաև կրթություն, որն ապահովվել է իդեալիստ ուսուցիչների ջանքերով[4][5]։ Պաստոր Շտեհլոն ցանկանում էր, որ երեխաները հաղթահարեն հասարակական սահմանափակումները, մեծանան ու դառնան անկախ և քննադատաբար տրամադրված քաղաքացիներ[4][5]։

1945 թվականի նոյեմբերին, երբ ապաստանած երեխաների թիվն անցել էր 200-ից, պաստոր Շտեհլոն գլխավոր վիլլայի ընդունարանում անց է կացրել ընդհանուր ժողով, ժողովականներին առաջարկել, որ հանրապետություն հիմնեն, ու ինքը լքել է սենյակը։ Մանուկները քննարկել են սահմանադրություն ունենալու, դրանում կրթության իրավունքն ապահովելու և պատերազներն արգելելու վերաբերյալ կետերը պարտադիր կարգով ներառելու հարցերը[4], անց են կացրել ընտրություններ. գաղտնի քվեարկության արդյունքներով պաստոր Շտեհլոն ընտրվել է նորաստեղծ հանրապետության պատվավոր նախագահ[4]։

Նկատի առնելով, որ հանրապետությունում հաճախակի բռնկվող կոնֆլիկտների հիմնական պատճառները երեխաների ծանր ապրումներն են, ընկճվածությունը, զբաղմունքի բացակայության հետևանքով առաջացած ձանձրույթը՝ բացել են ատաղձագործաան, փականագործական, կարի արհեստանոցներ, պարբերաբար կազմակերպել պարահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսություններ, ճանաչված գրողների, գիտնականների, արվեստագետների հետ հանդիպումներ[4]։

1950[5][6] կամ 1951 թվականին[3][4] ստալինյան վարչակարգի ջատագով Մատիաշ Ռակոշիի կարգադրությամբ մանուկների ապաստարան ծառայած տունը պետականացվել է, գաուդիոպոլիսյան նախագիծն էլ փակվել։ Գաուդիոպոլիսի նախկին բնակիչներից շատերը մեկնել են արտասահմանյան տարբեր երկրներ, դարձել հաջողակ գործարարներ, բժիշկներ, գիտնականներ, փաստաբաններ, պաստորներ... Նրանցից են Նոբելյան մրցանակի դափնեկիր, քիմիկոս Ջորջ Օլահը, լոնդոնցի գրող, ժուռնալիստ Մատիաշ Սարկոզին...[4]: Նախկին գաուդիոպոլիսցիները ավանդաբար ամեն տարի հավաքվում են, հիշում անցյալը, հարգանքի տուրք մատուցում պաստոր Շտեհլոյին՝ այցելելով նրա շիրմին[4]։

Այսօր Բուդապեշտի 12-րդ շրջանում՝ Budakeszi út 48 հասցեում գտնվող տան պատին փակցված հուշատախտակը հավերժացրել է հետպատերազմյան շրջանի պատմության գաուդոպոլիսյան հիշարժան դրվագը։ 2018 թվականի սկզբից մինչև այդ տարվա հունիսի 1Լայպցիգում՝ Galerie für Zeitgenössische Kunst (GfZK) պատկերասրահում կազմակերպվել է Gaudiopolis – Versuch einer guten Gesellschaft. (Գաուդիոպոլիսը՝ լավ հասարակություն կառուցելու փորձ) խորագրով ցուցահանդես[7]։

Գեղարվեստական կինոնկարներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Somewhere in Europe / It Happened in Europe, Film von Géza Radványi, 1948 (Irgendwo in Europa)[8]
  • Gaudiopolis – In memoriam Sztehlo Gábor, TV-Film, 96 min, Film von Erika Szántó[9]

Բեմականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gaudiopolis Stadt der Freude -ein Performativer Museumsrundgang[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sztehlo, Gabor» (PDF). Yad Vashem - The World Holocaust Remembrance Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  2. «Rescuer of Jewish children during WWII – Gabor Sztehlo Lutheran Pastor». pueblodedioslutheranchurch. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  3. 3,0 3,1 «Short biography of Gabor Sztehlo» (PDF). Gabor Sztehlo Foundation for the Support of Children and Youth. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Amjahid, Mohamed (2016 թ․ սեպտեմբերի 8). «Kinder an der Macht». Zeitmagazin (German) (38): 68–78.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Fenyvesi, Charles (2003). When Angels Fooled the World: Rescuers of Jews in Wartime Hungary. The University of Wisconsin Press / Dryad Press. էջ 201. ISBN 029918840X.
  6. Gann, Christoph. «Sztehlo, Gábor». Searching for Raoul Wallenberg. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  7. Konstantin Nowotny: Kinder an die Macht. In: Der Freitag, Nr. 12, 22. März 2018
  8. Irgendwo in Europa (1947), auf imdb.com
  9. Gaudiopolis - In memoriam Sztehlo Gábor (1989), auf imdb.com
  10. Gaudiopolis Video Stream Aufzeichnung von Juni 2018, auf gaudiopolis.at

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (en) Gábor Sztehlo, In the Hands of God, Publisher: Gabor Sztehlo Foundation (1994), ISBN 978-9630441483
  • (en) Charles Fenyvesi: When Angels Fooled the World: Rescuers of Jews in Wartime Hungary, The University of Wisconsin Press / Dryad Press 2003, ISBN 0-299-18840-X – zu Gaudiopolis und Gábor Sztehlo: S. 200 ff.
  • (en) Samuel Boussion, Mathias Gardet, Martine Ruchat: Rebuilding a World Devasted by War – Bringing Everyone to Trogen: UNESCO and the Promotion of an International Model of Children's Communities after World War II / in: The History of UNESCO, Global Actions and Impacts, Poul Duedahl (Hrsg.), Palgrave / Macmillan 2016, ISBN 978-1-349-84528-6, ISBN 978-1-137-58120-4 (eBook) – zu Gaudiopolis: S. 101

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]