Գալուստ Նաճարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալուստ Նաճարյան
Ծնվել է1856
ԾննդավայրՄարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվար, 1920
Մահվան վայրՄարաշ
Ազգությունհայ
ԿրթությունՄարաշի աստվածաբանական ճեմարան,
Այնթապի բժշկական վարժարան,
Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՄա­րա­շի գեր­մա­նա­կան հի­վան­դա­նո­ց

Գալուստ Նաճարյան (1856, Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն- հունվար, 1920, Մարաշ), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1856 թվականին Օսմանյան կայսրության Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում։ Մայրենի լեզվի նախնական ծանոթությունն ստացել է մի ոստայնանկի մոտ աշխատելու ընթացքում։ Նախնական կրթությունն ստացել է թաղային ազգային վարժարանում։ Ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը, այնուհետև մեկ տարի սովորել Մարաշի աստվածաբանական ճեմարան,ապա՝ է Ամե­րի­կյան մի­սի­ո­նե­րա­կան հաս­տա­տու­թյան («Պորտ») Այնթապի նորաբաց բժշկական վարժարանում։ 1888 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1888 թվականին Կ. Պոլ­սում հանձնել է պետական քննությունները և բժշկի վկայական ստացել։ Այնուհետև հաստատվել է Մարաշում և զբաղվել բժշկությամբ։

1895 թվականի Մարաշի հայկական կոտորածների ժամանակ մեկնել է Շոտլանդիա և կատարելագործվել Էդինբուրգի բժշկական համալսարանում։ Մասնագիտական գիտելիքներով հարստացած՝ վերադարձել է ծննդավայր և Մարաշի գերմանական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ նշանակվել։ Շուրջ 40 տարի առանց ցեղի ու կրոնի խտրականության բարեխղճորեն բուժել է քաղաքի բնակչությանը։ 1920 թվականի հունվարին՝ Մարաշի հայկական կոտորածի ժամանակ, սրախողխող է արվել իր ընտանիքի ու զավակների հետ միասին՝ 64 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։