Բույսերի ոչ վարակիչ հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի ոչ վարակիչ հիվանդություններ, ախտաբանական երևույթներ, որոնք առաջանում են բույսերի համար անբարենպաստ էկոլոգիայի գործոնների զուգակցումից՝ օդի և հողի խոնավության ավելցուկ կամ պակաս, մարդու սխալ գործունեություն (թունաքիմիկատների սխալ կիրառում, օդի աղտոտվածություն, բարձր և ցածր ջերմաստիճաններ և դրա կտրուկ տատանում և այլն)։

Հիվանդության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատճառագիտության լինում են` սնուցախանգարումային, մեխանիկական վնասվածքներից և բույսերի ճառագայթահարումից առաջացած հիվանդություններ և այլն։

Սնուցախանգարումային հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնուցախանգարումային հիվանդությունները կապված են բույսերի հանքանյութերի սնուցման ռեիժմի խանգարումների (սննդանյութերի, հողի խոնավության ավելցուկի կամ անբավարարության, բարձրթթվայնության կամ հիմնայնության) հետ։ Օրինակ՝ հողում ազոտի, ֆոսֆորի, կալիումի, երկաթի և այլնի անբավարարությունն առաջացնում է ցորենի, եգիպտացորենի, շաքարի ճակնդեղի, կտավատի և այլ մշակաբույսերի քլորոզ, բորի պակասությունը՝ վուշի բակտերիային հիվանդություններ, շաքարի ճակնդեղի՝ ֆոմոզով վարակում, ազոտի ավելցուկը հանգեցնում է ընձյուղների և ճյուղերի սերտաճման՝ լայն ու տափակ քուղանման գոյացությունների առաջացման։ Հողի բարձրթթվայնությունը երեքնուկի զանգվածային թառամման հիմնական պատճառն է, ավելցուկի խոնավությունն առաջացնում է ցանքերի խոնավահարություն։ Անբարենպաստ ջերմաստիճանի ազդեցությամբ առաջանում են ծիլերի խանձում, սմքուք, հատիկասմքուք, աշնանացանի ցրտահարություն, ցանքերի շերտահեռացում և չորացումներ, այրվածքներ, ցրտահարություններ և այլն։

Անբարենպաստ լուսային ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անբարենպաստ լուսային ռեժիմի դեպքում առաջանում են լյումոպաթիաներ․ լույսի անբավարարությունն առաջացնում է դալկություն, ծիլերի չորացում, լույսի ավելցուկի դեպքում՝ լուսասինթեզի թուլացում։ Բույսի հասունացման փուլում ջրի ավելցուկի դեպքում (երկարատև անձրևոտ եղանակին) հաճախակի են պտուղների և սերմերի արտահոսությունը։

Մեխանիկական վնասվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխանիկական վնասվածքները հանգեցնում են բույսերի առանձին հյուսվածքների և օրգանների քայքայման, գետնամածության, նպաստում վարակիչ հիվանդությունների զարգացմանը։

Բույսերի ճառագայթային հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի ճառագայթային հիվանդություններն ի հայտ են գալիս իոնացնող ճառագայթների ազդեցությամբ։ Հողում ճառագայթաակ տիվնյութերի առկայությամբ տարածաշրջաններում բույսերի ճառագայթումը ախտահարում դիտվում է, երբ ճառագայթումը հարյուրավոր անգամներ գերազանցում է բնականոն ֆոնը։ Սովորաբար թույլ ճառագայթահարումը (մինչև 400 Ռենտգեն) բույսերի աճը դանդաղեցնում է, դիտվում են սերմերի ու բողբոջների թեր զարգացում, ծաղիկների անպտղություն։ Ուժեղ ճառագայթահարված (2000 Ռենտգենից բարձր) բույսերի աճը դադարում է, բույսերը թառամում ու չորանում են։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի աճման ու զարգացման համար անբարենպաստ գործոնների վերացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։